HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազն ընդդեմ գլխավոր դատախազության

Վարչական դատարանում քննվում է դատախազ Վահագն Մուրադյանն ընդդեմ գլխավոր դատախազության գործը: 2018թ. օգոստոսի 29-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում: Վահագն Մուրադյանը վիճարկում է հենց այդ հրամանի օրինականությունը՝ պահանջելով վերացնել այն:

Վահագն Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե հրամանի հիմքում դրված է միայն գլխավոր դատախազի մտածողությունը և կամքը: 

Փաստաբանի կարծիքով՝ դրանով ի ցույց է դրվել Վահագն Մուրադյանի նկատմամբ տեղի ունեցած կամայականությունը, քանի որ անձը չի կարող աշխատանքից զրկվել այլ անձի քմահաճությամբ: 

Գլխավոր դատախազությունից էլ փոխանցեցին, որ Վահագն Մուրադյանի նախկին և ներկա պաշտոններն ընդգրկված են դատախազությունում պաշտոնների աստիճանակարգության նույն` 3-րդ խմբում: Այնուհետև հղում անելով «Դատախազության մասին» օրենքի 60-րդ հոդվածին՝ նշում են, թե դատախազության համակարգում պաշտոնների նույն խմբի համարժեք մեկ այլ պաշտոնում նշանակվելու համար դատախազի համաձայնությունը չի պահանջվում: 

«Նման իրավակարգավորումը պայմանավորված է դատախազության՝ որպես գլխավոր դատախազի ղեկավարությամբ գործող միասնական, կենտրոնացված համակարգի սահմանադրաիրավական գործառույթների պատշաճ իրացման անհրաժեշտությունից»,-նշում են դատախազության լրատվության բաժնից:

Ինչ վերաբերում է դատական նիստի ընթացքում դատախազության ներկայացուցչի կողմից արված վերը նշված արտահայտությանը, ապա, ըստ գլխավոր դատախազության, այն ուղղված է եղել` ընդգծելու դատախազության գործունեության կազմակերպման համատեքստում գլխավոր դատախազի սահմանադրաիրավական կարգավիճակից, դատախազության բնականոն գործունեության համար պատասխանատու լինելու պարտավորությունից բխող և օրենքով կանոնակարգված հայեցողական լիազորությունները:

«Այժմ առկա են կասկածներ, որ դատավորի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, քանի որ չի ցանկանում իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները, մասնավորապես՝ չի իրականացնում բոլոր հնարավոր միջոցները հրամանի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու, գործի իրական հանգամանքները բացահայտելու համար: Չի ցանկանում դատախազությունից պահանջել, որպեսզի ներկայացնի հրամանի կայացման համար հիմք հանդիսացող ապացույցները: Չի ցանկանում պարզել, թե արդյո՞ք պահպանվել են այդ հրամանի ընդունմանն ուղղված ընթացակարգային կանոնները, ինչպես են մեկնաբանվել ու կիրառվել հրամանի հիմքում ընկած նորմերը և ապացույցները»,- ասում է Տիգրան Մուրադյանը։

Տեղեկացնենք, որ գործը քննում է Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter