HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղ ամուսնություններն անհանգստացնում են Արազափի ավագանու անդամներին

Իրավապահ մարմիններն անհանգստացած են, որ համայնքներում գրանցվում են անչափահաս աղջիկների ամուսնության դեպքեր: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնից միջնորդագրեր է ուղարկվել համայնքների ղեկավարներին, որպեսզի վերջիններս բացատրական աշխատանքներ տանեն համայնքներում:

Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածը, որը վերաբերում է 18 տարին լրացած անձի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալուն, «գլխացավանք» է դարձել մարզերում: Այդ հոդվածով մեղադրանք է առաջադրվում հատկապես ազգությամբ եզդի տղաներին, ովքեր ամուսնանում են անչափահաս աղջիկների հետ:

Այդ մեղադրանքը նախատեսում է ազատազրկում՝ 4-10 տարի ժամկետով: Քանի որ եզդի տղաները փաստացի գտնվում են ամուսնական հարաբերությունների մեջ, դատարանները նրանց նկատմամբ մեղմ պատիժ են նշանակում՝ 4 տարի: Սակայն, նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառվում` սահմանելով փորձաշրջան վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը հանձնում են քրեակատարողական վարչության ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը։

Արմավիրի մարզի Արազափ համայնքի ավագանին նույնիսկ որոշում է կայացրել և ի գիտություն համայնքի ղեկավարի՝ հանձնարարել համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել, որ անչափահասների հետ ամուսնությունների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Արազափի ավագանու 7 անդամներից 2-ը ազգությամբ եզդի են, նրանք ևս կողմ են քվարկել:

Նշենք, որ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` 18 տարեկանի հասնելը: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակչության 30%-ը ազգությամբ եզդիներ է, և հենց նրանք են վաղ տարիքում ամուսնանում:

Նշեց, որ համայնքում 99% դեպքերում եզդի աղջիկներն ամուսնանում են մինչև 18 տարեկան դառնալը՝ 15-17 տարեկանում:

«Տարբեր ձևերով բացատրական աշխատանքներ ենք տանում, որ չի կարելի: Կոպիտ ասում ենք, խաթրով ասում ենք, չի լինում: Ծնողներին եմ կանչում իմ մոտ, բացատրում եմ, որ չի կարելի աղջիկներին շուտ ամուսնացնել, ինչ ասես՝ անում ենք, որ օգուտ տա»,- ասում է Մանվել Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter