HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում խմելու ջուրը գնում են լիտրերով. վաճառքն իրականացվում է նաև սարքավորման միջոցով

Ջուր վաճառելու բիզնեսը Արմավիրում ծաղկում է, քանի որ տարիներ շարունակ բնակիչների ծորակից գալիս է արտեզյան հորերի ջուրը, որը տեխնիկական է, և մարդիկ չեն կարողանում խմել: Ջրի բիզնեսն այստեղ այնքան է զարգացել, որ քաղաքում սկսել են ի հայտ գալ լիտրով Թալինի ջուր վաճառելու «ապարատներ»: Նմանատիպ մի սարք արդեն տեղադրվել է քաղաքի շենքերից մեկի բակում, և լիտրը 10 դրամով սարքը ջուր է վաճառում քաղաքացիներին: Տարան տեղադրում են ծորակի տակ, կոպեկը նետում սարքավորման մեջ և սպասում, որ համապատասխան վճարի դիմաց ջուր լցվի:

Ջուր վաճառող սարքավորման վրա չկա որևէ տվյալ այն մասին, թե ով է իրականացնում ջրի վաճառքը: Նշված է միայն բջջային հեռախոսահամար՝ անսարքության դեպքում զանգահարելու համար: Այդ հեռախոսահամարով զանգահարելով` փորձեցինք պարզել, թե ով է իրականացնում ջրի վաճառքը: Պատասխանեց մի երիտասարդ տղա, որը, սակայն, որևէ տեղեկություն չհայտնեց: Միայն նշեց, որ վաճառքն իրականացնում է կազմակերպություն, որի անունը գաղտնի պահեց:

«Հետո զանգի, պարապ լինեմ կհանդիպենք, կասեմ ամեն ինչ»,-ասաց երիտասարդը:

Եթե սարքավորման միջոցով ջուր վաճառելը քաղաքում նորություն է, և բնակիչները կատակում են, թե Երևանում կոպեկ են գցում, «ապարատը» սուրճ է տալիս, իսկ Արմավիրում՝ ջուր, ապա նորություն չէ ջրի ցիստեռներով բեռնված ավտոմեքենաների շչակի ձայնը: Քաղաքն արթնանում է հենց ջուր վաճառող ավտոմեքենաների ձայնից: Ամռանն ավելի շուտ, իսկ ձմռան ամիսներին ժամը 7.30-8:00-ն ավտոմեքենաներն արդեն հայտնվում են շենքերի բակերում:

Արմավիրցիները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են ծորակից նորմալ ջուր խմել: Կենցաղային ջուրը ևս ընդհատումներով է մատակարարվում: Քաղաքում խմելու ջրի ցանցը քայքայված է, և հաճախ են վթարային անջատումներ լինում:

«10 տարի Արմավիր քաղաքում հարս եմ ու 10 տարի է` առավոտ շուտ եմ արթնանում, որ խմելու ջուր գնեմ: Ամառվա ամիսներին մոտ 200 դրամի ջուր ենք գնում, ձմեռը մի քիչ-քիչ: Բայց դրան զուգահեռ, խորանարդի համար 180 դրամ էլ վճարում ենք ծորակից եկող կենցաղային ջրի համար: Ստացվում է, որ մենք ջրի համար կրկնակի ենք վճարում»,-ասում է Կարինե Ասատրյանը:

Բնակիչները պատմում են, որ ընտանիքներ կան, որոնք կենցաղային ջուր են խմում, քանի որ ի վիճակի չեն այդքան ջուր գնել: Ծանր է հատկապես թոշակառուների վիճակը:

«Չգիտեմ, թե այս հարցը երբ է լուծվելու, բայց այսպես հնարավոր չէ այլևս: Ինչքան կարելի է ջուր կուտակել տարաների մեջ ու խմել: Որ գնում եմ Երևան՝ ծնողներիս տուն, երազանքի նման բան է լինում ծորակը բացելն ու այնտեղից ջուր խմելը»,-կատակում է Կարինեն:

Արմավիր և Մեծամոր քաղաքներին ու հարակից 12 գյուղերին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ շարունակում է մատակարարել այն ջուրը, որ նրանք ստացել են տարիներ շարունակ նախկին ջրամատակարարից՝ «Նոր Ակունք» ընկերությունից:

«Մեզ հայտնի է սպառողների դժգոհությունը ջրի որակից: Արվում է հնարավոր ամեն բան՝ վարձակալության պայմանագրի շրջանակներում ջրի մատակարարման բարելավման և տեխնիկապես մաշված բաշխիչ ցանցի վերանորոգման և այդ միջոցով ջրի որակի ապահովման համար»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լրատվական բաժնից:

Տարիներ շարունակ քաղաքում խոսում են, որ Արմավիրը ջուր է ստանալու այլ աղբյուրներից և վերջապես տարաներով ջուր կուտակելուց ազատվելու են: Ջրամատակարար ընկերությունը, սակայն, հուսադրող պատասխան չի տալիս այդ հարցին: Ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ եթե պարզվի, որ ջրի աղբյուրների փոփոխության անհրաժեշտություն, իրոք, կա, ապա առկա են խնդրի լուծման` տարիների պատմություն ունեցող տարբերակներ, որից մեկը ենթադրում է Արագածոտնի մարզի Ղազարավանից նոր ջրագծի կառուցում դեպի Արմավիր:

«Սակայն, դա շատ ծախսատար նախագիծ է, որը հնարավոր է իրականացնել միայն հայկական կողմի՝ Ջրային կոմիտեի հետ պետական ֆինանսավորման պարագայում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներդրումային ծրագրերն ուղղված են հիմնականում վարձակալած ջրային համակարգերի պահպանմանն ու շահագործմանը, բայց ոչ նման մեծածավալ ծրագրերի իրականացմանը»,-նշում են ընկերությունից:

Այս հարցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր դիմել է նաև մարզից ընտրված պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Նախարարությունից տեղեկացրել են, որ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսավորմամբ «Համայնքային ենթակառուցվածքի ծրագիր II փուլ 3» ծրագրի շրջանակներում Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով 2020-2021թթ. նախատեսվում է վերակառուցել Արմավիր քաղաքի հյուսիսային հատվածն ամբողջությամբ՝ բաշխիչ ցանցում կառուցելով մոտ 38 կմ նոր ջրագծեր և մոտ 2410 անհատական ջրաչափական հորեր:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև վերակառուցել գոյություն ունեցող կոյուղու կոլեկտորի վթարային վիճակում գտնվող 1.5 կմ երկարությամբ հատվածը, ինչպես նաև Արմավիր և Մեծամոր քաղաքների համար կառուցել կոյուղու մաքրման նոր կայան՝ կենսաբանական լճակների տարբերակով»,-հայտնել են նախարարությունից:

Հատվածային վերանորոգումները շոշափելի արդյունք չեն տա մոտ 37 հազար բնակիչ ունեցող քաղաքի քայքայված ջրամատակարարման համակարգին:

Մեկնաբանություններ (1)

Նարե
Պատճառը ոչ միայն ջրի արտեզյան լինելնէ։ Տարիներ առաջ , երբ ջրագծերի փոխեցին նախկին քաղաքապետը բերեց օգտագործված, ժանգոտ , օգտագործման համար ոչ պիտանի խողովակներ տեղադրեց։ Երբ ջրագծերի արդեն փոխված էին և մարդիկ հույս ունեին , որ ջրամատակարարումը նորից կսկսվի , մարդկանց համար անակնկալ էր ծորակը բացելուց հետո պետք էր առնվազն մեկ ժամ սպասել, որ ջուրը մաքրվի։ Այդպես թ մինչև հիմա , եթե մի քանի ժամ ջուր չի լինում , դրանից հետո պղտոր ջուր է գալիս։ Ես հիշում եմ մեր բակի ծորակի ջուրը Ապարանցի էր գալիս և մարդիկ գալիս էին ուրիշ վայրերից , որ ապարանի ջուր տանեն։ Հիմա արմավիրցինա ջուր գնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter