HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

14 տարի ժամկետով ազատազրկման որոշումը չի բողոքարկվել փաստաբանի թերացման պատճառով. դատապարտյալը դիմել է ՄԻԵԴ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մկրտումյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պատճառն այն է, որ Արթուրը զրկվել է իր դեմ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից, քանի որ գործով ներգրավված հանրային պաշտպանը բաց է թողել բողոքարկման ժամկետը:

Արդեն 4 տարի է՝ Արթուրը ազատազրկման վայրում է: Քրեական գործի նյութերը ձեռքին՝ «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանում սպասում էր մեզ, որպեսզի պատմի իր գործի մասին: Արթուրը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հունիսի 23-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել սպանություն կատարելու համար և դատապարտվել 11 տարվա ազատազրկման: Դատավճռի դեմ բողոք են ներկայացրել, թե՛ տուժող կողմը, թե՛ Արթուր Մկրտչյանը: Վերաքննիչ քրեական դատարանը պատիժը խստացրել է և դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Արթուր Մկրտումյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին, համայնքապետարանի վարչական շենքից 100 մ հեռավորությամբ, իրեն ծեծի ենթարկելու և հայհոյանք տալու հանգամանքից վիրավորված լինելու պատճառով, որսորդական հրացանով կրակ է արձակել նույն գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի պարանոցի առաջային երեսի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

«Իմ նկատմամբ կայացվել է երկու դատական ակտ՝ մեկը առաջին ատյանի դատարանինը, մյուսը՝ Վերաքննիչ դատարանինը: Ես հնարավորություն եմ ունեցել բողոքարկելու կայացված դատական ակտերից միայն առաջինը, իսկ Վերաքննիչ դատարանի կայացրած ակտը բողոքարկելու հնարավորությունից զրկված եմ եղել պաշտպանիս թերացման պատճառով»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արթուր Մկրտումյանը:

Դատապարտյալը պատմեց, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ իր շահերը ներկայացրել է հանրային պաշտպանը: Վերջինս բաց է թողել վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետը, և Արթուր Մկրտումյանը զրկվել է դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը որոշման մեջ նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի` 2016թ. սեպտեմբերի 14-ի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ Ա. Մկրտումյանի և նրա պաշտպան Գ. Մարգարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝  2016թ.ի նոյեմբերի 28-ի որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ բերվել է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ, ինչպես նաև բացակայել է վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։

2016թ. դեկտեմբերի 9-ին Ա. Մկրտումյանը և պաշտպան Գ. Մարգարյանը կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել` միջնորդելով հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը և այն վերականգնել՝ որպես հիմնավորում նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտն իրենց տրամադրվել է նույն թվականի սեպտեմբերի 27-ին։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերի միջնորդության հիմքում ընկած պատճառաբանությունները չեն կարող հիմք հանդիսանալ բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու և միջնորդությունը բավարարելու համար, քանի որ համաձայն գործի նյութերի` չնայած բողոքաբերները Վերաքննիչ քրեական դատարանի` 2016թ. սեպտեմբերի 14-ի դատական ակտը ստացել են նույն թվականի սեպտեմբերի 27-ին, սակայն բողոքը ներկայացրել են հոկտեմբերի 19-ին։ Հետևաբար պաշտպան Գ. Մարգարյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանը մերժել է, իսկ բողոքը թողել առանց քննության։

«Ես պաշտպանությունս ամբողջովին վստահել եմ իմ պաշտպանին, ով նշանակված է եղել պետության կողմից՝ հանրային պաշտպանի գրասենյակից: Պաշտպանս բաց է թողել վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետը, միաժամանակ չի միջնորդել այն վերականգնելու համար: Ստացվում է, որ ես պետության մեղքով անհիմն զրկվել եմ իմ դեմ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից, ինչի արդյունքում ստիպված եմ կրել իմ նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նշանակված 14 տարի ժամկետով ազատազրկումը: Ես չունենալով բավարար դրամական միջոցներ փաստաբանի վճարովի ծառայություններից օգտվելու համար՝ օգտվել եմ պետության նշանակած փաստաբանի ծառայություններից: Այդ փաստաբանի մատուցած ծառայության որակի համար պատասխանատվությունը պետք է ընկնի պետության վրա, առավել ևս այն դեպքում, երբ փաստաբանի անփութության կամ թերացման արդյունքում անձը զրկվում է իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու հնարավորությունից»,- ասում է Արթուր Մկրտումյանը:

Դիմելով ՄԻԵԴ՝ դատապարտյալ Մկրտումյանը կարծում է, որ չի ապահովվել գործի արդարացի քննության իրավունքը, որը կապված է նաև դատական ատյանի մատչելիության իրավունքի հետ: Դա էլ իր հերթին ենթադրում է, որ պետք է մատուցվեր պատշաճ իրավաբանական օգնություն, հատկապես, երբ այդ օգնությունը երաշխավորում է պետությունը, ինչն այս դեպքում, իրականություն չի դարձել:

Նշենք, որ Արթուր Մկրտումյանը թե՛ նախաքննության ժամանակ, թե՛ դատարանում, ինչպես նաև մինչ օրս պնդում է, որ կապ չունի սպանության հետ և իրեն մեղավոր չի ճանաչում: Ասում է, որ անհիմն է գտնվում ազատազրկման մեջ: Նշեց, որ բազմաթիվ բողոքներ է ուղարկել դատախազություն, ստացել է պատասխան, թե նոր երևան եկած հանգամանք չկա, և գործին նոր ընթացք տալ չեն կարող: Դիմել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

Արթուրը պատմեց, որ դեպքի օրը աշխատել է համագյուղացիներից մեկի գերեզմանատանը: Երբ աշխատանքն ավարտվել է, գնացել են տուն, մի քանի բաժակ օղի են խմել: Արթուրի ասելով՝ երբ նստել է իր մեքենան և վարել է մի 200 մետր, զգացել է, որ վիճակը վատ է: Ասում է, որ չգիտի, թե ինչու է վիճակը կտրուկ վատացել:

«Իմ հիշողության մեջ չկա, թե դրանից հետո ինչ է եղել: Միայն հիշում եմ, որ մեքենան կանգնացրել եմ մայթին, երաժշտություն եմ միացրել ու մեքենայի մեջ քնել եմ: 100 մետր շառավիղով այդ տարածքում բնակելի տուն չկա, և որևէ մեկին չեմ խանգարել: Հիշում եմ, որ արթնացել եմ ինձ խփելուց: Ես դիմադրություն ցույց չեմ տվել: Ես անջատվել եմ, չգիտեմ իմ վատ վիճակից, թե հարվածից: Ինձ խոշտանգված վիճակում մեքենայից հեռու են գտել, բայց իբր սպանության գործիք հրացանը գտել են մեքենայիս մեջ: Մեկ էլ հիշում եմ, որ ոստիկանի ավտոյի մեջ եմ ու գոռում եմ, թե ինչի համար եք տանում»,- ասում է Արթուր Մկրտումյանը և հավելում, որ միշտ խնդրել է իրավապահ մարմիններին գտնել իրական հանցագործին, ինքը սպանության հետ կապ չունի:

Դատաբժշկական փորձաքննության 19.09.2015թ. թիվ 184 եզրակացության համաձայն` Արթուր Մկրտումյանի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ:

Արթուրը նշում է, որ իր դեմ գործը «կարվել» է: Ասում է, որ նույնիսկ սկզբնական շրջանում հրաժարվել է պաշտպան ունենալու իր իրավունքից՝ վստահ լինելով, որ մեղավոր չէ, իրեն պետք չէ պաշտպան և շուտով ազատության մեջ կլինի: Ասում է նաև, որ իր մոտ զենք չի եղել, չգիտի, թե ինչպես է հետո զենքը հայտնվել քննիչների մոտ: Իբր ավտոմեքենայից գտած իր որսորդական հրացանը նա միանգամից տեսել է քննիչների սենյակում:

«Իմ մեքենայի մեջ զենք չի եղել: Ինձ կալանավորելուց 20-25 օր հետո զանգում եմ ընտանիքիս, խոսելու ընթացքում ասում են՝ գյուղի տան պատուհանը կոտրված է, հատակին կան արյան հետքեր: Ինձ համար լրիվ անհասկանալի բան էր: Իսկ որսորդական հրացանը թողել եմ գյուղի տանը, քանի որ ընտանիքս ապրում էր Բերդ քաղաքում, ուզում էի երեխաներից հեռու լիներ: Կոտրվել է այն սենյակի պատուհանը որտեղ զենքս է եղել»,- ասում է Արթուր Մկրտումյանը:

Նրա ասելով՝ բանավոր այդ մասին քննիչ Արգամ Մալյանին տեղեկացրել է դեպքի մասին: Ըստ Արթուրի՝ քննիչը ասել է, թե այդ դեպքը գործի հետ կապ չունի, և ընթացք չի տվել:

«Աբսուրդն այն է, որ իմ զենքի վրա իմ մատնահետքը չկա, և ձեռքերիս վրա վառոդ չի եղել, բայց արյանս հետքերը եղել են»,- նշում է Արթուրը:

Արթուր Մկրտումյանն ասում է, որ վկաները դատարանում սուտ ցուցմունքներ են տվել և կեղծել են իրականությունը: Նրա խոսքերով՝ պատմել են աբսուրդային բաներ, մինչդեռ եթե օբյեկտիվ և ամբողջական քննություն կատարվեր, կպարզվեր, որ նրանց ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ վկան ավտոմեքենայի համարը չի տեսել, չի իմացել, սակայն նշել է, թե գույնով է ճանաչել ու նշել՝ եթե Արթուրի ավտոմեքենան է, ուրեմն ինքն է եղել ավտոմեքենայի մեջ: Մեկ այլ դեպքում Արթուրին չեն տեսել, ձայնով են ճանաչել, սակայն Արթուրը պահանջել է, որպեսզի «ճանաչում» քննչական գործողությունն արվի, մերժվել է:

«Ես դիմում եմ դատախազությանը, որ գործն իմ վրա կարել են, փաստեր եմ նշում, ամեն անգամ ստանում եմ նույն պատասխանը, թե առկա է ուժի մեջ մտած դատական ակտ: Ավելի լավ է ինձ գնդակահարեն, քան սխալ տեղը որպես մարդասպան դատեն: Իմ գործը թող վերանայեն, դա եմ միայն պահանջում, չեմ ասում միանգամից բաց թողնեն: Թող վերանայեն, եթե կկարողանան նորմալ, հստակ ապացուցեն, կշարունակեմ պատիժս կրել»,- ասում է Արթուր Մկրտումյանը:

Դատապարտյալը հույս ունի, որ իրավապահները կվերաբացեն իր քրեական գործը և պատշաճ քննություն կկատարեն, հակառակ դեպքում ինքը շարունակելու է պայքարել և բարձրաձայնել, որ ինքը չարածի համար է կրում պատիժ, իսկ իրական հանցագործներն ազատության մեջ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter