HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Գրիգորյանի բողոքը քննող դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունն ու ինքնաբացարկ հայտնեց նրա բողոքի գործով:

Մաթևոսյանին մակագրվել էր Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը: Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելիս քննիչի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու փաստի առթիվ:

Նշենք, որ Գրիգորյանի աշխատասենյակում առգրավում է կատարվել, կնքվել է նրա աշխատասենյակն, ապա Երևանի դատարանի որոշման հիման վրա իրականացվել խուզարկություն: ԱԱԾ-ն, քննության առարկա դարձնելով Գրիգորյանի հաղորդումը, գտել է, որ առկա չեն քրեական գործ հարուցելու հիմքեր, և այս որոշումը բողոքարկվել է դատարան:

Այսօրվա նիստի մեկնարկին Գրիգորյանի պաշտպաններ Գեորգի Մելիքյանն ու Երվանդ Վարոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանին:

Ինքնաբացարկի հիմքում այն հանգամանքն էր, որ Աննա Մաթևոսյանն է թույլատրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնել և թույլտվության որոշում կայացնելով՝ օրինական համարել քննիչի կողմից Գրիգորյանի աշխատասենյակում մինչ այդ իրականացված գործողությունները։

«Դուք, Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլատրություն տալով, օրինական եք համարել քննիչի կողմից մինչ այդ իրականացված գործողությունները։ Խուզարկություն կատարելու որոշման պահին Գրիգորյանը եղել է փաստացի մեղադրյալի կարգավիճակում, և նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում՝ առանց ԲԴԽ համաձայնության, ինչի պայմաններում դուք բավարարել եք նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու միջնորդությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Պաշտպանը հարց բարձրացեց նաև, թե ինչպե՞ս է արհեստական բանականություն ունեցող համակարգիչն իրենց բողոքը ևս մակագրել նույն դատավորին, եթե դրանում առկա չէ մարդկային գործոն:

«Համակարգիչը սկսել է մարդուն բնորոշ որոշումներ կայացնել»,- ասաց Վարոսյանը: Ըստ պաշտպանների՝ այս հանգամանքները հաշվի առնելով՝ իրենք գտնում են, որ դատավոր Աննա Մաթևոսյանը չի կարող անաչառ քննել իրենց բողոքն ու անկողմնակալ որոշում կայացնել։

Գործով դատախազ Էդգար Արսենյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանները հիմնավոր փաստարկներ չներկայացրին։ Դատարանը, խորհրդակցական սենյակ հեռանալով, որոշեց բավարարել պաշտպանների միջնորդությունն ու ինքնաբացարկ հայտնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ԲԴԽ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել են: Մինչև լիազորությունների կասեցումը Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր:

Մայիսի 18–ին նա որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան:

 

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter