HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300 -րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: 

Նշենք, որ Բաբլոյանն օրեր առաջ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել էր որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը:

Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առթիվ հարուցված քրեական գործի  շրջանակներում ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Վերջինս գտնվում է կալանքի տակ:

 Ըստ ՀՔԾի տարածած հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը, մի խումբ անձանց կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության համաձայն՝ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների խախտմամբ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու դիտավորությամբ, Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում, ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի  2-ը նշելով,  խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը:

Այդ կերպ, Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter