
Նիկոլ Փաշինյան. «Հույս ունեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները կուղղվեն Հայաստանի պաշտպանվածության բարձրացմանը»
2020 թվականի պետական բյուջեով պլանավորված է ապահովել մեկ տրիլիոն 602 միլիարդ եկամուտ, որը, 2018-ի համեմատությամբ, ավել է 29,4 տոկոսով, սպասվում է 29,9 տոկոս ծախսերի աճ:
Այս մասին խորհրդարանում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով պետական բյուջեի հիմնական ցուցանիշները:
Փաշինյանի խոսքով` առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումների առումով 2018-ի համեմատությամբ կա 33 տոկոս աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում` 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում` 21 տոկոս աճ:
«Վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված, ուզում եմ արձանագրենք, որ 2018-ի համեմատությամբ 2020 թվականին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում: Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը մեր կարգավորումներով չպետք է գերազանցնեն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4 տոկոսը, և պետք է այս շրջանակներում լինի հատկացումները: Նաև կարևոր է արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Նախկինում սրա հետ կապված հայտարարություններ արել եմ, և հույս ունեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները կուղղվեն Հայաստանի պաշտպանվածության բարձրացմանը»,- ասաց նա:
«Ես համարում եմ, որ տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն և կարելի է տեսնել անզեն աչքով, հսկայական ներդրումներ են կատարվում ՀՀ-ում: Իհարկե ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որը մենք նախատեսել ենք, չնայած թերակատարում ունենք, սակայն նախորդ տարվա համեմատ շոշափելի աճ ունենք: Թերակատարումը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարով, եթե նախկինում ենթադրաբար ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն չի կարելի համարել, իհարկե չեմ կարող բացառել, որ նման դեպքեր չլինեն, բայց կոռուպցիայում ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ իրենց հետևից գալու են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` Կառավարությունը բյուջեի հիմքում դնում է ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեստում` ապահովելու մակրոտնտեսական կայունություն:
«Այդ առումով նույն խնդիրը լուծել ենք 2018 թվականին, նախագծում 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց փաստացի 5,2 տոկոս աճ ապահովեցինք: Ընդհանուր առմամբ սա ճիշտ մոտեցում է` ապահովելու առավել կայուն մակրոտնտեսական միջավայր»,- նշեց նա:
Մեկնաբանել