Երևանում բացվել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոն
Այսօր Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում բացվել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոն: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար, գերմանական Bosch ընկերության աջակցությամբ:
Bosch-ի ներկայացուցիչ Ն. Պրուիձեն ասել է, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է:
Կենտրոնի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է, որ կրթական համակարգը նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների հագեցվածության խնդիր ունի:
«Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման կազմակերպմանը: Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, և եթե երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում: Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը' ցանցը ընդլայնել և նման կենտրոններ ստեղծել նաև այլ ուսումնարաններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել