
«Պատգամավոր ունենք՝ ավելի շատ թռնում է, քան քայլում». օրենսդիրները քննարկեցին գործուղումների հարցը
2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ օրենսդիրներն անդրադարձան իրենց գործուղումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին, հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք համեմատական՝ մեկ պատգամավորի հաշվով միջին գործուղման ծախսը այս և նախորդ գումարման խորհրդարաններում վեց ամսվա տվյալներով որքան է:
Տիգրան Գալստյանն ասաց՝ թիվը չի կարող նշել, սակայն այն նվազելու միտում ունի: Նույն համեմատությամբ նվազել են նաև ներկայացուցչական ծախսերը: Պատվիրակությունների ընդունման համար 40 միլիոն դրամով քիչ է եղել ծախսը` 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Տիգրան Գալստյանը, սակայն, հավելեց, որ գործուղումներին հատկացվող գումարները բացարձակ արժեքով ավելի են եղել այս տարի, քան նախորդ տարի էր:
Վերջինս սակայն վստահեցրեց, որ գործուղումների հետ կապված խիստ վերահսկողություն են սահմանում սկսած տոմսերի գներից մինչ պատվիրակությունների ծրագրով պայմանավորված արտերկրում լինելու ժամանակահատվածը:
«Նաև նոր կարգավորում ենք ուենալու, որով հստակ երևում է, թե պատվիրակը երբ է մեկնում, երբ վերադառնում։ Այս պահի դրությամբ ունենք որոշակի բանավոր կարգավորումներ, իսկ փոփոխությունները հնարավորություն կտան հստակեցնել մեկնման և վերադարձի հետ կապված հարցերը»,- ասաց Գալստյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ պետք է մեխանիզմ մշակել, որ պատգամավորը հաշվետվություն ներկայացնի իր գործուղման արդյունքների վերաբերյալ:
«Պատգամավոր ունենք՝ ավելի շատ թռնում է, քան քայլում, հանրությունը հարցնում է, թե էդ մարդու երկրին տված օգուտը որն է»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ պատգամավորների գործուղումների արդյունքը պետք է տեսանելի լինի:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ավելացրեց՝ ընդհանրապես պատգամավորի աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի:
«Կան պատգամավորներ, որոնք գործուղման չեն մեկնում, բայց աշխատանքի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ կա նման կարգավորում, և գործուղումից վերադարձած պատգամավորները մամուլի ասուլիսի միջոցով հաշվետվություն են ներկայացնում գործուղման ժամանակ կատարած աշխատանքի վերաբերյալ:
Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն էլ արձագանքեց, որ իր լիազորությունների շրջանակում չէ գործուղման վերաբերյալ պատգամավորի աշխատանքի գնահատում իրականացնելը: Աշխատակազմի խնդիրը գործուղումն ապահովելն է, և ճիշտ կլինի, որ պատգամավորները՝ որպես օրենսդիրներ, սահմանեն նմանատիպ կարգավորումներ:
Մեկնաբանել