HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորայր Փանոսյանի գործով դատավորը բավարարեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը. նա և դատախազը մտերիմ ընկերներ են

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր նշանակված էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանքի դեմ բողոքի գործով դռնփակ  դատական նիստ: Կալանքի դեմ բողոքը մակագրվել էր դատավոր Անդրանիկ Մնացականյանին, սակայն  Փանոսյանի պաշտպանները՝ Տիգրան Աթանեսյանը, Վարազդատ Բադալյանը և Հովսեփ Սարգսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Միջնորդության հիմքում պաշտպանները դրել են այն հանգամանքը, որ Անդրանիկ Մնացականյանն ու Փանոսյանի գործով դատախազ Անդրանիկ Մանուկյանը մտերիմ ընկերներ են, համակուրսեցիներ: Ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ: Մեզ հետ զրույցում Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատավոր Մնացականյանը բավարարել է ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ մինչև այս գործը մակագրված է եղել Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի, ով նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ նկատի ունենալով, որ նախկինում առնչություն է ունեցել Փանոսյանի հետ: Կալանքի տակ գտնվող Փանոսյանն այսօր բերվել էր դատարան:

Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատական նիստի ընթացքում ներկայացվել է նաև Փանոսյանի նկատմամբ 20 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որը մերժվել է և բավարարվել Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: 

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ  հաղորդագրության, «կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգրվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված եւ իրենց կողմից զբաղեցված՝ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ»:

Լուսանկարում՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter