HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեդրակ Առուստամյանը եկավ դատարան. սկսվեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ սկսվեց «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը:

Առուստամյանը մասնակցում է նիստին: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հարցին՝ պատրա՞ստ եք կալանք կրելու, եթե դատարանը նման որոշում կայացնի, Առուստամյանը պատասխանեց՝ «ամեն ինչի էլ պատրաստ եմ»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել մոտ մեկ ամիս առաջ:

Դատարանը, սակայն, որոշել էր նրան 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով  կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter