HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Իր խոսքում վարչապետը նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանը: Ես ծնվել եմ 1975 թվականին և այն ժամանակից, երբ ինքս ինձ հիշում եմ, հիշում եմ, որ մեր ընտանիքի, միջավայրի բոլոր առիթների, սեղանների շուրջ անպայման անխուսափելիորեն ինչ-որ մի պահի խոսակցությունը հասել է «Արարատ 73»-ին և Նիկիտա Սիմոնյանին:

Ինձ համար որպես մարդ, որին ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է այդ անունը որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր անձամբ ծանոթանալ և այս առիթը ունենալ: Կարծում եմ, որ իսկապես շատ դիպուկ է բնորոշում այս շքանշանը իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ծառայությունը, վաստակը, որովհետև կարծում եմ, որ խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին չէ. «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը, մեր ազգային ինքնավստահության, մեր ազգային հպարտության, սեփական ուժերի նկատմամբ մեր հավատի մի շատ կարևոր հենասյուն:

«Արարատ-73»-ն այն խորհրդանիշն է, որը մեզ ապացուցում է ամեն օր, որ այն ժամանակ, երբ մենք իրար հետ ենք, երբ մենք կանգնած ենք կողք- կողքի, երբ մենք ունենք ընդհանուր ձևակերպված նպատակ և երազանք՝ կարողանում ենք ստեղծել հնարավորություն այդ երազանքը կյանքի կոչելու համար: Կարծում եմ, որ մեր երկարամյա պատմության մեջ «Արարատ-73»-ի ցուցաբերած սխանքը և այն աշխատանքը, որն արել է պարոն Սիմոնյանը, իսկապես շատ կարևոր հանգրվան է և մեզ ուժ է տալիս ոչ միայն երազելու, այլև այդ երազանքները կյանքի կոչելու:

Հարգելի պարոն Սիմոնյան, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հայրենիքին մատուցած ձառայությունների համար։ Մենք հպարտ ենք Ձեզնով, Դուք Ձեր աշխատանքով մեզ տվել եք հպարտություն: Ուրախ ենք Ձեզ այսօր տեսնել այսպիսի բարձր տրամադրությամբ, այսպիսի հիանալի երիտասարդ տեսքով և բոլորիս համար մեծ պատիվ կլինի առաջիկայում Ձեզ տեսնել Հայաստանում: Կրկին և կրկին շնորհակալություն», - նշել է վարչապետ Փաշինյանը։

Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ միշտ հպարտ է եղել հայ լինելու, ֆուտբոլում արձանագրած հաջողություններով հայ ազգի պատիվը բարձր պահելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter