
Շրջակա միջավայրի նախարարության գործողումների ծախսերը նվազել են
Շրջակա միջավայրի նախարարության ծախսերի համար 2020 թվականի պետական բյուջեից հատկացվել է 6,9 միլիարդ դրամ, որից 1,6 միլիարդ դրամ Գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի տեսքով տրվող գումարներն են:
Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Անտառապահների աշխատավարձի բարձրացման հետ կապված որոշակի գումարներ ավելացել են, ինչպես նաև Սևանի ջրածածկ տարածքների մաքրման հետ կապված ավելացումներ կլինեն: Պետական պահպանության ծախսերը նվազել են` հիմնականում գործուղումների և վառելիքի համար հատկացվող գումարների հաշվին»,- ասաց նախարարը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տաս միլիոն ծառատունկի մասին` ասելով, որ բյուջեի նախագծում դրա արտացոլումը չկա՝ ինչ միջոցներով է իրականացվելու այն:
Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ արդեն կապ են հաստատել Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ և նախնական պայմանավորվածություն ունեն տնկիների վերաբերյալ համատեղ ծրագիր ներկայացնելու: Նախարարի խոսքով, սակայն, այդ ծրագիրն ինչպես վարչապետն է նշել, համահայկական նշանակություն ունի, որի նպատակն այն է, որ մասնակցեն Հայաստանի ու սփյուռքի տարբեր շահառուներ:
Մանե Թանդիլյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ բյուջետային համակարգի մասին օրենքի անհամապատասխանություն կա շրջակա միջավայրի նախարարության` 2020 թվականի պետական բյուջեի ծրագրում:
Բնապահպանական ծրագրերի գծով ծախսերի համար, ըստ Բյուջետային համակարգի մասին օրենքի, պետք է հատկացվեր 54 միլիարդ դրամ, սակայն հատկացվել է 16 միլիարդ` 40 միլիարդով պակաս:
Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ այսպես թե այնպես, ոլորտի հատկացումները պետք է ավելանան տարիների ընթացքում, սակայն բյուջետային համակարգի մասին այդ դրույթի մեկնաբանման հստակեցման կարիք կա:
Այս պատասխանը չբավարարեց Մանե Թանդիլյանին. «Եթե դուք պատրաստ չեք այդ ծրագրերն իրականացնել, կներեք՝ ինձ մոտ ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցականներ է առաջացնում»,- ասաց Թանդիլյանը:
Մեկնաբանել