HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արմեն Աշոտյանը խանդավառել է սփյուռքահայերին. արդեն 500 ստորագրություն կա

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բնակվող հայերը ողջունում են ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու նախաձեռնությունը: Կալիֆորնիայում ապրող Գևորգ Մարտիրոսյանը, ոգևորվելով նախարարի նախաձեռնությամբ, սփյուռքահայ համայնքում ստորագրահավաք է կազմակերպել:

Գևորգը, սակայն, նոր չէ հիշել աստվածուհու արձանի մասին: Դեռևս Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու տարիներին նա հաճախ էր այցելում Բրիտանական թանգարան: Մի անգամ նկատում է, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի պատմությունը տարիներով այդտեղ պահվող մասունքների ցուցանակում մակերեսայնորեն է ներկայացված, ընդամենը մեկ-երկու նախադասությամբ:

Թեպետեւ շնորհակալ էր Մեծ Բրիտանիային հայկական արժեքը անվնաս պահպանելու համար, բայց մտածում է, որ բրոնզաձույլ գլխի և ձեռքերի տեղը Հայաստանի պատմության թանգարանն է, և ինքն իրեն խոստանում է հարազատ արձանի բեկորները դրսում չթողնել: Այժմ Գևորգն ապրում և սովորում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում և չի մոռացել, թե ինչ էր որոշել Բրիտանական թանգարանում:

Գևորգը պատմում է այս պատմությունը՝ բացատրելու համար, որ իր և Արմեն Աշոտյանի նախաձեռնությունները միմյանցից անկախ են սկսվել: Թե արդյոք իր մասին նախարարը գիտի, պատասխանեց, որ էլեկտրոնային նամակով «նախարարի գրասենյակին» տեղյակ է պահել, որ ինքը ստորագրահավաք է կազմակերպել: Երկու երկու օր անց «նախարարի օգնականից» մի նամակ է ստացել՝ ԱՄՆ-ում անընթեռնելի համարվող մի տառատեսակով. «Սա տարօրինակ է, որովհետև ես ոչ մի դժվարություն չունեցա Ձեր նամակն ընթերցելու հարցում (Գևորգին ուղղված մեր առաջին էլեկտրոնային նամակը հայերեն էր- Մ.Մ.): Ես պատասխանեցի՝ խնդրելով նորից ուղարկել նամակը համապատասխան տառատեսակով և դեռևս պատասխան չեմ ստացել»:

Հակառակ անպատասխան մնալուն՝ Գևորգը չի կարծում, թե նախարարը դիտավորյալ է անտեսում իր հաղորդագրությունները: Մտածում է, որ նախարարը հիմա շատ զբաղված է: «Սակայն եթե դու ցանկանում ես սփյուռքում նախաձեռնել հաջող արշավ, պետք է զգուշորեն շփվել երիտասարդների հետ՝ գործին անհրաժեշտ աջակցություն բերելու համար,- նշում է Գևորգը:- Մենք խնդրում ենք նախարար Աշոտյանին խոսել մեզ հետ՝ սփյուռքահայ երիտասարդության հետ, որովհետև մենք ավելի քան ցանկանում ենք նպաստել այս նախաձեռնությանը: Չնայած մենք կարծում ենք, որ մեր նախաձեռնողական խմբի և Արմեն Աշոտյանի միջև համագործակցության բացակայությունը նախարարի զբաղվածության պատճառով է, բայց մենք անշուշտ հույս ունենք, որ նա երբեք կիսատ չի թողնի այս գործը»:

Արմեն Աշոտյանը սփյուռքում իրեն աջակցելու պատրաստ ուժ ունի: Իսկ Հայաստանում նրա առաջարկը միաձայն չընդունվեց: Մի քանի օր է, ինչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախարարի նախաձեռնությամբ ստորագրահավաք է կազմակերպել և անհրաժեշտ ձայներ է հավաքում՝ դիմելու Հայաստանում բրիտանական դեսպանատանը, ապա նաև Բրիտնական թանգարանին: Բայց բոլորը չէ, որ գնում ու ստորագրում են, փոխարենը մտնում են նախարարի ֆեյսբուքյան էջ և թողնում թևաթափ անող և ոչ անհիմն մեկնաբանություններ.

«Ես անձամբ բերեցի աշխարհահռչակ Մելինա Մերկուրիի օրինակը, Հունաստանի մշակույթի նախարար լինելու տարիներին Պարթենոնի մարմարները Բրիտանական թանգարանից Հունաստան բերելու նրա ապարդյուն ջանքերը: Եվ նաև հարց տվեցի, թե արդյոք Հայաստանը ունի իրավական հիմք՝ տվյալ մշակութային արժեքը այլ երկրից պահանջելու: Այս արձանը ժամանակին Հայաստանի՞ց է գողացվել տարվել, Հայաստանի՞ց է ապօրինաբար հանվել, կամ Հայաստանը ռազմատուգա՞նք է մուծել ինչ- որ մի երկրի այս արձանիկի տեսքով»:

«Միգուցե որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նաև կազմակերպեք ստորագրահավաք կանաչ գոտիների զավթմա՞ն դեմ: Օրինակ, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն իրավիճակին, երբ քաղաքապետարանի թեթև ձեռքով հենց հիմա ոչնչացվում է քաղաքի սրտում գտնվող կանաչ տարածք ԾՆՆԴԱՏԱՆ կողքին։ Մի՞թե այն երեխաները, որոնք ծնվում են այդ ծննդատանը, իրավունք չունեն նորմալ թթվածին շնչելու: Հետաքրքիր կլինի իմանալ Ձեր՝ որպես քաղաքացու դիրքորոշումը»:

«Որպես քաղաքացի» ձևակերպումը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ Արմեն Աշոտյանն իրեն ուղղված քննադատություններին պատասխանեց, թե ինքը հեղինակել է այս նախաձեռնությունը ոչ իբրև նախարար, այլ «որպես քաղաքացի և հայ»: Դա ապացուցելու համար իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն թողեց, թե Անահիտ աստվածուհու արձանի՝ Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու ծախսերը կհոգա ոչ թե պետբյուջեի, այլ սեփական գրպանի հաշվին, գուցե նաև դրամահավաք կազմակերպի:

Համենայնդեպս, քննադատողների զայրույթը չի հանդարտվում: Նախարարի ֆեյսբուքյան էջում հենց սկզբից էլ ծավալվեց ոչ թե բանավեճ, այլ վիճաբանություն, իսկ հետո թվում էր, որ եթե փոխադարձ մեկնաբանությունները չլինեին վիրտուալ, ապա մեկնաբանողները պատրաստ են միմյանց հարվածել ձեռքի տակ եղած ամեն ինչով, նույնիսկ Անահիտ աստվածուհու արձանի բեկորներով.

«Իսկ անպոչ գդալի պես մեջ ընկնելդ ու... շատ լավ է բնութագրում քեզ, այլևս քիթդ չխոթես այն դիալոգներին, որտեղ քեզ չեն հրավիրել»:

«Слон, веди себя достойно, ты же не хомячок, ты же Слон! Когда аргументы заканчиваются, начинаются личные оскорбления» («Փիղ, քեզ կարգին պահիր, դու «խամյակ» չես, փիղ ես: Երբ փաստերը վերջանում են, սկսվում են անձնական վիրավորանքները» - Մ.Մ.):

«Արման ջան, Արայի վրա մի շեղվեք, բեզատչյոտնիկ դեմք ա Նյու Յորքում վերընգած, մեռավ բլոգերում աղջիկներին քրֆել ու անպատվել: Տղամարդկություն էլ չկա, մի անգամից փոլիսով ա վախացնում : Թող իրա համար ֆռֆռա»... (մեկնաբանությունները մեջբերված են ոչ հերթականությամբ):

«Խնդրում եմ, դադարեցրեք այս անպտուղ շփումը»,- միմյանց հետևից շարված բազում մեկնաբանողներին Ֆեյսբուքում կոչ արեց նախարարը: Այդ «անպտուղ շփումը» նախարարի նախաձեռնության առաջին պտուղներից է. Գևորգը հույս ունի, որ վերջնական արդյունքը լինելու է Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու արձանի մասունքների ճանապարհ ընկնելը դեպի Հայաստան:

«Երբ ինձ քննադատում են՝ ասելով, թե Բրիտանական թանգարանը երբեք դուրս չի թողնի իր հավաքածուն,- նշում է Գևորգը,- ես պատասխանում եմ, որ Եգիպտոսը տարիների ընթացքում վերականգնել է իր մշակութային հնագույն արժեքների 5000 նմուշ, որոնցից 400-ը բերվել է Բրիտանական թանգարանից»:

Կալիֆորնիա նահանգում խանդավառ երիտասարդների շնորհիվ արդեն հավաքվել է 500 ստորագրություն: «Ստորագրողների թվում կան գիտնականներ, գրողներ, երիտասարդ ռեժիսորներ, համալսարանի ուսանողներ… Ես, բացի հայերենից, գիտեմ նաև անգլերեն, պարսկերեն, ռուսերեն, ինչն էլ օգնում է հասկանալի լեզվով խոսել հնարավորինս շատ սփյուռքահայերի հետ և համախմբել նրանց»,- ասում է Գևորգը:

Իսկ որպեսզի կազմակերպչական աշխատանքն ավելի արդյունավետ և լայնամասշտաբ լինի, նա նախաձեռնել է նաև էլեկտրոնային արշավ. հատուկ ստորագրահավաքի համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում էջ է բացել, բոլորին կոչ է անում քվեարկել և մասնակցել քննարկումներին: «Եթե երկու րոպե էլ կորցնենք, ոչինչ հնարավոր չէ վերադարձնել Հայաստան»,- ասում է նա:

Հ.Գ. Անահիտ աստվածու բրոնզաձույլ արձանի մասունքները գտել են հողային աշխատանք կատարող գյուղացիները 1872թ. Փոքր Հայքի Սատաղ քաղաքում: Այնուհետև արձանի մասունքերը գնել է Լոնդոնի բրիտանական թանգարանը: 1968թ.-ից արձանի կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Մեկնաբանություններ (1)

T. S. Hubill
There are three reasons why this petition will not achieve its aim: (1) Even where there is a good case for 'returning' artefacts, such as the Elgin Marbles to Greece, the British Museum cannot be persuaded. (2) The Museum owns the artefact. (3) It would be politically impossible to 'return' an Armenian artefact when its place of origin now lies in Turkey. You might have a better chance of success by claiming to be of Lunar descent and demanding all moon rocks be returned to their place of origin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter