
ԱԻՆ-ի բյուջեն 2 միլիարդ 615 միլիոն դրամով աճել է, պատճառը փրկարար ծառայության պարգևավճարներն են
Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2020 թվականի բյուջեով հատկացվել է 15 միլիարդ 184 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2 միլիարդ 615 միլիոն դրամով:
Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային և Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը:
Վերջինիս խոսքով` բարձրացումը պայմանավորված է փրկարար ծառայության աշխատավարձերի, հավելավճարների, պարգևավճարների ավելացմամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ օրեր առաջ Վանաձորի հյուսիսում` Բազում լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքները կատարելիս դժբախտ դեպքին, որի ժամանակ մեկ հրշեջ-փրկարար զոհվել է, ինչպես նաև վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել երկրորդ հրշեջ-փրկարարը:
«Նախ հերոս է պետք դիտել նման մարդկանց, և հետո` կա հստակ համակարգված օգնության ֆոնդ, որ նման դեպքերում նույնիսկ քննարկում էլ չլինի այդ հարցով, օգնություն տրամադրվի»,- ասաց պատգամավորը:
Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է` ծառայողական պարտականությունները կատարելիս դժբախտ պատահարի դեպքում պետությունը հոգածության պարտավորություն ունի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հետաքրքրվեց հրդեհների քանակով և արդյոք փրկարար ծառայությունն ունի համապատասխան տեխնիկա, կարիք կա արդյոք ուղղաթիռների, որպեսզի փրկարար ծառայությունն ավելի արագ ու պատշաճ լինի:
Արա Նազարյանը պատասխանեց, որ հրդեհների քանակը էապես ավելանում է վերջին տարիներին, օրինակ 2018-ին արձանագրվել է 4345 հրդեհի դեպք, իսկ 2019-ին` 7678, այսինքն 76, 77 տոկոս աճ կա:
«Ինչ վերաբերում է պատշաճ արձագանքման հնարավորություններին, մենք համագործակցում ենք Ճապոնիայի կառավարության հետ, համապատասխան հրշեջ տեխնիկա են տվել մեզ` 15 միլիոն դոլարի շրջանակներում: Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի միջոցով ՌԴ-ից 36 տեխնիկա կտրվի: Միշտ նման ծրագրերը, որոնք մեծ միջոցներ են պահանջում, դոնորների միջոցով ենք անում»,- ասաց Նազարյանը:
Փոխնախարարի խոսքով` ուղղաթիռների կարիք կա, սակայն երկու հանգամանք պետք է հաշվի առնել` փրկարարական ու հրդեհաշիջման տեսակյուններից, եթե հրդեհաշիջման տեսանկյունից կարող է արդյունավետ չլինել, բայց փրկարարական առումով կարիքը կա:
Մեկնաբանել