
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի խոսքով` Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից բացատրություն ստանալու կարիք է եղել գույքի հետ կապված
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի վստահեցմամբ` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը` անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող գործին, որն առնչվում է ՍԴ նախագահին:
Մարտիրոսյանը կոչ է անում այդ գործում ենթատեքստ չփնտրել:
«Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաև խնդիր է առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, երկու դուստրերն են հրավիրվել և հայրը։ Երեխաները 23-25 տարեկան են եղել, խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել»,- ասաց նա։
Մարտիրոսյանի խոսքով` գործն ապօրինի հարստացմանը չի առնչվում:
«Մենք հրապարակել ենք, մամուլով մանրամասն ներկայացրել ենք, նույնիսկ նախաքննության շրջանակում չպետք է ներկայացնեինք այն, ինչ ներկայացվել է, ուղղակի նրա համար էր, որ սպառիչ լինի»,- ասաց նա։
Մարտիրոսյանը տեղեկացրեց` զանգահարել են նաև Հրայր Թովմասյանին, որպեսզի տեղյակ պահեն, որ հրավիրում են ոչ թե հարցաքննության, այլ պարզաբանման, բայց նա հեռախոսազանգերին չի պատասխանել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ-ն) ինչ ստուգումներ է իրականացնում ԱԱԾ-ում, ԱԱԾ պետի պաշտոնակատարն արձագանքեց` հերթական ստուգումներն են իրականացնում, կհրապարակվի՝ պարզ կլինի:
«Մեր ֆինանսական գործունեությունն է երկու տարվա կտրվածքով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալությունների մասին լուրերին, Մարտիրոսյանը վստահեցրեց` նման գործեր չկան:
Մեկնաբանել