
Նախագահի աշխատակազմից 7 ծառայողական ավտոմեքենա կօտարվի
Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված ծառայողական ավտոմեքենաներից 7-ը մինչև 2020-ի առաջին կիսամյակը կօտարվի: Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Տարասյանի խոսքով` ի սկզբանե նախագահի աշխատակազմին հատկացված ծառայողական ավտոմեքենաները 22-ն են եղել, սակայն իրենք նախատեսում են շահագործման ենթակա մեքենաները դարձնել 15-ը: Նախագահի աշխատակազմը նախատեսում է, որ մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակ յոթ ավտոմեքենաները օտարված կլինեն:
Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա 155 hաստիքացուցակից 130-ից ավելին համալրված են:
Էմիլ Տարասյանի խոսքով` նախագահի աշխատակազմի համար առաջնային է լինելու թվայնացման դերի մեծացումը՝ սկսած անցակետից, հայտերի իջեցումից մինչև էլեկտրոնային շտեմարանների ստեղծում: Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի` տեղեկատվական բազան թվայնացնելը կապահովի աշխատանքի օպերատիվությունը և հասարակությանն արագ արձագանքելը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 միլիարդ 576 միլիոն դրամ, ինչը 430 միլիոն դրամով ավելի է 2019-ի բյուջեով հատկացված գումարից:
Մեկնաբանել