HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսար` ցիանիդի առեղծվածը

«Լիդիան արմենիա» ընկերության՝ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» (ՇՄԱԳ) փաստաթղթում թերությունները, կոծկումները, կեղծիքները անհաշվելի են: Այդտեղ գրված է, որ թունավորվելու և ոչնչանալու են հողատարածքներ, ջրային համակարգեր, բերվում են բուսականության ու կենդանիների զանգվածային վնասման ու ոչնչացման բազում օրինակներ, սակայն այս ամենի արդյունքում պետությանը հասցվելիք տնտեսական վնասը ներկայացված է զրո դրամ: Թաքցված է՝ ուրանի և մյուս ռադիոակտիվ նյութերի (որոշ բացառությամբ), սնդիկի, ծանր մետաղներով, ռադիոակտիվ նյութերով և ցիանիդով աղտոտված մոտ մեկ մլն մ3 ջրի առկայությունը: Նվազեցված  է տեղանքի քամու արագությունը, ապարներում թթվագոյացնող գործընթացի մեծությունը...

Այս ամենը կասկած  է հարուցում նաև այն հարցում, թե արդյոք ընկերությունը ճիշտ է ներկայացրել օգտագործվելիք նատրիումի ցիանիդի քանակը: Առավել ևս, որ «Լիդիան արմենիա» ընկերությունը 2014 թ. ՇՄԱԳ-ի համեմատությամբ, 2016 թ. ՇՄԱԳ-ում նատրիումի ցիանիդի ծախսը կրկնակի քիչ է ներկայացրել:

2016 թվականին կազմած ՇՄԱԳ-ում կարդում ենք. «Ռեագենտների պատրաստման ժամանակ առաջանում են ցիանիդի և աղաթթվի գոլորշիներ: Ռեագենտների ընդունման, լուծույթների պատրաստման և մղման գործընթացների համար արտանետումների հաշվարկման ընդունված մեթոդական ցուցումներ և եղանակներ չկան: Ելնելով այս հանգամանքից հաշվարկի համար օգտագործվել են միջազգային փորձագետների փորձը, ըստ որի միջին առմամբ օգտագործվող ռեագենտների առավելագույնը 0.5%-ը արտանետվում է տեխնոլոգիական շղթայի տարբեր տեղամասերից: Ցիանական նատրիումի տարեկան պահանջարկը կկազմի 1000.86 տոննա: Տարեկան արտանետումները կկազմեն` HCN – 5.0 տ» (էջ 440):

      Նատրիումի ցիանիդի ծախսը

«Լիդիան արմենիա» ընկերությունը 2014 թ. կազմած ՇՄԱԳ-ում 10 մլն տոննա հանքաքարի հաշվով նատրիումի ցիանիդի ծախսը ներկայացրել է 2000 տոննա (մեկ տոննա հանքաքարի համար 200 գրամ), իսկ 2016 թ. ՇՄԱԳ-ում, առանց որևէ հիմնավորման, այդ ծախսը կրկնակի նվազեցրել է`դարձնելով մոտ 100 գրամ, այն դեպքում, երբ «Պետական կադաստրի մետաղական հանքավայրեր՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներ» անձնագրում  (N 52) գրված է, որ մեկ տոննա հանքաքարի հաշվով, նատրիումի ցիանիդի ծախսը կազմում է 400 գրամ: Սրանից հետևում է, որ տարեկան վերամշակվելիք 10 մլն տոննա հանքաքարի համար կպահանջվի ոչ թե 1000,86, այլ 4000 տոննա նատրիումի ցիանիդ:

Այսինքն ընկերությունը ՇՄԱԳ-ում նատրիումի ցիանիդի քանակը մոտ 4 անգամ պակաս է ներկայացրել, քան կադաստրային նշված փաստաթղթում է: Հարկ է նշել, որ Սոթքի ոսկու մեկ տոննա հանքանյութի հաշվով ծախսվում է 2,04 կգ նատրիումի ցիանիդ, իսկ Լոռվա մարզի Արջուտի հանքավայրի Նախագծում (2014 թ.) այդ  ծախսը 1,5 կգ/տ է:

 Ամուլսարի հանքավայր կոչվածը շահագործվելու է 9 տարի, տարեկան վերամշակվելու է 10 մլն տ հանքաքար: Համեմատելով նշեմ՝ 2016 թ. ՇՄԱԳ-ում նատրիումի ցիանիդի տարեկան ծախսը 1000,86 տ է, 9 տարվա հաշվով այն կկազմի 9007 տ, իսկ կադաստրային փաստաթղթով՝ տարեկան ծախսը կկազմի 4000 տ, 9 տարվա հաշվով՝ 36000 տ: Արջուտի և  Սոթքի գործակիցներով՝ տարեկան ծախսը կկազմի 15000 և 20400 տ, իսկ  9 տարվա հաշվով՝ 135000 և 183000 տ: Այսինքն, ցիանիդի ծախսը Արջուտի համեմատությամբ 15, իսկ Սոթքի համեմատությամբ՝ 20 անգամ պակաս է ներկայացված:

Փորձենք ճշտել, թե ինչքանով է իրատեսական «Լիդիան արմենիա» ընկերության ներկայացրած՝ մեկ տոննա հանքանյութի հաշվով 100 գրամ նատրիումի ցիանիդի ծախսը:

Չնայած տեսականորեն ոսկու կորզման համար ցիանիդի պահանջարկը շատ փոքր է (մեկ գրամ ոսկու համար մոտ 0,5 գրամ նատրիումի ցիանիդ), սակայն ցիանիդի ծախսը կախված է հանքանյութի բաղադրությունից:

Հայտնի է, որ ծծմբով ու նրա միացություններով հարուստ բազմամետաղային  հանքանյութը ցիանիդը անօգուտ ծախսելու՝ խժռելու հատկություն ունի: Նշված նյութերի ցիանիդային միացությունները ջրում լուծելի չեն, հետևաբար՝ մնում են թափոնում: Այդ մասին արժեքավոր տեղեկություն է պարունակում Վ. Վ. Բարչենկովի «Ոսկու լուծման գործընթացում ցիանիդի անվերադարձ կորստի և նրա նվազեցման միջոցառումների մասին» հոդվածը:

Այդտեղ մասնավորապես ասվում է, որ հանքաքարը ցիանիդով մշակելիս  նատրիումի ցիանիդի կորուստ առաջացնողները, հիմնականում տարբեր միներալների տեսքով հանքաքարում առկա վտանգավոր խառնուրդներն են: Դրանցից են, օրինակ, ցիանիդ քայքայող նյութերը և այն միներալները, որոնք կապում են ցիանիդը՝ առաջացնելով գունավոր մետաղների (պղինձ, ցինկ, նիկել, կոբալտ) ցիանային կոմպլեքսներ: Հանքաքարում նույնիսկ պիրիտի աննշան քանակությունը կարող է ոսկու ցածր կորզման պատճառ դառնալ և ցիանիդի այնպիսի ծախս պահանջել, որ հանքաքարի ցիանիդով մշակումը դառնա տնտեսապես ոչ ձեռնտու: Ծծումբը նաև միանալով նատրիումի ցիանիդի հետ, առաջացնում է նատրիումի ռոդանատ (NaCNS), որը ոսկուն չի լուծում:

Ոսկու կորզման գործարանների գործնական տվյալները հաշվի առնելով, կարելի է մոտավորապես տալ նատրիումի ցիանիդի կորուստի մեծությունը.

-մինչև 5% ցիանիդի մեխանիկական կորուստ՝ խողովակներց և այլ հանգույցներից...

-10-15% ցիանիդի կորուստ՝ սորբցիոն ցիանացման ընթացքում,

-10-15% ցիանիդի կորուստ՝ հանքաքարի շլամի մակերեսին CN- իոնի ադսորբցիայի հետևանքով,

-մինչև 15% ցիանիդը կորչում է հեղուկ ֆազայում,

-15-20% ցիանիդը կորչում է հիդրոլիզի հետևանքով,

-20-40% ցիանիդի քիմիական կորուստ՝ հանքաքարում գտնվող վնասակար խառնուրդների, գունավոր մետաղների և երկաթի՝ սուլֆիդների, կարբոնատների, սուլֆատների հետ փոխազդեցության հետևանքով («О безвозвратных потерях цианида в процессе растворения золота и мерах по его снижению», Барченков В.В., ЗАО «ИИС Минералз», Золотодобыча, №187, Июнь, 2014):

Իհարկե կան հանքանյութեր, երբ ցիանիդի  ծախսը  կարող է կազմել 0,1 կգ/տոննա, սակայն Ամուլսարի նման բազմամետաղային և խիստ սուլֆիդային հանքաքարի դեպքում, նատրիումի ցիանիդի ծախսը հավանական է, որ գերազանցի կադաստրային փաստաթղթում նշված 400 գ/տ կամ Արջուտի և Սոթքի ծախսերը:

Ընկերությունը անտեսելով Ամուլսարի հանքաքարի բաղադրությունը, ներկայացրել է ցիանիդի ամենացածր ծախսը, ինչը վստահություն չի ներշնչում և կարելի է ենթադրել, որ քողարկել է իրական ծախսը, որը կարող է մի քանի անգամ մեծ լինել:

        Ցիանիդի արտանետումները     

«Լիդիան արմենիա» ընկերությունը ներկայացնում է, որ  օգտագործելով միջազգային փորձը, կապտաթթվի (HCN) ցիանիդի առավելագույն արտանետումները համարել է  0.5%, այսինքն՝ տարեկան 5 տոննա, որը միջոցառումների արդյունքում՝  կկազմի տարեկան 0,7 տոննա:

Այս առումով ուշագրավ է ԷԼԱՐԴ-ի դիտողությունը՝ «Լիդիան արմենիա» ընկերության կազմած ՇՄԱԳ-ի վերաբերյալ. «Ավստրալիայի NPI (2006)-ում նշվում է, որ ցիանիդի ընդհանուր քանակի մոտավորապես 1%-ը, որն ավելացվում է տարրալվացման շրջանառությանը, կորչում է HCN-ի օդում գոլորշիացման հետևանքով, տարրալվացման և ադսորբցիայի գործընթացում։ Օրինակ, դա տարբերվում է ՇՄԱԳ-ում նշված առավելագույն տոկոսից, որը կազմում է 0.5 %:  Մեկ այլ օրինակ, որը ցույց է տալիս Ավստրալիայի NPI (2006)-ի ձեռնարկում քննարկված բարդությունը, կայանում է ցիանիդի մոտավորապես 7%-ի ներդնումը շրջանառության մեջ HCN արտանետումների առումով, որը կարող է տեղի ունենալ տարբեր ճանապարհներով տարրալվացման/ադսորբցիայի փուլերում, ինչպես նաև՝ պոչամբարի պահեստավորման օբյեկտում։ Բացի այդ ՏGՏ-ի կիրառումը ոսկու-պղնձի հանքաքարի տարրալվացման SART գործընթացում Չիլիում՝ Մարիկունգա ոսկու հանքավայրում 5% գոլորշիացում է նախատեսում HCN-ի համար» (ԷԼԱՐԴ, Հաշվետվություն, էջ 225)։

Եթե հիմք ընդունենք ԷԼԱՐԴ-ի նշած 7% արտանետումները, ապա ընկերությունը արտանետելու է տարեկան ոչ թե 5, այլ 70 տոննա HCN: Ստացվում է, որ Ավստրալիական ընկերության համեմատությամբ՝ «Լիդիան արմենիա» ընկերությունը 14 անգամ պակաս է ներկայացրել HCN-ի արտանետումները: Իսկ եթե ելնենք Կադաստրային փաստաթղթում նշված 400 գ/տ նատրիումի ցիանիդի ծախսից, ապա  կապտաթթվի տարեկան արտանետումը կկազմի 280 տոննա, այսինքն՝ 56 անգամ շատ, քան ներկայացրել է «Լիդիան արմենիա» ընկերությունը (Այս եղանակով կարելի է հաշվել 1 և 5 տոկոսով օդ արտանետվելիք HCN-ի քանակը նաև Արջուտի և Սոթքի ծախսերով): Նշեմ, որ Եվրոմիության շատ երկրներ օրենսդրորեն արգելել են ցիանիդային եղանակով ոսկու կորզումը:

Ցիանիդները օրգանիզմ են ներթափանցում մարսողական և շնչառական օրգաններով և մաշկով: Նրանք հեմոգլոբինի հետ առաջացնում են կոմպլեքս միացություն և կանխում թթվածնի տեղափոխումը դեպի հյուսվածքներ, որի հետևանքով  խախտվում է գլխուղեղի և շնչառական կենտրոնի ֆունկցիան: Ցիանիդները օրգանիզմում առաջացնում է թթվածնային քաղց (հիպօքսիա), արդյունքում՝ առաջին հերթին խախտվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան: Նատրիումի և կալիումի ցիանիդները, օդում՝ խոնավության պայմաններում, առաջացնում են կապտաթթու (HCN): Կապտաթթվով թեթև թունավորման դեպքում առաջանում է կոկորդի գրգռվածություն, գլխապտույտ, սարսափ, փսխում, օրգանիզմի բոլոր ֆունկցիաների ծանր խանգարում: Ծանր թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ, ցնցումներ, շնչառական կենտրոնի կաթված: Կապտաթթվի գոլորշիները շնչելիս, մահը վրա է հասնում մեկ րոպեի, իսկ նատրիումի կամ կալիումի ցիանիդը բերանի խոռոչ ընկնելու դեպքում՝ մի քանի րոպեի  ընթացքում: Կապտաթթվի մահացու դոզան (հասուն տարիքի մարդկանց) 50 միլիգրամ է, իսկ նատրիումի և կալիումի ցիանիդներինը՝ 100 և 120 միլիգրամ: Այսինքն, մեկ տոննա HCN-ը կարող է 20 մլն մարդու մահվան պատճառ դառնալ:

Ամփոփելով նշեմ, որ «Լիդիան արմենիա» ընկերության ներկայացրած նատրիումի ցիանիդի ծախսը և կապտաթթվի արտանետման քանակը հավատ չեն ներշնչում: Վերը քննարկածից կարելի է ենթադրել, որ ընկերությունը  նատրիումի ցիանիդի իրական ծախսն ու արտանետումների քանակը թաքցրել է: Հասկանալի է, նատրիումի ցիանիդի քանակի մեծացումից համապատասխանաբար մեծանում է շրջակա միջավայր արտանետվող կապտաթթվի քանակը: Հետևաբար,  ցիանիդի ծախսի և կապտաթթվի արտանետման քանակի ճշտումը առանցքային նշանակություն ունի: Ուստի այդ նպատակով անհրաժեշտ է փորձարարական աշխատանք կատարել, ինչը իրականացնելու համար Կառավարությունը պետք է ստեղծի մասնագիտական հանձնաժողով, այդտեղ ընդգրկելով նաև ՀՀ համապատասխան նախարարությունների, ԳԱԱ, ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ: 

Հակոբ Սանասարյան

2019-09-18

տես նաեւ՝ Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր

Մեկնաբանություններ (1)

Գրետա Գաբրիելյան
«Լիդիան արմենիա» ընկերության ներկայացրած նատրիումի ցիանիդի ծախսը և կապտաթթվի արտանետման քանակը հավատ չեն ներշնչում, նատրիումի ցիանիդի իրական ծախսն ու արտանետումների քանակը թաքցված է: Պարոն Սանասարյանին իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում , բարձր պրոֆեսինոալիզմ ցուցաբերելու և քրտնաջան վերլուծական հաշվարկների համար. Կարծում եմ ակադեմիական ինստիտուտներում պետք է շատ լուրջ ուշադրության արժանացնել այս բացահայտումը , իսկ Valerik Valo Karapetyan -ին,, որի սրտովը չի այս կեղծիքի բացահայտումը, առաջարկում եմ վիրավորելու փոխարեն հանդես գալու իր որևէ հակափաստարկով կամ գիտական գրականության մեջ հայտնի որևէ հղումով: Ի տարբերություն իրեն, պատրաստ եմ բանավիճելու իր հետ որպես քիմիկոսի, եթե նա ևս քիմիկոս է, այլ ոչ թե դելիտանտ: Քիմ. գիտ. թեկնածու Գրետա Գաբրիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։