
Ոստիկանության ծառայողներից 169-ը 29,8% պարգևավճար են ստացել երկու և ավելի անգամ
Պարգևավճարների ֆոնդի ձևավորումից հետո ոստիկանությունում յուրաքանչյուր աշխատակից կարող է անհամեմատ ավելի բարձր վարձատրվել: Այս մասին 2020թ․-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Երբ որ պարգևավճարների ֆոնդը ձևավորվեց, դրա շրջանակներում վերլուծվեց ընդհանուր հանցավորության դինամիկան, թե քանի առաձնապես ծանր հանցագործություն է եղել, քանի ծանր, քանի հասարակական հնչեղություն ստացած գործեր կան, նաև կարևորություն տրվեց մարդու կյանքը փրկելուն և ոստիկանության զարգացմանն ուղղված մոտեցումներին, և մենք այդ թվին համահունչ ֆոնդից առաձնացրել ենք հատված, որն այս տարվա մարտին ստորագրվեց և սեպտեմբերին, փոփոխություններով հանդերձ, հաստատվեց»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունում յուրաքանչյուր ոք կարող է անհամեմատ բարձր վարձատրվել, եթե ինքը կարողանա օպերատիվ տեղեկություն ստանալ հանցագործությունների վերաբերյալ, ճիշտ ձևով ներկայացնել և իրացնել իր ստացած օպերատիվ տեղեկությունները։ Իսկ ոչ օպերատիվ կառույցների համար, օրինակ՝ ոստիկանության զորքեր, պետական պահպանության գլխավոր վարչություն, այստեղ լիբերալ է եղել մոտեցումը, հատկացումներն ինքն է ղեկավարել։
«Բայց առյուծի բաժինը փորձել եմ տալ կրտսեր ծառայողներին, որ ոգևորվեն և անտարբեր չդառնան»,-ասաց նա` հավելելով, որ այստեղ իմանալու և վերադասին զեկուցելու խնդիր ունեն։
«Օրինակ՝ շարքային ծառայողը լսել է, որ համագյուղացին որևէ վատ բան է արել, կասկածի, թե պետիս ասեմ կարողա գյուղ հասնի, որ ես եմ ասել, այս մոտեցումը պետք է կանխվի։ Պետք է անտարբեր չանցնեն, տեղեկացնեն, հասկանան ոչ միայն գումար վաստակելու խնդիր է, այլ սուրբ պարտականություն, մյուսներն էլ մոտիվացված կծառայեն»,- ասաց նա։
«Ծառայողներից 169-ը 29,8 % պարգևավճար ստացել են երկու և ավելի անգամ, այսինքն՝ մարդիկ տեսել են, գնահատվել են, և սրա արդյունքում մոտիվացվել են ավելի լավ աշխատել։ Ծանր հանցագործությունների ծախսը 230 հազար դրամ է, լրացուցիչ որ պարգևատրվում են, սրա մեջ ներառված չեն առաձնապես ծանր հանցագործություն կատարած և հետախուզման մեջ գտնվող անձանց բացահայտումը: Նաև կյանք փրկելն է խրախուսվում, օրինակ, որ կամրջի վրա տեսավ անձը կյանքին վերջ է տալիս՝ արագ արձագանքելու դեպքում, բացի այլ պարգևներից, մեդալ, պատվոգիր, կարող է նաև գումար վաստակել»,- ասաց Սարգսյանը:
Մեկնաբանել