
Խաչենի ջրամբարում ձկների անկման պատճառները պարզելու համար փորձաքննության արդյունքները պիտի ընդհանրացվեն
Խաչենի ջրամբարի ափերին սատկած ձկների լաբորատոր փորձաքննության արդյունքներն Արցախի գյուղատնտեսության նախարարությունն ուղարկել է Բնապահպանության նախարարությանը, որպեսզի գերատեսչությունն ընդհանրացնի դրանք: Այս մասին «Հետքին» հայտնեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը։
«Նաև ԱՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն էլ է փորձաքննություն իրականացրել, նա էլ պիտի ընդհանրացնի: Այս երեք կառույցի փորձաքննության հիման վրա պիտի եզրակացության գանք», - ավելացրեց նա:
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանն էլ ասաց, որ վերջնական եզրակացությունը պատրաստ լինելու դեպքում հայտարարություն կարվի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, հղում անելով ֆեյսբուքյան օգտատեր Վլադիմիր Դոլուխանյանի տարածած տեսանյութին, գրել էինք, որ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել:
Հաջորդ օրը Արցախի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ ափամերձ գոտում ձկների անկման պատճառները պարզելու նպատակով լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցրել և՛ ջրից, և՛ ձկներից:
Հոկտեմբերի 20-ին, երբ «Հետքն» այցելել էր Խաչենի ջրամբար, ափերին հատուկենտ սատկած ձկներ էին մնացել. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարածքի մաքրման ու ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ էր իրականացրել։
Մեկնաբանել