HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Եգիպտական հեղափոխության հիմնական պատճառը ոչ կոռուպցիան էր, ոչ գործազրկությունը և ոչ էլ աղքատությունը

Գիտե՞ք, որ եգիպտական հեղափոխության բուն պատճառները, ի տարբերություն ԶԼՄ-ներում տեղ գտած շաբլոնային բացատրություննների, ոչ տնտեսական լճացումն էր (ստագնացիա), ոչ երկրում տիրող կոռուպցիան, ոչ գործազրկությունը և ոչ էլ աղքատությունը: Այդպիսի եզրակացության հանգեցին «Եգիպտական հեղափոխություն-2011 թվական. կառուցվածքային-ժողովրդագրական վերլուծություն» ուսումնասիրության հեղինակները:

Տնտեսական լճացո՞ւմն էր պատճառը

Մուբարաքի օրոք (1981-2011թթ.) եգիպտական տնտեսությունն աճեց 4.5 անգամ, ինչը աշխարհի երրորդ պետությունների համար լավագույն ցուցանիշներից մեկն էր: Հատկանշական է, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Եգիպտոսի տնտեսությունը վերելք ապրեց: «Եգիպտական իշխանությունները տնտեսական անկումը բավականին հաջող կերպով կանխեցին: 2010-ին Եգիպտոսում նորից տնտեսական աճ գրանցվեց»,- ասվում է հետազոտության մեջ:

Կոռուպցիա՞ն էր պատճառը

Եգիպտոսը կոռուպցիայի առումով այդքան էլ բարվոք վիճակում չէր, սակայն եթե լուրջ ընդունենք Transparency International-ի փարձագետների գնահատականները, ապա նույնը կարելի է ասել աշխարհի երրորդ (և երկրորդ) պետությունների շարքը մտնող տասնյակ երկրների մասին: Նույն կազմակերպության համաձայն` կոռուպցիայի առումով Եգիպտոսը 112-րդ տեղում է, իսկ Հայաստանը` 129-րդ: (Եթե կոռուպցիան ընդունենք որպես եգիպտական հեղափոխության հիմնական գործոն, ապա այս դեպքում հետևյալ հարցն է ծագում. ինչո՞ւ, օրինակ, Հայաստանում հեղափոխություն չեղավ):

Հեղափոխությունը գործազուրկների բաժի՞նն է

Վերջին 20 տարվա ընթացքում գործազրկությունը Եգիպտոսում մերթ աճում էր, մերթ կրճատվում: Սակայն 2000 թվականից սկսված՝ գործազուրկների թիվը կրճատվեց:

Ինչպես ուրիշ երկրներում, այնպես էլ Եգիպտոսում, գործազուրկների թիվը մեծացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Սակայն 2010-ին գործազուրկների թիվը նորից սկսեց նվազել:

Նախահեղափոխական Եգիպտոսում գործազրկության մակարդակը ավելի ցածր էր, քան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Թուրքիայում, Իռլանդիայում, և գրեթե երկու անգամ ցածր, քան Լատվիայում ու Իսպանիայում: Ուրեմն միայն այս գործոնը հեղափոխության պատճառ համարելը չհիմնավորված է:

Արդյոք այդքան աղքա՞տ էր Եգիպտոսը

Հետազոտության հեղինակները հանգեցին նաև այն եզրակցության, որ տնտեսական անհավասարակշռվածությունը Եգիպտոսում կարելի է բարձր մակարդակի համարել, եթե որպես չափորոշիչ ընդունենք սկանդինավյան երկրները: Իսկ համաշխարհային չափանիշներով Եգիպտոսը տնտեսապես բավականին հավասարակշռված էր:

Շատ փարձագետներ, խոսելով եգիպտական հեղափոխության պատճառների մասին, նշում են ծայրահեղ աղքատությունը: Հարկ է համարել, որ «եգիպտական աղքատություն» ասվածը շատ յուրահատուկ հասկացություն է: Ամենաշատը նշվում էր այն փաստը, որ եգիպտացիների 40%-ն ապրում է օրական 2-ից էլ պակաս դոլարով:

Բայց ոչ ոք չէր նշում ծայրահեղ աղքատության ցուցանիշները՝ այն, թե քանի եգիպտացի էր օրական 1 դոլարով ապրում: Եգիպտոսում իրավիճակն այդ ցուցանիշով աշխարհում լավագույններից էր և կարելի էր համեմատել Շվեդիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ավստրալիայի հետ, ինչը խոսում է ծայրահեղ աղքատության արմատախիլ եղած վիճակի մասին (օրինակ, 2008 թ. տվյալներով Հայաստանում բնակչության 3.1 %-ը ծայրահեղ աղքատ էր):

Մալթուսյան ծուղակ

Իսկ որո՞նք էին եգիպտական իրադարձությունների իրական պատճառները: Հեղինակները բացատորում են հետևյալ կերպ: 1970-1980 թվականներին Եգիպտոսին հաջողվեց դուրս գալ, այսպես ասված, «մալթուսյան ծուղակից»: Այս տերմինը նշանակում է նախաարդյունաբերական հասարակության տիպիկ իրավիճակ, երբ բնակչության թիվը հասնում է մի կրիտակական զանգվածի, և նրան հնարավոր չի լինում կերակրել:

«Սակայն ելքը մալթուսյան ծուղակից, որքան էլ պարադոքսալ լինի, կարող է սիստեմատիկորեն (և լրիվ օրինաչափորեն) ուղեկցվել լուրջ սոցիալ-քաղաքական ցնցումներով: Այս երևույթը մենք անվանեցինք «ծուղակի ելքից դեպի ծուղակ»: 2011-ի եգիպտական հեղափոխությունը այստեղ կարող է դիտվել որպես այս երևույթի տիպիկ օրինակ (իհարկե ունենալով որոշ առանձնահատկություններ)»,- ասում են «Եգիպտական հեղափոխություն-2011 թվական. կառուցվածքային-ժողովրդագրական վերլուծություն» ուսումնասիրության հեղինակները:

Երբ մարդիկ առաջ անկուշտ էին մնում ու հիմա վերջնականապես ու լրիվությամբ լուծում են այդ հարցը, ապա նրանց կյանքի տևողությունը սկսում է աճել, իսկ մահացությունը` նվազել (նաև լավ առողջապահության շնորհիվ): 20 տարվա ընթացքում (1970-1990թթ.) Եգիպտոսում մահացությունը երկու անգամ կրճատվեց, իսկ մանկական ու նորածնային մահերը` երեք անգամ (լավ առողջապության շնորհիվ նաև մանկական մահերի քանակն է կրճատվում):

Մուբարաքը հասկանում էր թաքնված սպառնացող վտանգը, բայց միայն 1980-ականների երկրորդ կեսում նրան հաջողվեց դրա դեմ համապատասխան մեթոդներ կիրառել: 1985 թվականին Մուբարաքի որոշմամբ ստեղծվեց ազգաբնակչության հարցերով Ազգային խորհուրդ, որը մշակել էր երկու 5-ամյա ծրագիր` ծնելիության կրճատման նպատակով:

Այդ ծրագիրն իր պտուղները տվեց 1988-1992 թվականներին, երբ մեկ եգիպտացի կինը 5-ի փոխարեն արդեն ծննդաբերում էր 4 երեխա: Ինչպես տեսնում եք, ծնելիությունը Եգիպտոսում նվազեց, սակայն միայն 1988-ից մինչև 1992 թթ. ընկած ժամակահատվածում, իսկ մինչ այդ` 1970-ականից մինչև 1980-ը, բնակչության թիվն արդեն պայթունավտանգ էր դառել:

2011 թ. հունվարին Թախրիր հրապարակում մեծ մաս էին կազմում հենց 1985-1989 թվականներին ծնվածները:

Ամեն ինչում երեխանե՞րն են մեղավոր

Դրա արդյունքում, այսպես ասած, ի հայտ է գալիս «երիտասարդական ավելցուկը» (youth bulge): Ինչպես ասում էր Ջան Գոլդստոունը, «երիտասարդների արագ աճը կարող է պառակտել գործող քաղաքական կոալիցիան՝ առաջացնելով անկայունություն: Երիտասարդության մեծ կոհորտաները (անհատների ամբողջություն, որոնց կյանքում միևնույն ժամանակահատվածում տեղի է ունեցել որոշակի դեմոգրաֆիկ իրադարձություն), որոնց հաճախ գրավում են նոր գաղափարներ կամ այլադավան (heterodox) կրոնները, մարտահրավեր են նետում հին կառավարման ձևերին:

Բացի դրանից՝ քանի որ երիտասարդների մեծ մասը կարիերայի և ընտանիքի հանդեպ ավելի քիչ պարտավորվածություններ ունի, սոցիալական և քաղաքական բախումների համար համեմատաբար ավելի շուտ է մոբիլիզացվում: Երիտասարդությունը գրի ամբողջ պատմության ընթացքում մեծ դեր խաղաց քաղաքական բռնությունների գործում, և «երիտասարդական ավելցուկի» (15-24 տարեկան երիտասարդների անսովոր մեծ թիվ չափահաս բնակչության մեջ) առկայությունը պատմականորեն փոխկապակցված էր քաղաքական ճգնաժամային ժամանակահատվածների հետ: Մեծ հեղափոխություններից (ներառյալ 20-րդ դարի հեղափոխություններից) շատերը կատարվել են այնտեղ, որտեղ նկատվում էին «երիտասարդական ավելցուկներ»:

Տվյալ տարիքային կոհորտայի աճը շատ տպավորիչ էր. ընդամենը վերջին 15 տարում նրա թիվը կրկնապատկվեց: Հենց այս մարդիկ էլ մտնում են աշխատանքային շուկա, և հասկանալի է, որ անգամ լավ զարգացող տնտեսությունն ի զորու չէ նրանց աշխատանքով ապահովել: Իսկ եթե տնտեսական աճը մի քիչ դանդաղի՞ (թեկուզ օբյեկտիվ, տվյալ երկրի կառավարությունից անկախ հանգամանքների պատճառով):

Պայթյունավտանգ խառնուրդ

Այստեղ հարկավոր է մի անգամ ևս անդրադառնալ եգիպտական գործազրկության հարցին: Համաշխարհային չափորոշիչներով դրա մակարդակն այդքան էլ բարձր չէր (մոտ 9%): Բայց հարկավոր է նկատի ունենալ շատ կարևոր հանգամանք. Եգիպտոսի գործազուրկների ուղիղ կեսը կազմում էր 20-24 տարիքային խումբը:

Այսինքն՝ 1990-ականների գործազուրկների թիվը Եգիպտոսում չփոխվեց, բայց փոխվեց երիտասարդության թիվը. այն կրկնապատկվեց: Ի դեպ, եգիպտացի գործազուրկների 43%-ը բարձրագույն կրթություն ուներ: Սա նշանակում է, որ հեղափոխության հարվածային ուժը ոչ միայն երիտասարդ էր, այլև կրթված:

Ո՞վ էր օժանդակում հեղափոխականներին

Սակայն դժվար թե եգիպտական հեղափոխությունը անհրաժեշտ թափ ստանար, եթե նրա հարվածային հիմքը կազմեին միայն կրթված ու գործազուրկ երիտասարդները, եթե վերջիններիս պատրաստ չլինեին օգնել միլիոնավոր եգիպտացիներ (անկախ տարիքից ու կրթվածության աստիճանից), որոնք հացամթերքի համաշխարհային գնի աճման պատճառով հայնտնվել էին աղքատության սահմաններից էլ ցածր պայմաններում:

Հենց կրթված ու երիտասարդ գործազուրկների և միլինավոր եգիպտացիների համակցությունը, որոնք հաշված ամիսների ընթացքում հայտնվել էին աղքատության սահմաններից ցածր պայմաններում, ստեղծեց հեղափոխության համար անհրաժեշտ, պայթունավտանգ «նյութը»:

Այնուամենայնիվ, որոշ գործոններ էլ նպաստեցին հեղափոխության կայացմանը: Եգիպտոսում տասնամյակներ շարունակվող արտակարգ իրավիճակը ստեղծել էր անկառավարելիության ու անվտանգության մթոնոլորտ, ինչի պատճառով զանգվածային բռնությունների էին ենթարկում նրանց, ովքեր դեմ էին Մուբարաքի ռեժիմին: Այս առումով եգիպտացիների բողոքը լիովին հիմնավորված էր:

Բացի դրանից՝ հեղափոխության գործում դեր խաղացին համացանցը և արաբական արբանյակային հեռուստաալիքները` հանձինս իրենց տաղանդավոր լրագրողների: Նաև մեծ դեր խաղաց Թունիսի հեղափոխությունը, որը ստեղծեց պատկերացում, թե կարելի է արագ ու առանց արյան իշխանափոխություն իրականացնել:


Մեկնաբանություններ (1)

ominac
Եթէ Հայաստանի ժողովուրդի թիւը մեծ ըլլար, այն ժամանակ յեղափոխութիւն կըլլար, մինչեւ այն ատեն որ օտար պետութիւններ մեր ազգէն արտագաղթող փոքր թիւերը կլանելու կարողութիւն ունին, պիտի շարունակենք սպասել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter