
Ֆ. Ցոլակյան. «Շատ զարմանալի է ինձ համար, որ օրը ցերեկով, բաց տարածության վրա էսպիսի դեպք է տեղի ունենում»
Ըստ նախնական վարկածի` Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում` Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են ողբերգական ավարտով քամու պատճառով: Փրկարարները չեն կարողացել դուրս գալ ուժգին քամու շրջապտույտից:
Այս մասին Վանաձորում` Լոռու մարզի փրկարարական վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ հրդեհի մարման ժամանակ մեկ փրկարար զոհվել է, մյուսին տեղափոխել են այրվածքաբանության կենտրոն:
Ցոլակյանի խոսքով` վերջինս քառասուն տոկոսով այրվածքներ ունի, վիճակը ծանր է, շնչուղիները վնասված են: Նախարարն իր ցավակցական խոսքը հղեց զոհվածի ընտանիքին և հույս հայտնեց, որ վիրավորված փրկարարը կապաքինվի:
«Ժամը 11:40-ի կողմերը ծառայությունն ահազանգ է ստացել, որ անտառի շրջակայքում հրդեհ կա, մարտական հաշվարկը գնացել է դեպքի վայր, զբաղվել հրդեհաշիջման աշխատաքներով: Որոշ ժամանակ հետո ահազանգ է ստացվել, որ հրշեջներից երկուսը տուժել են: Երբ կարողացել են օգնություն ցույց տալ, քանի որ բարձրադիր վայր է, էնտեղ հնարավոր չէր մեքենա ուղարկել, ոտքի ճանապարհ է, էստեղից հասնել են ու հաղորդել, որ հրշեջներից մեկը մահացել է»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարի խոսքով` հրշեջի աշխատանքն ինքնին վտանգավոր է, ամեն օր կարող է նման դեպք լինել, հրշեջները գիտակցում են դա, և գիտակցելով են աշխատում:
«Մենք ավելի ծանր հրդեհներ ենք ունեցել, որ սպասել ենք` հնարավոր է նման բան լինի, բայց նման բան չի եղել: Շատ զարմանալի է ինձ համար, որ օրը ցերեկով, բաց տարածության վրա էսպիսի դեպք է տեղի ունենում, թե անզգուշություն է, ինչ է, չեմ կարող ասել: Հետևանքների ուսումնասիրություն կլինի, գործի քննություն, ամեն ինչ կհասկանանք»,-եզրափակեց նախարարը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Մեկնաբանել