HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևիկում մանկապարտեզի շենքն ամենևին էլ մանուկների համար չէ

Արմավիրի մարզի Արեւիկ համայնքն արդեն 21 տարի ղեկավարում է Կարինե Պետրոսյանը: Համայնքապետն ասում է, որ թեեւ գյուղում ապրելը դժվար է, սակայն երբեք չի հոգնել համայնքը ղեկավարելուց: «Պայքարում եմ միշտ եւ շատ հարցերում որպես կին ընդառաջել են ծրագրեր իրականացնելու հարցում: Բացի այդ, կանայք ավելի համառ են եւ պահանջկոտ»,- ավելացնում է կին համայնքապետը:

Արեւիկում խնդիրների պակաս չկա, հատկապես՝ սոցիալ-տնտեսական բնույթի: Գրեթե անանցանելի է դարձել Արեւիկ-Մրգաշատ-Արմավիր ճանապարհը, որը թեեւ համայնքային է, սակայն, Կարինե Պետրոսյանի ասելով, պետական նշանակություն ունի: Անցյալ տարվա դեկտեմբերին համայնքի միջոցներով ավազապատման աշխատանքներ են կատարվել, սակայն սա «կոսմետիկ» բնույթ է կրում եւ ժամանակավոր է: «Հիմնականում գլաքարով ենք փոսալցման աշխատանքները կատարել, որը ժամանակավոր է: Բնակչությունն էլ պահանջում է, որ փողոցները ասֆալտապատվեն: Ես եւ Մրգաշատի համայնքապետն այդ հարցը բարձրացրել ենք եւ մարզպետի միջամտությամբ գրություն է ուղարկվել տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի ճանապարհներն ընդգրկվեն որեւէ ծրագրում: Հույսով սպասում ենք»,- ասում է Կարինե Պետրոսյանը:

Մոտ 10 կմ երկարություն ունեցող ճանապարհն ընդգրկված է եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, սակայն ճանապարհաշինության ոլորտում ծրագրի ղեկավարները դադարեցրել են ֆինանսական աջակցությունը եւ նշված գյուղերը զրկվել են ասֆալտապատ ճանապարհ ունենալու բերկրանքից: Գործածության համար պիտանի չեն նաեւ գյուղի խմելաջրի խողովակները, որը համայնքային ենթակայության է: Կարինե Պետրոսյանի ասելով մասնակի վերանորոգվում է, սակայն լուրջ ֆինանսական ներդրումներ են պետք, ինչը համայնքը չունի: Արեւիկում շահագործվում է 3 խորքային հոր: Ըստ համայնքապետի՝ հորերն էլ արդեն պիտանի չեն շահագործման, դրանցից մեկն, օրինակ, անընդհատ փլվում է, ինչն էլ պոմպերի այրման պատճառ է դառնում, իսկ պոմպերն արդեն 20-25 տարվա են եւ մի քանի տասնյակ անգամ վերանորոգվել են:

Գյուղում լուրջ խնդիր է նաեւ գազիֆիկացումը: Արեւիկը երբեք գազիֆիկացված չի եղել, նույնիսկ խորհրդային տարիներին: Գազիֆիկացման աշխատանքներն այս գյուղում մեկնարկել են դեռեւս 2005 թ.-ից, սակայն ավարտելու հույսեր դեռ չկան: «Ամեն տարի համայնքի բյուջեից որոշակի գումար է հատկացվում գազիֆիկացման համար, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում գյուղը գազիֆիկացվի: Այս տարվա բյուջեով նախատեսել ենք 4,3 մլն դրամ, որպեսզի աշխատանքները շարունակվեն: Այս ընթացքով շարունակվելու դեպքում մոտ 10 տարի կպահանջվի գյուղն ամբողջությամբ գազիֆիկացնելու համար»,- ավելացրեց Կ. Պետրոսյանը:

Կարինե Պետրոսյանն իրեն հույս է տալիս, որ նույնիսկ խորհրդային տարիներին գյուղն անբողջությամբ միանգամից չի գազիֆիկացվել: Համայնքի զարգացման քառամյա ծրագրով ներառված է նաեւ գազիֆիկացման ծրագիրը: Ծրագրով նախատեսված է նաեւ համայնքի մշակույթի տան, մանկապարտեզի շենքի վերանորոգումը: Արեւիկը չունի նաեւ համայնքապետարանի վարչական շենք եւ ներկայումս մշակույթի տանն են տեղավորվել: Վերանորոգման խիստ կարիք ունեցող մշակույթի տանը համայնքապետարանից բացի տեղավորվել են գյուղի ամբուլատորիան ու գրադարանը:

Լուրջ խնդիր է նաեւ մանկապարտեզի շենքի վերանորոգումը, որի համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Կարինե Պետրոսյանի ասելով նախահաշիվ չի արվել, որովհետեւ «նախահաշիվ կազմելն էլ թանկ հաճույք» է: Օրինակ, մշակույթի տան նախահաշիվը կազմելու համար 2 տարի առաջ 1 մլն 200 հազար դրամ է վճարվել համայնքային բյուջեից: Հաշվարկել են՝ մշակույթի տունն ամբողջությամբ վերանորոգելու համար կպահանջվի 50 մլն դրամից ավելի: Սա դեռեւս երկու տարի առաջ էր, այս ընթացքում շինանյութը թանկացել է, եւ նոր ծրագրի հայտ ներկայացնելու դեպքում պետք է նորից նախահաշիվ կազմել: «Հիմա ուզում եմ գոնե հովանավորներ գտնել մանկապարտեզի շենքի վերանորոգման նախահաշիվ կազմելու համար, որովհետեւ ընթացքում շինանյութերը թանկանում են եւ նախահաշիվն արդեն ճշգրիտ չի կարող լինել»,- ավելացրեց Կ. Պետրոսյանը:

Արեւիկում մանկապարտեզը գործել է մինչեւ 1997թ.-ը, այժմ մանկապարտեզի շենքում մի քանի մարդ է ժամանակավոր բնակվում: Ըստ համայնքապետի, բնակվողներն այն մարդիկ են, ովքեր ընտանիքի հետ հաշտ չեն եւ տեղափոխվել են մանկապարտեզի շենք: Մինչդեռ գյուղացիները պնդում էին, թե մանկապարտեզի շենքում ապրում են վատ վարք ունեցող կանայք, որոնց դեմ նույնիսկ համայնքապետ Կարինե Պետրոսյանը չի կարողանում: Համայնքապետն ասաց, որ նման կին, իրոք, ապրել է մանկապարտեզի շենքում, սակայն նա արդեն հեռացել է շենքից: Թե երբ կհանգուցալուծվի մանկապարտեզի թնջուկը, առայժմ պարզ չէ:

Կարինե Պոտրոսյանն ասում է, որ գյուղական միջավայրում երիտասարդներն իրենց  առօրյան կազմակերպում են ֆուտբոլի, շախմատի, նարդու հուշամրցաշարեր կազմակերպելով, որոնք գյուղի զոհված ազատամարտիկների անունով են անվանակոչված: Մի քանի օրից կմեկնարկի թենիսի մրցաշարը: Համայնքապետի խոսքերով՝ մրցանակային ֆոնդն այնքան էլ մեծ չէ՝ ամեն մրցաշարի համար այս տարի նախատեսվել է 75.000 դրամ: Մի քանի օրից մեկնարկելու է թենիսի մրցաշարը:

Կարինե Պետրոսյանն ասում է, որ գյուղում փորձում է զարգացնել նաեւ հոգեւոր կյանքը: Ամեն տարի գրադարանը նոր գրքերով հագեցնելու համար գումար է նախատեսվում համայնքային բյուջեից: Այս տարի էլ գրքեր ձեռք բերելու համար նախատեսվել է 100.000 դրամ: Գյուղի գրադարանն ունի մոտ 8000 կտոր գրականություն:

Համայնքի ղեկավարը թեեւ գիտի, որ մանկապարտեզի եւ մշակույթի տան շենքերի վերանորոգումը 44 մլն դրամ բյուջե ունեցող համայնքապետարանի հնարավորություններից վեր է, սակայն ընդգրկում է քառամյա ծրագրերում, որպես հիմնախնդիր: «Ուզում եմ միշտ հիշեցնել, որ այս խնդիրը կա: Ասում են՝ պիտի միշտ դուռը ծեծես, որ մի բան տան»,- ավելացնում է համայնքապետը: Նշենք, որ Արեւիկն այն եզակի գյուղերից էր, որտեղ փակցված էր համայնքապետի, ավագանու բոլոր որոշումներն ու կատարողականները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter