HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի և Պատգամավորների պալատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական եւ համամարդկային միեւնույն արժեհամակարգին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար:

Ռոբերտո Ֆիկոյի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած տնտեսական, դատաիրավական եւ քաղաքական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին` Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի: ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում համաձայնեցված ձեւակերպումների կիրառմամբ:

Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում տալու համար:

Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլեւ կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ: 

Այցի ընթացքում Արարատ Միրզոյանը  հանդիպել է նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով Սենատի նախագահին, չափազանց կարեւորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները եւ համոզմունք հայտնել, որ այս այցով հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ մեր երկու երկրներում գործող խորհրդարանական համակարգը շատ ավելի մեծ հնարավորություններ ու ներուժ է պարունակում եւ այն անհրաժեշտ է իրագործել լիարժեքորեն: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են շփումները բարեկամական խմբերի միջեւ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել նաեւ ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից 2019 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Երկուստեք հույս է հայտնվել, որ հնարավորինս մոտ ապագայում այն կվավերացվի նաեւ Իտալիայի պատգամավորների պալատի կողմից: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կողմն ակնկալում է նաեւ իտալացի գործընկերների աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը մեկնարկելու հարցում:

Մարիա Էլիզաբետա Կազելատին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ բարձրաստիճան շփումների աշխուժացման կապակցությամբ` հատուկ ընդգծելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Իտալիայի Սենատի պատգամավորների միջեւ հաճախակի դարձած հանդիպումներն ու քննարկումները՝ ներառյալ հանձնաժողովների մակարդակով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` Կազելատին նշել է, որ Իտալիան շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված դիրքորոշմանը: Պատասխանելով Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, որ իտալական խորհրդարանի հարթակը երբեմն օգտագործվում է ԼՂ հիմնահարցում խաղաղ գործընթացին չնպաստող շահարկումներ անելու համար, Մարիա Էլիզաբետա Կազելատին նշել է, որ Իտալիայի խորհրդարանի մոտեցումները համահունչ են պետության պաշտոնական դիրքորոշմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter