HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Բարի լույս, պարոն Մատթեոս». ներկայացում անհեթեթության եւ այլաբանության շեշտադրումով

Լիբանանահայ գրող Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մատթեոս» ստեղծագործությունն օրերս ներկայացվեց Գյումրու դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում: Պիեսը գրված է անհեթեթության եւ այլաբանության շեշտադրումով, ինչպես դրամատուրգի վերջին տասնամյակի ստեղծագործությունների մեծ մասը:

Արդյո՞ք դիպվածն է մեզ առաջնորդում կյանքի շրջապտույտում, թե մենք ի զորու ենք թելադրել մեր կամքն ու գծել կյանքի ուղին այնպես, ինչպես կամենում ենք եւ պլանավորել ենք: Արդյո՞ք ավելի հեշտ է կյանքի ձախողումները կամ երջանիկ պահերը բարդել դիպված-պատահականության վրա, թե, այնուամենայնիվ, խելամիտ վարքը «դիպվածը» շրջանցելն է: Արա Արծրունու ստեղծագործության հերոսները՝ Ջորջը եւ Սառան հանդիպում են դատարկ կայարանում՝ ամեն մեկն իր ուղղությունն ի սկզբանե նախանշած:

40-ամյա Ջորջի համար միեւնույն է, թե որ ուղղությամբ կշարժվի գնացքը եւ ուր կտանի իրեն, միայն թե հայտնվի կայարան ժամանող առաջին իսկ շարժակառքում: Ջորջն իրեն հանձնել է դիպվածին ու պատահական ընտրված ճանապարհի վերջում սպասվող անհայտին: Սառան, որ 30 տարեկան է եւ հասցրել է ըմբոշխնել կյանքի քաղցրությունն ու դառնությունը, պատրաստվում է մեկնել հյուսիս-արեւմուտք՝ փոփոխություն չենթադրող վճռականությամբ: Կայարանապետ պարոն Մատթեոսն իր միակ ուղեւորներին զգուշացնում է, որ «Կենտրոնական» կոչվող կայարանը միակն է ամայի այս տարածքում եւ շատ քիչ ուղեւորներ է ունենում, սակայն ունի մեկ առավելություն՝ աշխարհի բոլոր շոգեկառքերն անցնում են այստեղով:

Բեմում երեքն են՝ երկու ճամփորդ եւ մեկ...հանդիսատեսի համար 3-րդ գործող անձը՝ պարոն Մատթեոսը, պարզապես կայարանապետ է, սակայն դեպքերի հետագա զարգացումը եւ հերոսներից Ջորջի բարձրաձայն մտորումները հանգեցնում են մեկ այլ մտքի: Դիպվա՞ծ է, արդյոք, այն ամենն, ինչ տեղի է ունենում կայարանի չորս պատերի ներսում, թե դիպվածն հենց ինքը՝ պարոն Մատթեոսն է, որ անհետանալով՝ երկու ճամփորդներին մղում է ինքնուրույն որոշումների, ընդհուպ մինչեւ լծակների կառավարում եւ գնացքների ուղղությունների փոփոխում: Եվ Սառան, որ համոզել էր Ջորջին իր հետ մեկնել հյուսիս-արեւմուտք երեկոյան ժամը 20-ի գնացքով, ի վերջո հեռանում է միայնակ: Իսկ Ջորջը, որ այնքան շտապում էր մեկնել դեռեւս վաղ առավոտյան, ժամը 7-ին՝ ուսերին է նետում կայարանապետի բաճկոնը՝ դիմավորելու հանելուկային կայարանի հաջորդ ուղեւորներին:

Լիբանանի Համազգային մշակութային միության «Գասպար Իփէկեան» թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանի ցանկությամբ, պիեսի բեմադրական աշխատանքներում ընդգրկվել են գյումրեցի դերասաններ Հովհաննես Հովհաննիսյանը(պարոն Մատթեոս), Արսեն Սաղաթելյանը (Ջորջ) եւ Ջեմմա Ադամյանը (Սառա): «Կմտածեինք, որ խնդիրը լեզվականն էր լինելու՝ պիեսն արեւմտահայերեն է, բայց ի պատիվ դրամատիկականի դերասանների, պիտի ասեմ, որ շատ արագ հաղթահարեցին»,- ասում է ռեժիսորը` հավելելով, որ անձամբ է ճանաչել թատերգության հեղինակին:

«Ես բավական մոտիկ եղած եմ Արա Արծրունու հետ՝ իր «Մժեղը» արաբերեն թարգմանած էի եւ արաբական խումբ մը ունեի, անոնց հետ կխաղայի: Արան արդեն հիվանդ էր`վերջին օրերը կապրեր: Մահից 3 օր առաջ ես իրեն այցելության գացած էի եւ ինձի ըսավ՝ քեզի կտակըմ պիտի ձգեմ, որ «Բարի լույս, պարոն Մատթեոս»-ն անպայման խաղաս: Տիեզերական բարձր մտածումներ կան դրված այս գործի մեջ, ժամանակ կուզեր, որ անդրադառնար մեկը, հասկանար, վերլուծեր: Անցավ մեկ տարի, արդեն կար համագործակցություն Գյումրու թատրոնի հետ, եւ ես առաջարկեցի պարոն Լյուդվիգին պիեսը: Ինքը կարդաց եւ համաձայնվեց, որ համագործակցենք»,- նշում է զրուցակիցս:

Դերակատարներից Արսեն Սաղաթելյանը խոստովանում է, որ Ջորջի կերպարը հոգեհարազատ է իրեն. «Կյանքում եղել են իրավիճակներ, որ պատահականության սկզբունքով եմ շարժվել, սակայն շատ դեպքերում էլ պլանավորել եմ, այնպես որ կերպարիս հետ ներքին կոնֆլիկտ չեմ ունեցել: Գուցե իմ փոխարեն ավելի տարիքով դերասան պիտի խաղար, չգիտեմ, սակայն ռեժիսորն ընտրել էր ինձ, եւ ես էլ փորձեցի հնարավորինս հանդիսատեսին փոխանցել հասուն տղամարդու մտորումները»:

Սառայի դերակատար Ջեմմա Ադամյանն իր մարմնավորած կերպարի հակապատկերն է. «Ես կյանքում ավելի շատ Ջորջին եմ նման, քան Սառային,- դերասանուհին ծիծաղում է,- մարմնավորելը դժվար էր, բայց հետաքրքրիր՝ նախ լեզուն, որին պիտի հասցնեինք տիրապետել անթերի ընդամենը 26 օրում, բացի դրանից պիտի խաղայի շատ ավելի հասուն կնոջ, ցույց տայի ավելի ապրված կյանք, քան թե իմն էր ու այստեղ օգնության է գալիս երեւակությունը»:

Ներկայացումը նոյեմբերին կհանձնվի բեյրութահայ հանդիսատեսի դատին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter