
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Արսեն Բաբայանի համար
Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։
«Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արսեն Բաբայանի պաշտպանական թիմը:
Հիշեցնենք, որ դատարանը հոկտեմբերի 24-ին որոշել է կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ:
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն:
Բաբայանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Լուսանկարում՝ Արտակ Բեգլարյանը, Ավետիք Իշխանյանը
Մեկնաբանել