HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուբեն Օսիպյան. «Պետք է բիզնեսին շահագրգռել անցում կատարել անկանխիկ գործարքներին, ոչ թե՝ պարտադրել»

Ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանի կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկում է գործող բոլոր խանութներին ու սպասարկման այլ վայրերին պարտավորեցնել վճարային քարտ ընդունող սարքեր (ՊՈՍ-տերմինալ և այլ նմանատիպ սարքեր) տեղադրել, որպեսզի հաճախորդներն այդ վայրերում կարողանան վճարումներ կատարել նաև բանկային քարտերի միջոցով։ Այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի ԱԺ-ում։ Երեկ էլ ԱԺ-ն ընդունեց անկանխիկ գործարքներին առնչվող մեկ այլ նախագիծ, ըստ որի՝ Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը եկող տարվանից պետք է պարտադիր անկանխիկ եղանակով կատարվի։ «Հետք»-ը  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի հետ զրուցել է այս նախագծերի և փոքր ու միջին ձեռնարկություններին առնչվող այլ հարցերի շուրջ։

Պրն Օսիպյան, մի շարք տնտեսվարողներ դժգոհություններ ունեն ԿԲ-ի առաջարկած նախագծի հետ կախված։ Մասնավորապես, ի՞նչն է անհանգստացնում ՓՄՁ-ներին։ 

Զուտ իմ նեղ հիմնական գործունեության շահերից բխում է անկանխիկ վճարումների մշակույթի զարգացումը և ընդհանրապես, որպես ՏՏ  ոլորտի ներկայացուցիչ, անկանխիկ գործունեությանը դրական եմ վերաբերում։ Այդ ամենը նպաստելու է առաջադիմական մեթոդների կիրառմանը։ Օրինակ՝ Չինաստանում հիմա կանխիկ գործարքներ շատ քիչ են կատարվում և այդ ամենը նպաստել է այդ երկրի զարգացմանը։ Բայց Հայաստանում այս նախագծի հետ կապված խնդիրներ կան։ Այդ նախագիծը կազմելիս շատ տրամաբանական կլիներ բիզնես հատվածի հետ խորհրդակցելը։ Բոլորս էլ հասկանում ենք անկանխիկ գործարքների ավելացման դրական կողմերը, բայց նաև պետք է խոչընդոտները հաշվի առնվեն։ Պարզ թվերով օրինակ՝ ՓՄՁ-ների մեծ մասն աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Շրջանառության հարկի դրույքը 5% է այսօր, այսինքն՝ հասույթից այդքան հարկ է վճարվում։ Բանկային քարտերի անկանխիկ վճարումների դեպքում միջնորդավճարը 1.5-2.5% է։ Ստացվում է, որ այդ բիզնեսի հարկի կեսի չափով  տնտեսվարողը վճարելու է բանկին՝ որպես անկանխիկ գործարքի միջնորդավճար։ Ընդ որում՝ ես նաև բանկերին չեմ մեղադրում, քանի որ այդ գումարների մի մասն էլ ուղղվում է Master և Visa համակարգերին։ Այսինքն՝ սա լրացուցիչ բեռ է լինելու ՓՄՁ-ների համար։ Համաշխարային միտումները ցույց են տալիս, որ բանկային քարտերը, բանկային դասական ծառայությունները կամաց-կամաց դուրս են գալիս շուկայից, որովհետև իրենց շահութաբերությունն էապես ցածր է։ Քարտերին փոխարինում են օն-լայն վճարումների համակարգերը, որոնք բանկային քարտերի հետ կապ չունեն։ Իմ կարծիքով՝ մենք էլ ենք կանգնած այդ հեղափոխական փոփոխությունների շեմին։ Եվ չի բացառվում, որ այս նախագծով փորձ է արվում առայժմ երկարեցնել բանկային քարտերի կյանքը։ 

ԿԲ-ն հիմնավորում է, որ անկանխիկ գործարքների ավելացումը էապես կնպաստի ստվերի կրճատմանը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է ավելացել անկանխիկ գործարքների կշիռը, որ ՓՄՁ-ները չտուժուն։

Այստեղ պետք են համալիր լուծումներ։ Պետք է մեկ տեղում հավաքել ԿԲ-ի, առևտրային բանկերի և բիզնեսի ներկայացուցիչներին ու քննարկել, հասկանալ, թե որն է ամենաարդյունավետ լուծումը։ ԿԲ-ն դա չի արել։ Այսինքն՝ համատեղ լուծում մշակել, որը կբխի և՛ բիեզնեսի շահերից, և՛ բանկերի, և՛ ընդհանուր տնտեսության։ Գուցե, պետք է հաշվարկել, թե տնտեսվարողը որքան գումար է ծախսում կանխիկ աշխատելու պարագայում, երբ ստիպված է վարձել դրամարկղի կամ դեբիտորական-կրեդիտորական պարտքերի ամփոփումը վարող մասնագետ։ Եվ, կարող է պարզվել, որ այդ մասնագետին ավելի շատ գումար է վճարում, քան կվճարի բանկերին անկանխիկի անցնելու պարագայում։ Կամ գյուղերում չկան համապատասխան ենթակառուցվածքները՝ բանկոմատները, ինչպե՞ս ենք այդ վայրերում կազմակերպելու անկանխիկ գործարքները։ Պետք է բիզնեսին շահագրգռել անցում կատարել անկանխիկ գործարքներին, ոչ թե՝ պարտադրել։ Օրինակ՝ կարող է այնպես լինել, որ եթե քո գործարքները լրիվ անկանխիկ են, քո ռիսկայնությունը հարկայինի ստուգման դեպքում էապես նվազում է, կամ եթե դու անկանխիկ ես աշխատում, դա դրական է ազդում քո վարկային պատմության վրա, կամ եթե տարվա ընթացքում որոշակի քանակությամբ բիզնեսներ անցնում են անկանխիկի, ԱրՔա համակարգի սակագները կնվազեն և այլն։ Հազարավոր տարբերակներ կան։ Իմ կարծիքով՝ պարտադրանքն այնքան էլ արդյունավետ չէ։ Պետք է այնպես անել, որ լավ նկրտումներով նախագծերը հակառակ էֆեկտը չստանան։ Մենք առաջիկայում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ քննարկում կունենանք անկանխիկ գործարքների մասին։ Կփորձենք ինչ-որ լուծումներ գտնել։ 

Երեկ ընդունվեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը: Ինչպե՞ս եք այն գնահատում։

Այստեղ ևս ռիսկեր կան։ Օրինակ՝ եթե աշխատակցի հաշիվները սառեցված են հարկադիր ծառայության կողմից, նա անկանխիկ եղանակով չի կարողանալու ստանալ իր աշխատավարձը։ Մի քանի ամիս է պետք, որ այդ հարցերը լուծվեն։  Բայց կարծում եմ, որ ավելի առաջադեմ է անկանխիկ եղանակով աշխատավարձերի վճարումը։ Մի օր պետք է հասնենք նրան, որ բոլորը վճարեն անկանխիկ։ Սրան, իհարկե, կարող են դեմ լինել այն տնտեսվարողները, որոնք խուսափում են հարկերից, աշխատողներին չեն գրանցում։ 

Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն այսօր ի՞նչն է խոչընդոտում։

Այդ խոչընդոտների մի մասը կապված է պետության հետ, մյուս մասը՝ զուտ ՓՄՁ-ների ներսում է։ Սկսեմ ՓՄՁ-ների ներքին հարցերից։ Այստեղ բավականին ցածր է եկամտաբերությունն ու շահութաբերությունը։ ՓՄՁ-ների մեծ մասը զբաղվում են առևտրով և մեծ մասը Երևանում են։ Եթե չեմ խալվում՝ մոտ 70%-ը։ Առևտրով զբաղվելը նշանակում է, որ ՓՄՁ-ն աշխատում է միայն ներքին շուկայում, շուկան սահմանափակ է, գերմրցակցային և շահութաբերության նորմաները ցածր են։ Այս ոլորտում ո՛չ նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, ո՛չ նոր պրոդուկտներ, որը չի նպաստում երկրում առողջ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Բացի այս կառուցվածքային խնդիրներից, ՓՄՁ-ների մոտ 10%-ն է միայն նորամուծություններ անում իր բիզնեսում։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների ներդրման մասին է, այլ գաղափարների, օրինակ՝ նոր մարքեթինգ, նոր գովազդի կիրառում և այլն։ Մեր տնտեսվարողները պարզ գրագիտության խնդիր ունեն։ Սա խիստ կրիտիկական է։ Աշխատավարձերն էապես ավելի ցածր են ՓՄՁ ոլորտում, քան ավելի խոշոր կազմակերպություններում, ինչն էլ մասնագիտական ավելի ցածր մակարդակի հետևանքն է մեծամասամբ։ Իհարկե, դա բոլորին չի կարելի պիտակավորել, բայց ընդհանուր պատկերն այդպիսին է։ ՓՄՁ-ի ղեկավարից խիստ կախված է այդ կազմակերպության հաջողությունը։ Մարդը ոչ թե պետք է բողոքի, որ հարկայինն  իրեն տուգանել է, կամ որ իրեն ֆինանսական միջոցները հասանելի չեն, այլ՝ իրազեկման տարբեր միջոցներով փորձի հասկանալ, թե ինչպես կարող է ավելի շահութաբեր դարձնել իր բիզնեսը։ Օրինակ՝ այսօր բոլորս խոսում ենք տուրիզմի զարգացման մասին, հիմա առևտրով զվաղվողներից քանի՞սն են մտածել թողել առևտուրն ու մարզային փոքր հյուրատներ հիմնել։ Այս բոլոր խնդիրները ՓՄՁ-ների ներսում են։ Մեզ մոտ տարածված է բոլոր մեղքերը բարդել հարկային մարմինների վրա։ Բայց իրականում պատճառները նաև բիզնես վարելու ունակությունների պակասից են գալիս։

Մենք նաև խնդիր ունենք համախբման։ Երբ հարկայինը տուգանում է և տնտեսվարողը համոզված է, որ ինքն է ճիշտ, պետք է միասին կռիվ տանք։ Բայց երբ տնտեսվարողն այդ դեպքում հարկային տեսուչի հետ համաձայնության է գալիս, այդ թվում՝ կաշառք տալով, ինքն այլևս պատրաստ չէ այդ կռվին։ Իսկ կոնսոլիդացիա ասվածը ոչ միայն ինչ-որ միությանն անդամագրվելն է, այլև՝ քո շահերը բարձարձայնելը, չզլանալը պետության հետ կռիվ տալու հարցում և ի վերջո այդ ընթցակարգերը շտկելն ու լավացնելը։ Եթե ամեն մեկս մեր ձևով լուծում տանք խնդիրներին և չհամախմբվենք, ոչինչ էլ չի փոխվի։ Կարծում եմ, որ այս մշակույթը բիզնես միավորումների մեջ պետք է զարգանա։ Աշխատողներն էլ պետք է միավորվեն արհմիությունների շուրջ, որ մի կողմից պաշտպանվեն գործատուների շահերը, մյուս կողմից՝ աշխատողների։

Իսկ պետություն-ՓՄՁ հարաբերություններում որո՞նք են գլխավոր խնդիրները։

Պետություն-ՓՄՁ հարաբերություններում խնդրներն ավելի շատ վարչարարության դաշտում են։ Այստեղ հավի-ձվի պատմությունն է, թե ով է մեղավոր։ Արդյոք ՓՄՁ-նե՞րն են մեղավոր, որոնց մեծ մասը, գոնե նախկինում, խուսափում էին հարկերից, թե՞  հարկայի տեսուչները, որ բոլոր բիզնեսմեններին որպես հանցագործ են նայում։ Մեր հարկային վարչարարության մեջ պետք է մի շատ կարևոր մշակույթ մտցնել։ Երբ հարկային տեսուչը խախտում է հայտնաբերում տնտեսվարողի մոտ, պետք է կարողանա նաև սուբյեկտիվ գնահատել՝  որդյոք դա միտումնավոր է արվել, թե՞ օրենքի չիմացությամբ։ Հարկային տեսուչը, երբ հասկանում է, որ տնտեսվարողը օրենքի չիմացության հետևանքով է խախտումն արել, պետք է նաև իր առաքելությունը համարի կրթել այդ տնտեսվարողին և օգնել, որ նա կայանա ու զարգանա և ոչ թե՝ միանգամից այնպես տուգանել, որ տնտեսվարողը  հետ կանգնի բիզնեսով զբաղվելու իր մտքից։ 

Հարկային օրենսգրքի և աշխատանքային օրենսգրքի հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվում տնտեսվարողները։

 Լավ է, որ արդեն ունենք հարկային առանձին օրենսգիրք, որով որոշակի դրական փոփոխություններ կան ՓՄՁ-ի համար։ Իհարկե կան նաև բացթողումներ և առաջիկայում էլ վարչապետին կից խորհրդի նիստում լինելու են քննարկումներ և նոր առաջարներ ՓՄՁ-ի վիճակը բարելավելու ուղղությամբ։

Իսկ աշխատանքային օրենսգիրքը կոնկրետ բեռ է։ Այստեղ կոնցեպտուալ խնդիրներ կան։ Հաշվի չեն առնվել բիզնեսի կարիքները։ Օրինակ՝ աշխատանքային օրենսգրքը փոքր բիզնեսի համար անիրատեսական է։   Երբ աշխատանքային օրենսգրքում գրվում է, որ նախատոնական օրերին աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատվում են, 20 օր աշխատանքային արձակուրդ, 16 տոնական օրեր և այլն, դրանք չեն պահպանվում։ ՓՄՁ-ն չի կարող հետևել այդ օրենքներին՝ կամ չի գրանցում իր աշխատողներին, կամ քաղիրավական պայմանագիր է կնքում։ Մենք որոշել ենք, որ սոցիալական պետություն ենք և լավ աշխատանքային օրենսգիրք ունենք, բայց ՓՄՁ-ն չի կարողանում հետևել այդ օրենսգրքին, քանի որ այդքան ռեսուրս չի կարող կորցնել։  Այսինքն՝ պետք է ինքներս մեր առջև ազնիվ լինենք և հասկանաք, թե իրականում աշխատանքային օրենսգրքի օրենքներից որն է կիրառվում, որը՝ ոչ։ Օրենքը պետք է այնպես գրենք, որ ստիպի տնտեսվարողներին սոցիալական պատասխանտվություն կրել և իհարկե պաշտպանել աշխատողների շահերը, բայց նաև՝հաշվի առնվի բիզնեսի իրական հնարավորությունները։ Գործատուների մեծ մասը աշխատակիցնեին գրանցում են քաղիրավական պայմանագրով, քանի որ հատկապես քիչ ժամերով աշխատողներին ոչ ոք չի ուզում վճարել  նվազագույն աշխատավարձ, որն ավելի բարձր է, քանի ժամավճարով հաշվարկելու դեպքում է։ Բայց իմ հորդորն այն է, որ ոչ թե տնտեսվարողին տուգանեն, որ համատարած քաղիրավական պայմանագիր է կնքում, այլ՝ վերլուծեն պատճառները։ Աշխատանքային օրենսգրքի բարելավումներն ու փոփոխությունները պետք է զուրկ լինեն պոպուլիզմից։ Եվ ցանկացած փոփոխություն պետք է նուրբ անել և այս օրենսգիրքը դարձնել հնարավորինս ճկուն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter