HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Քննիչն իրեն վերապահել է գնահատականներ շարադրել, իբր հենց դատավոր Բալայանն է ակցիա արել»,- Հրանտ Անանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը շրջափակելու օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը վերը նշված օրը գնացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ աշխատում է և փորձել է մուտք գործել դատարան: Շենքի դիմաց հավաքված քաղաքացիները, սակայն, նրան թույլ չեն տվել ներս մտնել դատարանի մուտքից, որից հետո Բալայանը փորձել է պատուհանից ներս մտնել: Քաղաքացիները սա ևս թույլ չեն տվել, քաշքշել են Բալայանին, ինչից հետո վերջինս վայր է ընկել:

Տեղի ունեցածը տեսանկարահանել են դատարանների մուտքերը շրջափակելու գործողությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները, և դրանք տարածել համացանցում:

Փաստաբան Հրանտ Անանյանը նույն օրը՝ մայիսի 20-ին, հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել:

Հրանտ Անանյանը հաղորդման մեջ նշել է, որ համացանցում տեսանյութեր են տարածվել, «թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ դատավոր, դատական իշխանության ներկայացուցիչ Դավիթ Բալայանին խոչընդոտում մուտք գործել դատարանի շենք և կատարել իր ծառայողական պարտականություններն, ինչի կապակցությամբ ակնհայտ և հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որի արդյունքում նա նույնիսկ ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածքներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցնում նրա հասցեին»:

Անանյանը նշել է, որ համացանցում տարածված տեսանյութերը պարունակում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության հատկանիշներ՝ խնդրելով քրեական գործ հարուցել վերը նշված հոդվածներով, քննություն իրականացնել և մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության:

Նույն օրը տեղի ունեցած այլ միջադեպերի առթիվ ևս դատախազությունը հանցագործության մասին հաղորդումներ է ստացել, և նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ն, մեկ վարույթում  քննելով բոլոր հաղորդումների վերաբերյալ դրվագները, որոշել է մերժել քրեական գործի հարուցումը: Այս որոշումը Հրանտ Անանյանը բողոքարկել է դատախազին, սակայն դատախազը անփոփոխ է թողել ՀՔԾ քննիչի որոշումը, ինչից հետո  Անանյանն օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան: Դատավոր Դավիթ Բալայանը Անանյանին չի լիազորել ներկայացնել իր շահերը: Անանյանն այս գործընթացը սկսկել է սեփական նախաձեռնությամբ:

Դատավոր Դավիթ Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց

Այսօրվա դատական նիստի մեկնարկին դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ թեև ինքը գտնում է, որ կարող է անկողմնակալ քննել բողոքը՝ հարկ է համարում դատավարության կողմերին տեղեկացնել մի քանի հանգամանքների մասին:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործով փաստաբան Հրանտ Անանյանի,  քննիչի և դատախազի հետ ունի գործընկերային ջերմ հարաբերություններ, քննիչի հետ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, իսկ դատախազի հետ՝ Դատախազությունում: Հարությունյանը նաև հայտնեց, որ Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած դեպքը հեռուստացույցով տեսնելով՝ զանհագարել է նրան՝ որպիսությունը ճշտելու համար: Դավիթ Բալայանին զանգահարելու հանգամանքը, թեև դատախազին և քննիչին մտահոգության առիթ տվեց՝  դատավոր Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն նրանք չներկայացրին:

Հրանտ Անանյանի կարծիքով՝ քննիչի կայացրած որոշումը նման է քաղաքական փաստաթղթի

Այսօրվա դատական նիստի ընթացքում Հրանտ Անանյանը ներկայացրեց իր բողոքը: Ըստ Անանյանի՝ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ քննիչի որոշումն անհիմն և ապօրինի է, քանի որ նյութերի նախապատրաստման ընթացքում չեն իրականացվել իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ դեպքի հանգամանքները լրիվ, ամբողջական և բազմակողմի վերհանելուն ուղղված նվազագույն ստուգողական գործողությունները: Ըստ պաշտպանի՝ փաստական հանգամանքները թերի վերհանելու, պատշաճ նյութեր չնախապատրաստելու, դեպքերի հանգամանքները սխալ համադրելու, վերլուծելու, նյութական իրավունքի նորմերը կամայական մեկնաբանելու և գնահատելու, ձեռքբերված փաստական տվյալները խեղաթյուրված ներկայացնելու հետևանքով՝ նախաքննության մարմինը հանգել է անհիմն  կամ առնվազն խիստ վաղաժամ հետևությունների, իսկ մի շարք փաստերի առհասարակ գնահատական չի տվել:

«Քննիչի որոշման ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեադատավարական ակտն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի, քանի որ քննիչի կատարած բոլոր եզրահանգումներն ածանցվել, ուղղակիորեն և անուղղակիորեն կապակցվել են քաղաքական իշխանության կողմից նախաձեռնած «ակցիա»-ին»,- ասաց Հրանտ Անանյանը: Փաստաբանի խոսքով՝ մոռացության մատնելով հանգամանքը, որ մի քանի հոգի դատավոր Դավիթ Բալայանին հրել են, անտեսելով դատավորի կամքին բռնանալու հանգամանքը՝ քննիչը դատողություններ և հետևություններ է շարադրել այն մասին իբր Բալայանը ինքնուրույն է ընկել, և այս ամենն արվել է առանց դատավոր Բալայանից բացատրություն վերցնելու:

 «Քննիչը իրեն վերապահել է գնահատականներ շարադրել իբր հենց դատավոր Բալայանն է «ակցիա արել»,- ասաց Անանյանը՝ նշելով նաև, որ քննիչը որոշման մեջ  հետևություններ է արել, իբր Բալայանին լիազորությունների իրականացման ժամանակ չեն հրել, որ քաղաքացիների գործողությունները կոնկրետ նրա դեմ  չեն ուղղված եղել, ինչպես նաև որ էական վնաս չի պատճառվել, նվազ հանրավտանգ արարք է տեղի ունեցել:

Անանյանի խոսքով՝ քննիչի որոշումից և դեպքի օրվա  տեսանյութերից  հետևում է, որ դատավոր Դավիթ Բալայանը  ներկայացել է աշխատանքի վայր, ցանկացել է մուտք գործել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրի շենք՝ իր՝ որպես դատավոր լիազորությունները և պարտականություններն իրականացնելու համար, սակայն նրան խոչընդոտել են քաղաքացիներ, որոնք օրենսդրությամբ նման գործառույթով օժտված չեն եղել, ավելին, ըստ Հրանտ Անանյանի, վերջիններս իրենց վերապահել են վարչապետի կողմից նախաձեռնած առանց բռնության ակցիաից ավելին, քան «թույլատրված էր»:

«Բացի դատարանի մուտքն արգելափակելուց տեսագրության մեջ առկա քաղաքացիները տեղում ձեռնամուխ եղան նաև դատավորին հրելուն, միմյանց հերթ չտալով բռնությամբ նրան պատուհանի հակառակ կողմ, ամեն ձևով  քաշելուն, քաշքշելուն և շենք մուտք գործելով լիազորությունների իրականացումն հրաժարվելուն, ուստի՝ այս պայմաններում քննիչի հետևությունները՝ կոնկրետ գործով հրել-չհրելու, անմիջապես, թե ոչ անմիջապես արդարադատության գործընթացը բռնությամբ խաթարելու որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող»,- ասաց Հրանտ Անանյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատավորի`իր աշխատանքի վայրը մտնելը և իր մասնագիտական գործունեությունն իրականանցելը միանշանակ և անվերապահ օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված  իազորությունների շրջանակում է  և ուղղված է նրա ծառայողական պարտականությունները կատարելուն: Դատավորն իր լիազորություններն իրականացնելու համար այլ աշխատատեղ չունի և հեռահար եղանակով չի կարող իրականացնել արդարադատություն, այսինքն՝ դատարանի շենք մուտք գործելն իր գործունեության պարտադիր նախապայմաններից է:

Ըստ Անանյանի՝ հրող անձինք անհնարին է՝  չիմանաին, որ Դավիթ Բալայանը դատավոր է, քանի որ նա հանրության շրջանում հայտնի դատավոր է, իսկ տեսագրություններով տեսանելի է, որ դեպքի օրը սկզբում մոտեցել է մուտքի դռանը, ներկայացել է, խնդրել չխոչընդոտել, սակայն նրան թույլ չեն տվել մտնել դատարանի շենք հենց դատավոր լինելու պատճառով, որից հետո քաղաքացիները իրենց թույլ են տվել բռնությամբ կանխել դատավորի մուտք շենք պատուհանից:

Ըստ փաստաբանի՝ մերկապարանոց են  քննիչի հետևություններն այն մասին իբր դատավոր Բալայանի նկատմամբ գործադրված բռնությունը կոնկրետ նրա դեմ ուղղված չի եղել, «ակցիան» ուղղված է եղել բոլորի դեմ, ուստի դիտավորությունը և հանցակազմը բացակայում են տվյալ քաղաքացիների արարքում, սին են նաև  քննիչի պնդումները իբր որևէ մեկին վնաս չի պատճառվել կամ տեղի ունեցած դեպքը օժտված է նվազ հանրային վտանգավորությամբ՝ հանցագործություն որակվելու համար:

«Քննիչը փորձել է դեպքը դիտարկել այսպես կոչված հեղափոխական գույների, մասնավորապես «վարդագույն երանգի» մեջ՝ մոռացության տալով, որ դատավորին անհրաժեշտ էր հարցնել՝ վերջինս ֆիզիկական ցավ զգացել է, թե՞ ոչ, մարմնական վնասվածքներ ստացել է, թե՞ոչ, ինչը սակայն չի արվել».- ասաց Անանյանը՝ նշելով, որ տեղի ունեցած գործողությունների հետևանքով ոտնահարվել կամ առնվազն էականորեն վտանգվել է դատավորի պատիվին ու արժանահավատությունը, քննիչը նաև չի փորձել պարզել՝ արդյոք  դատարանների արգելափակման ժամանակահատվածում  նախատեսված չե՞ն եղել դատական ակտերի հրապարակումներ և հրավիրված չե՞ն եղել դատական նիստեր, արդյոք ակցիայով չի՞ խափանվել արդարադատության գործընթացը,  արդյոք անհիմն չի՞ սահմանափակվել կամ խախտվել մարդկանց իրավունքներ և ազատություններ: Վնաս պատճառելը կամ չպատճառելն ըստ Հրանտ Անանյանի,  կարող էր գնահատվել միայն այս համատեքստում:

Փաստաբանի խոսքով, քննիչը մոռացության է տվել նաև այն, որ անհրաժեշտ էր նշանակել դատաբժշական փորձաքննություն, քաղաքացիներից յուրաքանչյուրի վերցնել բացատրություններ՝  վերջինիններիս հոգեբանական վերաբերմունքը սեփական գործողություններին պարզելու համար:

Օրենքով չթույլատրվող վերը շարադրված արարքներն, ըստ Հրանտ Անանյանի, պարտադիր չէ, որ տեղի ունենան հենց դատական նիստերի դահլիճում:

«Հակառակ դեպքում հանցավորը հեշտությամբ կարող է իրեն թույլ տալ նույն դատավորին վիրավորել այլ տեղ և ժամանակ ՝ նրա դատավոր լինելու համար»,- ասաց Հրանտ Անանյանը:

Այսօր բողոքի քննության գործով նիստը հետաձգվեց, և կշարունակվի դեկտեմբերի 18-ին:

Լուսանկարում`Դավիթ Բալայանը, Հրանտ Անանյանը

Դատական նիստի մանրամասները`տեսանյութում

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter