
Արսեն Բաբայանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի վաղը` հոկտեմբերի 24-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ` ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանքի միջնորդության և ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի գործով որոշում կայացնելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Վերջինս նշեց, որ Բաբայանի ձերբակալման դեմ իրենց բողոքն ու նրան կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը քննվել են միասին, և դրանց վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը ` հոկտեմբերի 24-ին ժամը 12:00-ին:
Պաշտպանը նշեց, որ դատական նիստի ընթացքից գոհ է, քանի որ հաստատվել է իրենց պնդումն այն մասին, որ չեն եղել Բաբայանին ձերբակալելու հիմքեր, և չկա հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է վերագրվող արարքները: Վարոսյանը հայտնեց, որ չնայած իրենց պնդմամբ Բաբայանին կալանավորելու հիմքեր առհասարակ չկան՝ ներկայացրել են նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոց համարվող գրավի միջնորդություն: Պաշտպանները գրավի գումարի չափ չեն առաջարկել:
Վարոսյանն ասաց, որ Բաբայանը նիստին մասնակցել և ելույթ է ունեցել:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն:
Բաբայանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մեկնաբանել