HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեկնարկեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործի քննությունը. դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, րոպեներ առաջ մեկնարկեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են), ՊՎԾ պաշտոնատար անձանց՝ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի, «Զորաշեն» ՍՊԸ-ի ղեկավար Տարոն Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ ինքը գործով ինքնաբացարկ չի հայտնել, սակայն ցանկանում է տեղյակ պահել երեք հանգամանքի մասին, որոնք անաչառ դիտորդի մոտ, հնարավոր է, կասկածներ առաջացնեն իր անաչառության վերաբերյալ:

Բալայանն ասաց, որ ինքը հոկտեմբերի 14-18 Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի և Շիրակի մարզի դատախազի հետ մեկնել է արտերկիր գործուղման, մասնակցել սեմինարի: Սեմինարին մասնակցելու մասին դատավորը տեղյակ է եղել հունիս ամսին, երբ, նշենք, քրեական գործը դեռևս դատարան չէր ուղարկվել:

«Այս հանգամանքը ինձ չի խոչընդոտում, բայց ցանկացա ձեզ այդ մասին տեղեկացնել»,- ասաց Բալայանը:

Վերջինս նշեց, որ գործով ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը մի քանի ամիս առաջ դատարանի դռները շրջափակելու օրն իր հետ տեղի ունեցած դեպքի առթիվ դիմել է Հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ մայիսի 20-ին, երբ դատարանների մուտքերը շրջափակված էին, դատավոր Բալայանը փորձել էր դատարան մուտք գործել պատուհանից, սակայն նրան քաղաքացիները թույլ չէին տվել, Բալայանը վայր էր ընկել:

«Ես Հրանտ Անանյանին չեմ լիազորել, ինքը որպես մասնավոր անձ է դիմել ՀՔԾ: Հետագայում տեղեկացել եմ, որ այդ դեպքով գործ չի հարուցվել, ինչից հետո Հրանտ Անանյանը բողոքարկել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը, հիմա գործի քննությունը գտնվում է դատարանում»,- ասաց դատավոր Բալայանը:

Վերջինս հիշեցրեց, որ այս գործով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկա է, իր քեռու որդին հանդիսացել է Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, և վերջերս ազատվել է աշխատանքից:

Դատավորը պարզաբանեց, որ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ինքնաբացարկի հիմք է, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Արսեն Թորոսյանը սույն գործով վկա է:

«Իմ կողմից նշված հիմքերը, իմ կարծիքով, հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի ես կողմնակալություն ունենամ սույն գործով, բայց անհրաժեշտ գտա բացահայտել դրանք»,- ասսց դատավորը: Վերջինիս, սակայն, ինքնաբացարկ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ «Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Խաչատրյանին:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է արդեն իսկ վերը նշված` Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին վերագրվող գործողություններով:

Բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter