Թուրքիայի հայ համայնքը. նոր մարտահրավերները եւ հին իրականությունը` դեմ-դիմաց
Հարցազրույց «Ակոս» թերթի աշխատակից Բագրատ Էստուկյանի հետ
- Շփվելով պոլսահայերի հետ` տպավորություն ստացա, թե համայնքում ազգային զարթոնքի փուլ է սկսվել, կարո՞ղ ենք այդպես ասել:
- Դժվար թե այդպես ասենք, ընդհակառակը` վերջերս որոշ ցնցվածություն է տիրում պոլսահայերի մեջ, հատկապես մեկ տարուց ավելի է, որ Հրանտ Դինքը սպանվեց, եւ հունվարի 19-ից ի վեր (Հ. Դինքի սպանության օրը) մի ցամքացություն է տիրում պոլսահայ համայնքում: Այդ ցամքացության մեջ զարթոնքի մասին խոսելը, ընդհանուր առմամբ, դժվար է, բայց, անշուշտ, այսպիսի հարվածներն անմիջապես ունենում են իրենց փոխադարձ արձագանքն էլ: Օրինակի համար եթե զարթոնքի մասին խոսենք, առայժմ մի նոր խմբակցություն ունենք «Նոր Զարթոնք» անունով, երիտասարդական մի հավաքականություն է, որոնք կձեռնարկեն զանազան միջոցառումներ` գաղափարական, քաղաքական, ընկերային նյութեր, սակայն սրանք շատ չնչին աշխատանքներ են: Ժողովրդի ընդհանուր հոգեբանության մասին եթե պիտի խոսենք, ընդհակառակը` ընկճվածությունն ավելի զորեղ է, քան թե զարթոնքը: Մի օրինակ կարող եմ բերել. երկու շաբաթ առաջ Ստամբուլում բախտ ունեցանք լսելու Հայաստանից եկած «Կոմիտաս» քառյակը: 600 հոգանոց դահլիճի մեջ ելույթ ունեցավ, հանդիսատեսների թիվը ընդամենը 103 էր: Կարծում եմ` եթե «Կոմիտասը» երկու տարի առաջ եկած լիներ, այդ համերգասրահը այդպես չէր լինի: Ժողովուրդը որոշ ընկճվածության մեջ է: Հրանտի սպանությունը, պատրիարք սրբազանի հիվանդությունը եւ նաեւ երկրի քաղաքական անկայուն վիճակը, այս ամենը նպաստում է դրան: Որովհետեւ Թուրքիայի մեջ քաղաքական վիճակը շատ լարված է: Մի կուսակցություն կա, որ շատ տասնամյակներ հետո առաջին անգամ առանձին կառավարություն կազմելու շատ ձայն ստացավ, բայց այսօր այդ կուսակցությունը փակել ուզող, քաղաքականությունից ոչնչացնել ուզող ուժեր կան: Ակնարկությունս բանակինն է: Բանակն, անշուշտ, առանձին ուժ չէ, իր թիկունքում է ամբողջ դատական կազմը, իրավապահ մարմինները, համալսարանները եւ բոլոր ազգայնապաշտ գաղափարախոսության ուժերը:
- Իսկ ազգայնամոլների իշխանության գալու վտանգ կա՞ այսօր:
- Նրանք ցանկացած վայրկյանի կարող են գալ, նրանց ետեւում բանակն է կանգնած, բայց բանակը շատ զգույշ է առաժմ: Այսօր եթե սպայակույտը միջամտի` ասելով, որ այս խորհրդարանի ընթացքը մեզ ձեռնտու չէ, ոչ ոք ոչինչ չի կարող անել: Այս երկրի մեջ այդ պատկերը մի քանի անգամ եղել է: Անշուշտ, նման բանը լինում է արտաքին երկրների զորակցությամբ: Ես այդ ասելով առաջինը նկատի ունեմ Ամերիկայի միացյալ նահանգները: Այս երկրի սպայակույտը սերտորեն կապված է Միացյալ նահանգներին: Հետեւաբար, եթե ամերիկյան շահերը պահանջեն, որ բանակը միջամտե, իսկույն կմիջամտե: 1971, 1980 թթ. նույնը պատահեց:
- Իսկ այսօր ի՞նչ շահ ունի Ամերիկան, նրան ձեռնտու՞ է, որ իշխանությունը փոխվի:
- Վստահ չեմ, չեմ կարող ասել: Վասն ինչի՞ ձեռնտու պիտի լինի: Այս կառավարությունն իբրեւ տնտեսական որդեգրումներ չի հակասել Ամերիկայի շահերին: Այսօր ազատ շուկայի ըմբռնումը յուրացրել են, դրամապաշտության պահանջած գաղափարախոսությունը յուրացրել են, ենթարկվում են Արժույթի միջազգային հիմնադրամի քաղաքականությանը:
- Իսկ որքա՞ն է հայ համայնքի թիվը:
- Ճիշտ թիվը չկա եւ երբեք էլ չի եղել: Հինգ տարին մեկ մարդահամար է լինում: Մի շրջան կար, որ մարդկանց հարցնում էին իրենց մայրենի լեզուն: Հարցաշարի այդ տողը մասամբ գաղափար էր տալիս թվի մասին: Բայց պետք է նկատի ունենալ, որ հայերի մի մասի համար մայրելի լեզուն այլեւս հայերենը չէ: Սակայն այդ հարցումներն այլեւս չկան հարցարաններում: Կարող է միայն պետության գաղտնի ծառայությունները իմանան այդ թիվը: Հարցարաններում ազգության վերաբերյալ հարցումներ չկան: Ովքեր եկեղեցիների անվանացանկերում գրանցված են, մենք նրանց մասին կարող ենք իմնանալ: Եւ ենթադրաբար այսօր այդ թիվը հասնում է 60-80 հազարի:
- Ձեր կարծիքով` նրանց ո՞ր մասը հայերեն գիտի:
- Դա էլ դժվար է ասել, այսօր մի ուրիշ տեսակի դժբախտ ընթացքի մեջ ենք: Հայերեն իմացողներ կան, որ հայերեն չեն խոսում: Կան մարդիկ, ովքեր հայկական վարժարանի շրջանավարտ են, իսկ դա նշանակում է, որ տասնմեկ տարի հայոց լեզվով են կրթվել: Այդ մարդիկ կարող են հայերեն խոսել, բայց ասում են` հայերեն չգիտենք: Մի քանի ժամ առաջ մի ծանոթի հանդիպեցի: Նա տարիներ առաջ Անատոլիայից էր եկել եւ իր դստերը տարել է հայկական վարժարան: Թուրքական միջավայրից էին, դուստրը հայերեն ոչ մի բառ չգիտեր: Հետո այդ աղջիկը ընտրվեց վարժարանում ամենալավ հայերեն խոսող աշակերտ: Քո հարցին կարող եմ այսպես պատասխանել` մոտավորապես կեսը գիտի հայերեն:
- Թուրքական կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում Թուրքիայում ապրող հայաստանցիների թվի մասին: Վերջին անգամ խորհրդարանում հնչեցվեց 70 հազար թիվը:
- Այդ թիվն իսկապես չափազանցված եմ համարում, որովհետեւ այս նյութը խորհրդարան է հասնում: Խորհրդարանը տեղեկություն է պահանջում ներքին գործերի նախարարությունից: Այդ նախարարությունն էլ դիմում է Թուրքիա մուտք գործած եւ ելած հայաստանցիների ցուցակին: Այդ ցուցակով հայտնի է դառնում, որ այդ թիվը ավելի նվազ է: Բայց այդ թվի մասին էլ մենք դարձյալ հստակ գաղափար չենք կարող ունենալ:
Այստեղ երկու տեսակ հայաստանցի ունենք: Մի մասը, հաշվի առնելով Հայաստան երկրի տնտեսական վիճակը, եկել է այստեղ աշխատում է, տուն փող է ուղարկում: Ոմանք էլ Հայաստան ետ գնալու միտք չունեն: Նրանք ուզում են ասյտեղ մնալ, քաղաքացի դառնալ: Կամ, եթե հնարավոր է, այստեղից արեւմտյան երկրներ գաղթել: Ես ընտանիք գիտեմ, որ այստեղից գնաց Կանադա: Այդ երեւույթներն, անշուշտ, մենք ցավով ենք դիտում:
- Հայաստանցիները կարծես թե պոլսահայ համայնքին չեն ինտեգրվում, կապ չունեն, տպավորությունն այդպիսին է:
- Չունեն, մեծամասնությամբ չունեն: Նաեւ` տարբեր մշակույթների արդյունք է: Այստեղ մենք լուրջ խոչընդոտներ ունենք այդ իմաստով: Երբ ասում ենք Թուրքիայի հայ հավաքականություն, պետք է նկատի ունենալ Ստամբուլի հայ հավաքականությունը: Երբ ասում ենք Ստամբուլի հավաքականություն, պետք է հասկանալ մի որոշ քաղքենի կենցաղ: Այդ քաղքենի կենցաղը հայ տեսնել կուզե միայն իր նմանը: Այսինքն` հայը պետք է որոշ թաղերի մեջ բնակվի, ամառները պետք է կղզի գնա, պետք է որոշ հաճախականությամբ եկեղեցի այցելի: Եւ հայն այդպիսի կաղապարված սահմաններ պետք է ունենա, ինչպես որ այս քաղաքի ընդհանուր մեծամասնությունը գոյացրել է: Իսկ այն հայը, որ կհակասի այս համայնապատկերին, ընդհանրապես շփոթով կդիտվի, երբեմն ստորագնահատությամբ կդիտվի: Այս օրինակին կմտնեն թե հայաստանցիները, եւ թե այն հայերը, որոնք երկար տարիներ մնացել են Ստամբուլից դուրս վայրերում, իրենց ինքնությունը պահած են կամ նույնիսկ կորցրել են, բայց այսօր գիտակցում են: Ահավասիկ այդ զանգվածն էլ չի կարողանում պոլսահայերի ամբողջության մեջ թափանցել:
- Սասունի հայերի՞ մասին է խոսքը:
- Այո, այն հայերը, որոնք այլեւս հայախոս չեն, թրքախոս են կամ քրդախոս: Կամ այն հայերը, որոնց ընտանիքի մի մասը մահմեդականներ են, եւ հավատացյալ մահմեդական են: Այդ ընտանիքներն իրենք իրենց մեջ արդեն ապրում են որոշ դժվարություններ: Եղբայրներ կան, որոնցից մեկը հավատացյալ մահմեդական է, եւ ոչ թե ձեւական: Նրանք ոչ միայն իրար հետ խնդիր ունեն, այլ նաեւ հայերի հետ խնդիր ունեն: Գավառացի են, մազերը թուխ են, ավելի կոշտ ու կոպիտ են, կենցաղները տարբեր են, սալոններին սովոր չեն..
- Ձեր ասած 60-80 հազարի մեջ գավառի հայերն էլ են մտնու՞մ:
- Նրանց ճշգրիտ թիվն անհնար է իմանալ: Եթե նրանց հաշվի առնենք, հայերի թիվը Թուրքիայում միլիոնով պիտի հաշվենք: Ծանոթներիցս մեկն ասում է, որ Եթովկիայի (այսօր կոչվում է Թոկադ) շրջանում մեծ թվով հայկական գյուղեր կան, բայց այդ մարդիկ թրքացած են, այդտեղ թուրքի շրջան է, դրա համար են թրքացել: Եւ զարմանալին ի՞նչն է` այդ մարդիկ, որ կրոնափոխ են լինում, հետո այդ կրոնի ֆանատիկներն են դառնում: Նրանք էլ այդպես են, արմատապաշտներ են, ամենածայրահեղն իրենք են: Ծայրահեղ ազգայնամոլ եւ մահմեդական են: Այսօր գավառի «դարձած» հայերը (այդպես են նրանց անվանում) շատ ավելի թուրք ազայնամոլ են, քան թե այդտեղի որեւէ թուրք: Թուրքից ավելի թուրք են, մուսուլմանից` ավելի մուսուլման: Այս հոգեբանության առումով հասկանալի է, թերեւս իրենք իրենց ընդունելի դարձնելու համար ստիպված են այդպիսին լինել:
- Այսինքն` գիտակցելով հանդերձ, որ իրենց արմատները հայկական են:
- Ուրանալով հանդերձ: Այդ ընտանիքի ամոթն է, որ պետք է բոլորն էլ պահեն: Լուռ կենան, չխոսեն, որպեսզի մոռացվի: Հաջորդ սերնդին չփոխանցվի: Այս մեկ երեսն է, մյուս երեսն էլ կա, որ լրիվ հակառակն է: Հանկարծ չլինի, որ ուրիշ գերդաստանից աղջիկ առնեն, տղերքը պետք է նույն գերդաստանի հետ ամուսնանան: Նրանք մտածում են, որ իրենք տարբեր են, ուիշներին չպետք է խառնվեն: Անունը հստակ չէ, հա՞յ ենք, քրիստոնյա՞ ենք, թե՞ այն ենք, թե՞ այս ենք, բայց նրանք իրենց տարբեր են համարում: Ուրեմն, այս երկու ձեւն էլ կա:
- Այդ հայերը, որքան էլ փորձեն իրենց թուրք կամ քուրդ զգալ, ցույց տալ, շրջակա ժողովրդի` բուն թուրքի կամ քուրդի կողմից ինչպե՞ս են ընկալվում:
- Երբեք չեն ընդունում, ասում են` հա, էդ գյուղը գյավուրի գյուղ է, նրանք հայ են: Շրջակայքում չես կարող փոխել, սերնդեսերունդ գալիս է, որ դա հայի գյուղ է, բայց երբ քաղաք են գալիս, ամեն բան փոխվում է:
- Իսկ այդ գյուղերում բնակվողների մշակույթի, կենցաղի մեջ որոշ հայկական տարրեր մնացե՞լ են:
- Չեմ կարծում: Կենցաղից ամենից շատ բան պահել են համշենահայերը: Նրանք նախ լեզու են պահել: Նրանք հենց վերեւում նշած հավաքականություններից են` կրոնամոլ են, ազգայնամոլ են: Հայախոս լինելով հանդերձ` գոնե մինչեւ տասը տարի առաջ մերժում էին իրենց հայ լինելը: Ոչ միայն հայախոս են, այլ լեզվի հետ միասին պահել են ավանդույթներ: Այս երկրի մեջ ամենախանդավառ Վարդավառի տոնը նշում են համշենահայերը: Նրանք Վարդավառը տոնում են, բայց դարձյալ իրողությունը չի փոխվում: Նրանք մահմեդական են: Այսօր իրողությունը մի քիչ փոխվել է, նրանք սկսել են շատ հարցեր տալ իրենց ինքնության մասին: Հայաստան են գալիս, համշենահայերենով երգերի CD են թողարկել: Իրենք իրենց թուրք են համարում եւ մահմեդական: Մի փոքր հատված կա, սակայն, որ գիտակցում է, որ եթե հայերեն է խոսում, ուրեմն իր արմատները հայկական են:
Ստամբուլ-Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել