
2020-ի պետական բյուջեով ակնկալվում է 4,9 % տնտեսական աճ ապահովել
2020 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 4,9 տոկոս տնտեսական աճ, որը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր:
Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Ենթադրվում է, որ առաջիկա ժամակահատվածում միջին գնաճը կգտնվի 3 տոկոսի շուրջ, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)-ի դեֆիլյատորը` 3 տոկոսի շուրջ, այստեղ էական տատանումներ չենք նախատեսում»,- ասաց Ատոմ Զանջուղազյանը:
Նախարարի խոսքով` 2020 թվականին ակնկալվում է 10,9 տոկոս արտահանման աճի և 6,8 տոկոս ներմուծման աճի ցուցանիշներ:
«Հարկային եկամուտների մասով կանխատեսում ենք մեկ տրիլիոն 602 միլիարդ դրամի չափով մուտք, որը 0,3 տոկոսային կետով բարելավում է, ինչ վերաբերում է ծախսերին, ապա սպասվող 24,5 ՀՆԱ-ի ծախսերի համեմատությամբ 26,5 տոկոս ենք ակնկալում ունենալ 2020-ին»,- ասաց նախարարը:
«Արտաքին աղբյուրներից ներգրավվող բոլոր միջոցների պատկերը հետևյալն է` վարկային միջոցները` 204 միլիարդ դրամ, դրամաշնորհային միջոցները` 34 միլիարդ դրամ»,- ասաց Ջանջուղազյանը:
Պետական պարտքի ցուցանիշների վերաբերյալ նախարարն ասաց, որ ակնկալվում է Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության միջակայքում 50 տոկոս պարտքի ցուցանիշ:
«Բացարձակ թվով այն ակնկալվում է, որ կլինի 7,3 միլիարդ դրամ»,- ասաց նա:
Մեկնաբանել