HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստեղծել են շահերի պաշտպանության կոմիտե եւ պատրաստվում են բացել հկ

Ծերերի եւ հաշմանդամություն ունեցող անձանց «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 71 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը կլուծարվեն հոկտեմբերի 31-ին: Պետական կառույցն եւս լուծարվում է, իսկ ծառայությունները արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության այս որոշումը, որ հոկտեմբերի 16-ին բանավոր, իսկ հաջորդ օրը գրավոր ներկայացվել էր տուն-ինտերնատի հանրույթին, բողոքի ալիք էր բարձրացրել ոչ միայն աշխատակիցների, այլեւ շահառուների շրջանում. նրանցից մեկն անգամ հացադուլ էր հայտարարել: 

Հոկտեմբերի 22-ին, Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու Գեւորգ Սուլուկյանը հայտարարեց, որ ստեղծել են աշխատակիցների շահերի պաշտպանության կոմիտե:

«Եթե նայենք իրավական տեսանկյունից, ապա ամեն ինչ կարծես թե արված է օրենքի տառին համապատասխան: Բայց եթե իրավունք բառը փոխարինենք շահ բառով, այստեղ միանշանակ կարող եմ ասել, որ աշխատողների շահերը հաշվի առնված չեն, հատկապես կենսաթոշակային տարիքի աշխատակիցներինը»,- նկատում է Գեւորգ Սուլուկյանը՝ հավելելով, որ ապագա կազմակերպությունն ընտրվելու է բաց մրցույթի արդյունքում, սակայն ժամկետները սեղմ են եւ տուն-ինտերնատի աշխատակիցների կողմից հասարակական կազմակերպություն բացելու եւ մրցույթին մասնակցելու շանսերը քիչ են:

«Երբ ասացինք, որ պատրաստվում ենք մասնակցել մրցույթին, մեզ հեգնանքով պատասխանեցին՝ փորձեք: Մենք էլ ենք հասկանում, որ այս կարճ ժամանակահատվածում դժվար է լինելու մրցունակ ծրագիր ներկայացնել, գտնել գործընկերներ, որ ներդրում անեն, սակայն միեւնույն է, փորձելու ենք,- նշում է Գեւորգ Սուլուկյանը, - կոմիտեն պաշտպանելու է ոչ միայն աշխատակիցների, այլեւ ինտերնատում խնամվողների շահերը»:

«Գյումրու տուն-ինտերնատ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանի փոխանցմամբ՝ նման խառնաշփոթ չէր ստեղծվի, եթե լուծարման մասին լուրը ստանալուց առաջ լինեին քննարկումներ: «Որ մեր կառույցը պիտի լուծարվեր, ինձ հայտնի էր դեռեւս հուլիս ամսին, բայց մանրամասներ չգիտեի: Առաջին անգամ ասեցին, որ սպասվում է փոփոխություն եւ կա ծրագիր, հաջորդ խորհրդակցությանն արդեն ասեցին, որ ծրագիրը հավանաբար կիրականացվի մինչեւ տարեվերջ, եւ վերջին իրազեկումը, որ այս ծրագրի արդյունքում կլինեն արմատական փոփոխություններ: Հոկտեմբերի 21-ին ինձ կանչել էին նախարարություն, որտեղ եղել է զրույց աշխատակազմի քարտուղարի հետ, որն ավելի շուտ որոշ հարցերի պարզաբանում էր՝ կապված տուն-ինտերնատում բարձրացած բողոքի ալիքի հետ: Ես հիմա էլ, ինչպես եւ 5 օր առաջ, չունեմ մեր կոլեկտիվին հուզող հարցերի պատասխանները»,- ասում է Արմեն Սարուխանյանը:

Տուն-ինտերնատի 71 աշխատակցից 21-ը կենսաթոշակային տարիքի են: Մտավախություն կա, որ աշխատանքային պայմանագիրը լուծարելուց հետո վերջիններս կդառնան գործազուրկ եւ նոր կազմակերպության հետ չեն աշխատի: Տուն-ինտերնատի աշխատակիցները աշխատանքից ազատվելու ծանուցումները չեն ստորագրել: 

«Մեզ լուծարում են պատճառաբանելով, որ մատուցվող ծառայությունների որակն անբավարար է: Ասում են, որ դրանց շրջանակը պետք է ընդլայնվի, սակայն չեն հստակեցնում, թե ինչ ասել է ծառայությունների լայն շրջանակ եւ ինչպիսի որակի մասին է խոսքը,- նկատում է Արմեն Սարուխանյանը,- գուցե այն խնդիրները, որ տեսնում էին նախարարությունում, առաջարկվեր շտկել ՊՈԱԿ-ին, գուցե մենք կբավարարեինք այդ պահանջները: Օրինակ՝ փոխնախարար Գեմոֆին Գասպարյանը դիտողություն արեց խոհանոցի հետ կապված, բայց ինքը չգիտեր, որ մենք որոշել ենք փոխել աշխատելաոճը եւ խոհանոցային ծառայությունները հանձնել որեւէ կազմակերպության: Բայց դե մեզ այլեւս չեն հարցնում, թե ինչ ծրագրեր ունենք: Որքան հասկանում եմ, արդեն իսկ կա ընտրված կազմակերպություն եւ մրցույթի հաղթողն էլ կանխորոշված է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter