
Կառավարությունն արտոնություն տվեց Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստին արտոնություն տվեց նախկին պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ-մաազա» ընկերությանը։ Մասնավորապես՝ ընկերությանը թույլատրվեց հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկրել ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկը 3 տարի անց վճարելով։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հաղորդմամբ՝ ԱԱՀ-ի վճարման գումարը կազմում է 16․4 միլիոն դրամ։
Նշենք, որ «Սիլ-մաազա» ընկերությունը «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»-ի ընկերությունների խմբի մաս է կազմում։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ «Սիլ-մաազա» ՍՊԸ-ն զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։
«Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր շշերի կաղապարներ և պատրաստվում է ձեռք բերել նոր, ավելի մեծ արտադրողականություն ունեցող շշալցման հոսքագիծ, որը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրատեսականին և կնպաստի նախատեսված ներկրվող ապակյա շշերով շշալցման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպմանը»,- հայտնել է նախարարությունը։
«Սիլ-մաազա» ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 119 միլիոն դրամի ներդրում՝ խոստանալով ստեղծել 17 նոր աշխատատեղ։
Մեկնաբանել