HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գովազդի մասին» օրենքը խախտվում է. ընդամենը մի քանի օրինակ

Գովազդի նպատակը մարդկանց գործը հեշտացնելն է: Այն ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկություններ է տարածում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ: Դա մեզ հնարավորություն է տալիս ծառայությունների, ապրանքների ճիշտ և օգտակար ընտրություն կատարել՝ խնայելով «ամենաթանկ կապիտալը»՝ ժամանակը:

Գովազդը եկամտի մեծ աղբյուր է, և արտադրողի նպատակն առաջին հերթին շահույթ ստանալն է: Բայց հաճախ շահ ստանալու մրցավազքից տուժում է գովազդի որակը:

1996 թ. ապրիլի 30-ին ընդունվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, որում հստակորեն ամրագրվեցին գովազդային քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև գովազդ արտադրողի և հեռարձակողի պարտականություններն ու իրավունքները:

Եվ թեպետ, որ օրենքը վերահսկվում է համապատասխան մարմինների կողմից (Հանրային հեռուստառադիո խորհուրդ, Հայկական գովազդային խորհուրդ), և դրա խախտման համար պատասխանատվություն է սահմանվում օրենքով, այդուամենայնիվ, ներկայում թե հեռուստաեթերում և թե ռադիոեթերում հեռարձակվում են այդ օրենքի հոդվածները խախտող գովազդներ:

Հաճախ խախտվում է օրենքի 5-րդ հոդվածը, ըստ որի՝ «ՀՀ գովազդի լեզուն հայերենն է»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե գովազդ արտադրող մի շարք կազմակերպությունների համար գոյություն ունի մեկ այլ հայերեն, քանի որ այն շատ հաճախ շեղվում է հայոց լեզվի քերականական, շարահյուսական կանոններից:

Օրինակ՝ «Բար «Պ*»... Խմիչքների բազմազանություն»: Խմիչքը հավաքական գոյական է, հետևաբար հոգնակի թիվ չի կարող ունենալ, բառը հոգնակի դարձնելով՝ այնտեղ եղած ապրանքները չեն ավելանա, փոխարենը կավելանա հեռուստա- և ռադիոեթերից հնչող ևս մեկ սխալ:

Կամ ասենք՝ «…ձեզ է ներկայացվում կանացի հագուստների լայն տեսականի»: Այստեղ իրար կողքի տեղ է գտել միանգամից երկու սխալ: Նախ՝ հագուստը ևս հավաքական գոյական է և հոգնակի թիվ չի կարող ունենալ, և երկրորդ՝ այն ոչ մի անգամ և երբևիցե չի կարող լինել կանացի: Կանացի-ն ցույց է տալիս ձև, նշանակում է կնոջը հատուկ, նուրբ, հեզ, այլ նշանակություններ ևս կարող է ունենալ՝ ելնելով համատեքստից: Կանացի կարող են լինել շարժուձևը, քայլվածքը, բայց ոչ երբեք հագուստը: Դրա փոխարեն կարելի է ասել՝ կանանց կամ կանանց համար նախատեսված հագուստ:

Ըստ «Գովազդի մասին օրենքի» 15-րդ հոդվածին՝ արգելվում է շահումով խաղի, խաղատան գովազդումը լրատվական թողարկման ընթացքում, դրանից 20 րոպե առաջ և հետո: Սակայն հետևելով հայկական տարբեր ռադիոկայաններով հեռարձակվող լուրերին՝ կարելի է լսել օրենքը խախտող օրինակներ:

Ոչ վաղ անցյալում հեռուստաեթերից հաճախ կարելի էր լսել (որոշ գովազդներ լսվում է նաև հիմա) «…ամենացածր գինը Հայաստանում, մանդարին վրացական, մեկ կիլոգրամն ընդամենը 340 դրամ», «Բնական հյութեր «ՀՅ8» 380 դրամ, նախընտրելի գինը Հայաստանում…», կամ՝ «Լինա» բնականան հյութեր… 360 դրամ»»:

Անշուշտ, սովորական ունկնդիրների համար սա շատ պարզ, միևնույն ժամանակ գայթակղիչ առաջարկ է՝ անկախ այն հանգամանքից, որ դրանով խախտվում է «Գովազդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի բ/ կետը, այն է՝ արգելվում է այն գովազդը, որը վերաբերում է հրապարակման պահին ապրանքի արժեքին և գնին:

Համաձայն 14-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին»: Այն, որ «Բիլայն» ընկերության «Շրջապատ» և «Զոռո» փաթեթները անչափահասների համար նախատեսված ապրանքներ չեն, պարզ է, պարզ չէ միայն այն, թե ինչու են այդ գովազդներում ներգրավված «անչափահասները», տվյալ դեպքում՝ երեխաները:

«Բուժտեխնիկական և բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն ՀՀ Առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը»: Սա է սահմանում 15-րդ հոդվածը: Լսողական սարքեր և մարտկոցներ առաջարկող «ՍՎՍ-ՄԵԴԻԿԱԼ» լսողության վերականգնման կենտրոնի գովազդում, որը տպագրվել է «Եթեր» շաբաթաթերթում, առողջապահության նախարարության որևէ թույլտվության մասին նշված չէ:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ էին այն բազմաթիվ խախտումներից, որոնք այսօր առկա են գովազդի ոլորտում: Չպետք է մոռանալ, որ գովազդը «հզոր զենք է» և մեծ ազդեցություն ունի այն սպառող լսարանի վրա: Ուստի գովազդ արտադրելիս անհրաժեշտ է ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցումներ՝ չխախտելու օրենքի և ոչ մի կետ: Հակառակ դեպքում՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն թե արտադրող, թե հեռարձակող և թե վերահսկող կողմերը:

Տաթև Խաչատրյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter