
«Մարդն ապրում է այնքան, որքան հիշում են». «Շիրակի մեղեդիներ» ֆիլմից հայտնի քավորին նվիրված հուշաքարի բացում Գյումրիում
Հոկտեմբերի 29-ին, Գյումրու Մուսայելյան փողոցի 56 տան պատին մի փոքրիկ հուշաքար հայտնվեց, որպես հուշում, որ այս տանը 1938-ից մինչեւ 1965թ.-ն ապրել է «Շիրակի մեղեդիներ» երաժշտական ֆիլմից լայն ճանաչում ստացած քավորը՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Թաթուլ Ալթունյանի անսամբլի մեներգիչ, ծնունդով լենինականցի Ալբերտ Սարգսյանը:
«Շերամը աշխարհի սիրո երգիչն է, բայց իմ կարծիքով, գյումրեցիներից լավ ոչ ոք Շերամ չի կատարում ու այդ կատարողներից էլ անգերազանցելի է մնում Ալբերտ Սարգսյանն իր սիրուն ու քաղցր տեմբրով»,-կարճ այսպես է բնութագրում երգչին մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը:
Երաժիշտների ընտանիքում ծնված Ալբերտի ուղին կանխորոշված էր դեռ վաղ մանկությունից: Երաժշտության առաջին ուսուցիչը մայրն էր՝ Վարդուշը, որ երգում էր եկեղեցու երգչախմբում՝ Արաքսյա Գյուլզադյանի հետ: Մայրական կողմից Ալբերտի երաժիշտ ազգականներն էին թառահար Արամ Նիկողոսյանը, դուդուկահար-կլառնետիստ Կարո Չարչօղլյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը: Ուժեղ էին գեները, տրամադրող էր միջավայրն ու գուցե տարօրինակ լիներ հակառակը, եթե փոքրիկ Ալբերտը որեւէ ձեւով իրեն չդրսեւորեր այս բնագավառում:
Ճակատագրական էր 12-ամյա Ալբերտի եւ Գյումրու Սեւյանի մշակույթի տան երգի-պարի անսամբլի ղեկավար Աղասի Շաբոյանի հանդիպումը խնջույքի ժամանակ: Լսելով նրա «Սարեր կաղաչեմ»-ը, վարպետը հրահանգում է հաջորդ օրը գալ իր մոտ՝ Սեւյանի պալատ: Աղասի Շաբոյանի ղեկավարած երգի-պարի համույթում Ալբերտը հանդես է գալիս 15 տարի: 1960-ականներին Շաբոյանը ստեղծում է «Գյումրվա հարսանիք» թատերականացված բենադրությունը, որի հեռուստատեսային տարբերակը՝ «Շիրակի մեղեդիներ» խորագրով հեռուստադիտողների դատին է հանձնվում 1965թ-ին(ռեժիսոր Վիլեն Զաքարյան): Ֆիլմում Ալբերտ Սարգսյանը 4 երգ է կատարում եւ հեռուստադիտողի հիշողության մեջ մնում հատկապես քավորի երգով՝ «Պարտեզում վարդ է բացվել»:
Գյումրիում հյուրախաղերի եկած հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի ղեավար Թաթուլ Ալթունյանի հետ Ալբերտին ծանոթացնում է Աղասի Շաբոյանը: Ալթունյանը տեսել էր «Շիրակի մեղեդիները» եւ երգչին հրավիրում է Երեւան: 1965թ-ից «քավորը» դառնում է Թաթուլ Ալթունյանի անվան համույթի մեներգիչը: Ալբերտ Սարգսյանի աղջիկը՝ Նինել Սարգսյանը հիշում է, որ ծնողները հաճախակի էին իրեն տանում համերգների.
«Երբ հայրիկին տեսնում էին մեքենայի մեջ, լսվում էր «քավորն եկավ» բացականչություններ: Ես շատ էի հպարտանում, մանավանդ, երբ իջնում էինք մեքենայից ու մարդիկ շրջապատում էին հայրիկիս: Ապրելով Երեւանում, ունենալով այդպիսի ճանաչում ու սեր, նա այդպես էլ մտքերով, հոգով, սրտով մնաց իր սիրելի Գյումրիում»:
2007թ-ին, երբ քննարկվում է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանի անվանի քաղաքացիների անունները, առաջարկ է լինում այդ պատվին արժանացնել նաեւ Ալբերտ Սարգսյանին: Սակայն մահը մի փոքր առաջ է ընկնում:
«Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են,-նկատում է Հասմիկ Կիրակոսյանը,- հիմա ինքն արդեն քարային հիշողություն է, բայց էս քարի կողքից անցնելիս դու ոչ միայն քարն ես տեսնում, այլեւ Շերամ ես լսում, թվում է, թե էդ մեղեդին մտնում է յուրաքանչյուր անցորդի ականջի ու հոգու մեջ: Սա նաեւ հորդոր է, որ անաղարտ պահեք ազգայինը, ավանդականը»:
Մեկնաբանել