
Հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզա գյուղի 30 հա խոտհարքները չեն օգտագործվում. դրանց ճանապարհներն անցնում են Վրաստանի տարածքով
Հաշվի առնելով սահմանամերձ դիրքը, հողային ռեսուրսների սակավությունը, տնտեսության հետագա զարգացման նպատակով Ջիլիզայի անտառտնտեսության անտառային բացատներից Կառավարությունը Ջիլիզա գյուղական համայնքին 1998թ.-ի հոկտեմբերի 12-ի N 625 որոշմամբ ամրակցել է 40 հա հող՝ դրանք դասելով պահեստային ֆոնդի հողերի շարքը:
Հայ-վրացական սահմանին գտնվող Ձիթահանք, Կտրոն, Զաքարի չափար, Գոլի թալա հանդամասերի 30 հա խոտհարքները մտնում են կառավարության կողմից Ջիլիզային 1998թ.-ին ամրակցված 40 հա հողերի մեջ: Ամրակցված հողերի, այդ թվում նաև վերոնշյալ խոտհարքների օգտագործումը կխթաներ սահմանային Ջիլիզայում անասնապահության զարգացմանը:
Ձիթահանք, Կտրոն, Զաքարի չափար, Գոլի թալա հանդամասերի խոտհարքներն ընդամենը մեկ կմ են հեռու Ջիլիզայից:
Ալբերտ Լալայանը Ձիթհանքում 3 հա խոտհարք ունի: Ասում է՝ Ձիթահանքի խոտհարքում լավ խոտ է լինում, բայց ինչպես Ալբերտի, այնպես էլ մյուս համագյուղացիների խոտհարքների ճանապարհներն անցնում են Վրաստանի տարածքով: Նրանք նախկինում այդ խոտհարքներ հայ -վրացական սահմանով անարգել գնացել են: Հիմա վրացի սահմանապահները թույլ չեն տալիս գյուղացիներին իրենց տարածքով խոտհարքներ գնալ և խոտը տեղափոխել:
Ջիլիզայի 2-րդ թաղամասում՝ հայ–վրացական սահմանագծի Չանախչի գետակի ափին բնակվող Ալբերտ Լալայանը պատմում է, որ անկախության առաջին տարիներին բոլորն ուզում էին սահմանային գյուղերն ամրացնել, պատմական հուշարձաններին տեր դառնալ, հիմա այդ ամենը մոռացվել է: Ալբերտի խոսքով, անկախությունից հետո ջիլիզացիները հավաքվել և որոշել են Ջիլիզայի 2-րդ թաղամասի տարածքում, հայ-վրացական սահմանագծի Չանախչի գետակի ափին նոր գյուղ հիմնել:
«Նոր գյուղում 32 ընտանիք էր հաստատվել, սակայն պետությունը էստեղ մեզ չօգնեց, որ գյուղ դառնանք, մնացինք երեք տուն, մնացածները հեռացան Ջիլիզայից»,-պատմեց Ալբերտը:
Ջիլիզայի վարչական պատասխանատու Մհեր Վարդանյանի խոսքով, կառավարությունը 1998թ.-ին Ջիլիզայի անտառտնտեսության անտառային բացատների 40 հա հողերը, այդ թվում նաև Ձիթահանք, Կտրոն, Զաքարի չափար, Գոլի թալա հանդամասերի խոտհարքներն իրականում Ջիլիզային է հատկացրել սահմանին հիմնադրված նոր գյուղի 32 ընտանիքներին տրամադրելու համար, որը, սակայն, չի իրականացվել:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղյակ էր չօգտագործվող խոտհարքներին: Մարզպետի խոսքով, այդ խոտհարքների հետ կապված Ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումներ են գնում:
«Իհարկե, վրացիները թույլ չեն տալիս մեր գյուղացիներին իրենց տարածքով խոտը տեղափոխել Ջիլիզա: Մյուս կողմից, այդ հանդամասերի խոտհարքների նոր ճանապարհ կառուցելը հնարավոր է, բայց դրա համար մոտ 100 000 դոլարի ծախս է պահանջվում: Մենք նախատեսում ենք Ջիլիզայում տուրիզմի զարգացման համար ճանապարհ կառուցել նաև դեպի Խուճապի վանք: Այնուամենայնիվ, ԱԱԾ-ի հետ քննարկումից հետ այդ խոտհարքների և Խուճապի վանք գնացող ճանապարհների հարցը պետք է ներկայացնենք Կառավարությանը»,-ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Սովետական ժամանակների մեր անտառտնտեսության ցանած անտառկուլտուրաները էսօր գուգլով նայում եմ, Վրաստանի տարածք է: Այսինքն՝ ով է այդ տարածքը վրացիներին տվել: Ինչի են տվել: Դա, երևի, 5 տարի է, որ էդպես է: Փաստորեն մենք հայ-վրացական սահմանի Ջիլիզայի հատվածում հող ենք կորցրել»,- ասում է Ալբերտ Լալայանը:
Սահմանագիծ Չանախչի գետակը փշալարերով չի սահամանազատված: Ալբերտ Լալայանը Չանախչի գետակի ափին ձկնաբուծարան ունի: Ալբերտի և հոր 1998թ.-ին կառուցած սեփական տունը և տան հարևանությամբ կառուցած ձկնաբուծարան գտնվում են Ջիլիզայի 2-րդ թաղամասում: Կադաստրի կոմիտեի Վանաձորի սպասարկման գրասենյակում հրաժարվում են տունը և լիճը գրանցել Ալբերտ Լալայանի անունով:
«Ասում են՝ սահմանի վրա է, չեն կարող գրանցել: Բայց իմ տունը և լիճը գտնվում է Ջիլիզայի 2-րդ թաղամասում, ով է որոշել, որ հորս և իմ 1998թ.-ին կառուցած տունը չի կարելի գրանցել իմ վրա»,- ասում է նա: Ալբերտն այդ հարցով դիմել է նաև Լոռու մարզպետին: Սպասում է պատասխանին: Ալբերտը որդու հետ սահմանին է ապրում : Նրա խոսքով՝ որդին հորն առաջարկում է գնալ քաղաքում ապրելու:
«Ինձ թվում է՝ եթե այստեղից ես գնամ, Ջիլիզայի 2-րդ թաղամասի 7 հա մեր էս տարածքի գլխին վրացիները նորից «պոստեր» են սարքելու»,- ասում է նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել