HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, տեղափոխման ենթակա է. միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու համար ստեղծված բժշկական միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է: Թեև Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի՝ ներկայում նրա մոտ ախտորոշված հիվանդությունները և դրանց բարդությունների արտահայտման աստիճանները չեն համապատասխանում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր տեղի ունեցավ Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավորն ընթերցեց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է շաքարային դիաբետի դեմ բուժում ստանալ որևէ հիվանդանոցում, իսկ ՔԿՀ-ում կարող է ստանալ այդ բուժումը, եթե ՔԿՀ-ն ապահովված լինի համապատասխան պայմաններով, մասնավորապես՝ էնդոկրին և ինտենսիվ թերապիայի ծառայություններով:

«Հարկ է նշել նաև, որ խորհուրդ է տրվում բուժման գործընթացում դեղորայքային բուժումը զուգորդել սննդակարգի խստագույն պահպանմամբ»,- ասված է եզրակացության մեջ:

Ի պատասխան Գրիգորյանի պաշտպանների առաջադրած հարցին՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ Գրիգորյանի մոտ հիվանդությունների բացասական դինամիկա է առկա: Պաշտպանները հարց են տվել նաև այն մասին, թե արդյոք շաքարային դիաբետի երկարատև դեկոմպենսացիան կարող է կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր պարունակել, և ի պատասխան հանձնաժողովը եզրակացրել է, որ ինչպես այլ հիվանդությունների, այնպես էլ Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված շաքարային դիաբետի դեկոմպենսացիան կարող է կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր պարունակել, սակայն համապատասխան բուժման և սննդակարգի պահպանման պայմաններում հնարավոր է Գրիգորյանի մոտ ախտորոշված շաքարային դիաբետը դեկոմպենսացիայի փուլից անցում կատարի կոմպենսացիայի՝ հավասարակշռված փուլի, որի պարագայում կյանքին վտանգ սպառնացող ռիսկերը կլինեն նվազագույն:

Հանձնաժողովն ի պատասխան Գրիգորյանի պաշտպանների առաջադրած հարցի, գրել է, նաև, որ շաքարային դիաբետով տառապող հիվանդը բացի դեղորայքային բուժումից կարիք ունի օդի, ֆիզիկական ակտիվության և սննդակարգի խստիվ պահպանման: Ըստ եզրակացության՝ այս գործոնների սահմանափակումից շաքարային դիաբետի առաջացում հնարավոր չէ, սակայն հիվանդության բացասական դինամիկա հնարավոր է:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ կալանքը կրելու պայմաններում չի սահմանափակվում Գրիգորյանի՝ ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքը:
Դատախազի հարցին ի պատասխան՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ՝ դատական նիստերին մասնակցելու համար: Մասնավորապես՝ նրա տեղափոխումը հնարավոր է իրականացնել կողմնակի անձանց և օժանդակ սարքավորումների կիրառմամբ, իսկ դատական նիստերի ընթացքում, անհրաժեշտության դեպքում, կգտնվի բժշկի հսկողություն տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter