HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի 8 հա տարածք զբաղեցնող աղբավայրը մի կողմից աշխատավայր է, մյուս կողմից՝ գլխացավանք

Նորիկի աշխատավայրը Արմավիրի քաղաքային աղբավայրն է: Նա վաղ առավոտյան գալիս է աղբավայր և հեռանում մութն ընկնելուն պես: Նա ամեն օր «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի մեջ աղբ է տեսակավորում և դրա համար վաստակում օրական 4000 դրամ: Նորիկը պատմում է, որ աշխատում է իր ազգականի համար: Վերջինս սեփական տեխնիկայով աղբանոցից տեսակավորված աղբ է տեղափոխում և գումարի դիմաց հանձնում համապատասխան կազմակերպություններին, օրինակ՝ պլաստիկ իրեր, ապակե տարաներ և այլն: Աղբավայրում տարածք են առանձնացրել և այդ տարածքում կատարում են տեսակավորումը:

«Օրական 4000 դրամը մեծ գումար չի, բայց դե մենակ եմ ապրում, էլի գոհ եմ այս աշխատանքից»,- ասում է Նորիկը:

Աղբավայրի մուտքը բնակելի հատվածից առանձնանում է կիսատ պարիսպներով, որի մոտ փակցված է ցուցանակ՝ «աղբ չթափել» հազիվ նշմարվող գրառմամբ: Սակայն հենց այդ ցուցանակի մոտից էլ սկսվում է անծայրածիր թվացող աղբավայրը:

Արմավիր համայնքի աղբավայրի տարածքը Կառավարության 13.04.2006թ. թիվ 716-Ն որոշմամբ 8 հա է։ Տարածքը ցանկապատած չէ: Խորքում՝ ճանապարհի աջ ու ձախ կողմերին, վեր են խոյացել աղբի բլրակներ: Մաքուր է միայն ճանապարհը, որպեսզի աղբատար ավտոմեքենաները հանգիստ կարողանան ներս ու դուրս անել:

Արմավիրի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վարշամ Սարգսյանը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «Բարեկարգում տնօրինության» տեխնիկայի միջոցով կատարվում է աղբավայրի մասնակի մաքրման և հողով ծածկման աշխատանքներ: Սակայն մեր այցի ժամանակ, բացի ճանապարհի մաքրված լինելուց, այլ մաքրման աշխատանք չնշմարվեց: Ամեն հատվածում աղբի կույտեր էին:

Աղբավայրը մոտ է բնակավայրին, մոտակայքում կան տներ: Մոտ է գտնվում նաև մարզի Նորավան համայնքը: Աղբավայրում պարբերաբար հրդեհներ են բռնկվում, և ամբողջ ծուխը լցվում է մարդկանց տները: Օրեր առաջ էլ հերթական մեծ հրդեհն էր բռնկվել աղբավայրում: Արմավիրի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի փոխանցմամբ, իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, և կրակը մարվել է 2 օրվա ընթացքում: Մինչդեռ աղբավայրի մերձակա տների բնակիչները պատմում էին, որ 6 օր դեռ ծուխ էին շնչում:

«Պարբերաբար բռնկվող հրդեհները համայնքի ծառայությունների աջակցությամբ և հրշեջ փրկարար ծառայության միջոցով մարվում է»,- նշում են համայնքապետարանից:

Վարշամ Սարգսյանը նաև նշում է, որ աղբավայրի տարածքն իր ռելիեֆով հարմար է նման նպատակների համար շահագործել: Մինչդեռ հակառակն են պնդում բնակիչները: Նարինե Պողոսյանը տևական ժամանակ վարձով է ապրում աղբավայրի մերձակա տարածքի տներից մեկում: Պատմում է, որ տարածքը շատ անհարմար է, քանի որ աղբը լցնում են բաց դաշտում, և ժամանակին ու պատշաճ մաքրման աշխատանքներ չեն կատարվում, թեթև քամուց ամբողջ թաղամասը պատվում է թղթով ու պոլիէթիլենային տոպրակներով:

«Ճանճերի ու առնետների մասին էլ չեմ ասում: Ամռանը ռիսկ չենք անում դուռը բաց պահենք: Տարածքն ընդհանրապես հարմար չի աղբավայրի համար: Լավ, աղբավայրն արդեն կա, գոնե մեծ փոս քանդեն, աղբը հավաքեն փոսի մեջ ու պարբերաբար հողով ծածկեն, ոչ թե փռեն բաց երկնքի տակ ու թեթև քամուց խեղդվենք»,- ասում է Նարինե Պողոսյանը:

Նշենք, որ Արմավիրի մարզի գրեթե բոլոր աղբավայրերը ցանկապատ չունեն, և տարածքում պատշաճ մաքրման, աղբը հողով ծածկելու աշխատանքներ չեն կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter