HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե բանտերում չլիներ միջազգային կառույցների առաքելությունը...

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

24 տարվա հեռվից մտածում եմ՝ ինչ կլիներ հայաստանյան բանտերում, եթե 90-ականներից «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը, իսկ 2000-ականներից եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մուտք չունենային մեզ մոտ: Պատկերը, մեղմ ասած, չափազանց տխուր կլիներ:

Վերջերս դարձյալ հանդիպում ունեցա «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Աշխատասենյակում էի, երբ նրանք ներս մտան: Հիշեցի և նրանց պատմեցի, որ եղել եմ առաջին մահապատժի դատապարտվածը, ում հետ «Կարմիր խաչին» հաջողվել է հանդիպել դեռ հեռավոր 1997 թվականին: Ծնողներս էին դիմել նրանց: Այն ժամանակ չէին թույլատրել, որ խուց մտնեն: Մոտ երկու տարի անց կարողացան նաև խուց մտնել և սեփական աչքերով տեսնել «Նուբարաշեն» բանտի 5-րդ հարկի ողջ դժոխքը…

Միջազգային հեղինակավոր կառույցի՝ բանտ այցելած ներկայացուցիչներին գոհունակությամբ ասացի, որ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության դերն, իրոք, շատ մեծ է եղել Հայաստանի ազատազրկման վայրերում, հատկապես համատարած խոշտանգումների կանխման հարցում: Ինչ վերաբերում է մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահապատժացմահականներիս պայմաններին, ապա «Կարմիր խաչն» իսկապես պատմական դեր է խաղացել. չափազանցրած չի լինի, եթե ասեմ՝ մեծամասամբ նրանց շնորհիվ համակարգի կողմից սովի, ծեծի ու դաժան պայմանների միջոցով տարվա կտրվածքով 3-5 հոգու մահապատժի «ի կատար ածումը» կանգնեցվեց նաև այդ կազմակերպության ջանքերով:

Մեզ այցելող «Կարմիր խաչի» աշխատակիցները պարբերաբար փոխվում են: Չնայած, որ այս անգամվա հյուրերը ընդհանուր առմամբ տեղյակ էին նախկին դժոխքի մասին, այնուամենայնիվ մեծ հետաքրքրությամբ լսում էին և գրի առնում: Շփվում էինք ռուսերենով: Ներկայացրեցի ոչ միայն նախկին անօրինությունները` մահապաժացմահականներիս իրավունքների համատարած խախտումները, ավելի ճիշտ` իրավունքներից զուրկ լինելը, այլ նաև ներկայիս դրական դինամիկան և այսօրվա պայմանները: Ասեմ, որ «Կարմիր խաչը» լիրժեքորեն պահպանում է կոնֆիդենցիալությունը: Նրանց, որքանով հասկացա, այս պահին շատ էր հետաքրքրում երեք հարց.

  1. Սոցիալ-հոգեբանական-իրավական բաժնի (ՍՀԻԱ) գործունեությունը. որքանո՞վ է այն լիարժեք, էֆեկտիվ, արդյո՞ք իրականում կան անհատական ուղղման ծրագրեր յուրաքանչյուր դատապարտյալի համար, արդյո՞ք ամեն դատապարտյալի հետ անհատական աշխատանք տարվում է, մատչելի՞ են հոգեբանները և այլն:

Այս հարցի կապակցությամբ, ասացի, որ ՍՀԻԱ բաժնի աշխատանքը շատ կարևոր է, և այդ բաժնի ստեղծումն ու կայացումը պարզապես անհրաժեշտ էր: Որոշակի աշխատանքներ կատարվում են` տարատեսակ միջոցառումների կազմակերպում, աշխատանքի և ուսման հարցերում աջակցում են, որ տեխնիկապես այն հնարավոր դառնա: Պատասխանելով հարցին՝ ասացի՝ այո՛, եթե դատապարտյալը ցանկություն է հայտնում, ապա ՔԿՀ-ի հոգեբանը անպայման հանդիպում է, առանձնազրույց ունենում: Մատնանշեցի, որ, այնուամենայնիվ, հոգեբանների քանակի լուրջ խնդիր կա. չի կարող մեկ հոգեբանը արդյունավետ աշխատել մոտ 500 ազատազրկվածի հետ: Իրականում չկան անհատական ուղղման ծրագրեր, որոնց կծանոթացնեն նաև դատապարտյալին, որպեսզի հասկանալի լինի, թե կոնկրետ ինչ անհատական մոտեցում է ցուցաբերվում:

  1. Երկրորդ հարցը վերաբերում էր դատապարտյալների պահման ռեժիմների փոփոխմանը:

Մասնավորապես՝ դեռ անհասկանալի է, թե ինչ գործիքակազմ է օգտագործվելու, ինչ չափորոշիչներով են առաջնորդվելու ռեժիմները փոփոխելիս: Այս հարցում անհրաժեշտ է գրեթե բացառել սուբյեկտիվ մոտեցումները, ինչն իր մեջ կարող է պարունակել  հովանավորչական ու կոռուպցիոն ռիսկեր: «Կարմիր խաչի» աշխատակիցները քաջատեղյակ էին պայմանական վաղաժամկետ ազատման բալային համակարգից, ինչը ողջունում էին և համամիտ էին, որ այն անհրաժեշտ է ներդնել նաև ռեժիմների հարցում: 

  1. Նկատի ունենալով դժվարությամբ դրական փոփոխությունների հասնելու ճանապարհի խոչընդոտները՝ որպես անփոփում ինձ հարց տվեցին՝ ինչ եմ կարծում` հնարավո՞ր է հասնել Խորհրդային միությունից ժառանգած հին պատժողական քաղաքականությանը սովոր աշխատակիցների մտածելակերպի փոփոխության:

Ասացի կարծիքս, որ ոմանց մոտ, չնայած դանդաղ, բայց արդեն իսկ ձևավորվում է նոր մտածելակերպ. գիտակցում են, որ պատժի նպատակը մարդուն ամենալայն իմաստով խոշտանգելը չէ, այլ նորմալ կյանքով ապրելու և ազատություն վերադառնալու հնարավորություն տալը, սակայն կան այնպիսինները, որոնց մեջ պատժողական քաղաքականությունը այնքան է ամրապնդված, որ, եթե եվրոպական համապատասխան կառույցների վերահսկողությունը և պարտադրանքը չլինեն, ապա, թերևս, շատ կարճ ժամանակում կգլորվենք անցած դարի 90-ական թվականներ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter