
Կառավարության կանխատեսումները բյուջեի ցուցանիշների վերաբերյալ մոտ են Կենտրոնական բանկի կանխատեսումներին
2020 թվականի պետական բյուջեի Կառավարության մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են Կենտրոնական բանկի կանխատեսումներին:
Խորհրդարանում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Վերջինիս խոսքով` տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը շարունակվելու են դեպի ավելի արտադրողական ճյուղեր, ինչպիսիք են ծառայություններն ու արդյունաբերությունը։
«Երկու ճյուղերի համեմատաբար բարձր աճով պայմանավորված` 2020թ-ին կանխատեսվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)-ի իրական աճ՝ 4,9 %-ի մակարդակով»,- ասաց Արթուր Ջավադյանը։
Ջավադյանի համոզմամբ` ներդրումների իրական աճը պայմանավորված կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումային ակտիվությամբ։ Արտահանելի ճյուղերի արտադրողականության աճի պայմաններում արտահանումը կգերազանցի ներմուծման իրական աճին և արդյունքում ընթացիկ հաշվի միտումը կպահպանվի նաև 2020-ին։
Բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում ակնկալվում է 2,6 %։
«Բյուջեի ծախսերը ՀՆԱ-ում կավելանան 2 տոկոսային կետով` պայմանավորված կապիտալ ծախսերի զգալի աճի նախատեսմամբ։ Կապիտալ ծախսերը կավելանան 2,2 տոկոսային կետով, և ՀՆԱ-ի 5 %-ը կկազմեն։ 2020 թ-ին պետական պարտքը ՀՆԱ-ում շարունակվելու է նվազել, բայց սպասարկման վճարի կշիռը շարունակելու է բարձր մնալ»,- ասաց նա։
Մեկնաբանել