HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ադրբեջանում ձերբակալվել են իրանամետ լրագրողները և իսլամական կուսակցության ակտիվիստները

Իրանի և Ադրբեջանի միջև վերջին ամիսների լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է աճում: Փետրվարի 18-ին ձերբակալվել է իրանական հեռուստաալիքներից մեկի հատուկ թղթակից Անար Բայրամլին: Նրա մոտ «հայտնաբերվել» է 4 գրամ հերոին տեսակի թմրանյութ:

Նույն օրը Սումգայիթում ձերբակալվել է նաև Ադրբեջանում իրանական հեռուստատեսության ներկայացուցչության վարորդ Ռամիլ Դադաշևը: Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի քարտուղար Աբաս Իսկենդերին հայտարարել է, որ ձերբակալությունները որևէ իրավական հիմք չունեն և վնասում են երկկողմ միջպետական հարաբերություններին:

Մինչդեռ Ադրբեջանում սկսվել է նաև պաշտոնապես չգրանցված իսլամական կուսակցության ակտիվիստների ձերբակալությունների ալիք: Այդ քաղաքական ուժը համարվում է իրանամետ, և ձերբակալությունները իրականացվում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից:

Ըստ այդմ, օրերս Բաքվի մոտ գտնվող Բինա ավանում ձերբակալվել է տեղի շիաական մզկիթի հոգևորականներից մեկը, որը հայտնի աստվածաբան է և կրթություն է ստացել Իրանում: Փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը կալանքի է վերցվել իսլամական կուսակցության ղեկավար մարմնի անդամ Նաթիկ Քերիմովի եղբայրը' Նիյազի Քերիմովը:

Վերջին 3 օրերի ընթացքում ձերբակալված իսլամական կուսակցության ակտիվիստների թիվն արդեն անցնում է 15-ից: Ձերբակալություններն ընդգրկում են Ադրբեջանի համեմատաբար խոշոր քաղաքները: Անվտանգության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի տալիս այս կապակցությամբ: Ենթադրվում է, որ պաշտոնական Բաքուն որոշել է «սեղմել» իրանամետ տարրերին' Թեհրանին իր վճռականությունը ցուցադրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter