HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Բուժիչ» և «նիհարեցնող միջոցներ»՝ սննդի անվան տակ. տնօրենն ասում է՝ ուտելիք են վաճառում

«Ֆիդորա-բուժիչ յուղեր և կոսմետիկա» ֆեյսբուքյան էջում արդեն տևական ժամանակ է, ինչ գովազդվում է «լյարդի, լեղապարկի, երիկամների և սրտի բուժման» և «նիհարեցնող» միջոցները՝ պատիճավորված փոշիները: Ընկերության «բուժիչ ապրանքները», սակայն, չունեն դրա համար անհրաժեշտ պետական գրանցման վկայական: Տնօրենը, ով ներկայանում է որպես դեղագետ, պնդում է՝ սնունդ են վաճառում, իսկ անհրաժեշտ «թղթերը հանելը» մեկ ժամվա և 40 000 դրամ վճարելու գործ է:

 

«Ֆիդորա» ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Այն զբաղվում է այլ տեսակի սննդամթերքի արտադրությամբ: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է բուսական ծագման յուղերի արտադրությամբ: Ներկայում արտադրում է տարբեր տեսակի բույսերի յուղեր:

«Չե՞ք ուզում հայտնվել վիրահատական սեղանին ուրեմն մեկ մեկ էլ ձեր օրգանների մաքրման ու կարգավորման մասին մտածեք....»

«ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԸ՝ դա օրգանիզմում առկա խնդրի, կամ խնդիրների հետևանքն է, խնդիրներ, որոնք պետք է վերացնել, այլապես ավելորդ քաշը կրկին ու կրկին «կայցելի» ձեզ» : 

Նմանատիպ գրառումներ կարելի է տեսնել «Ֆիդորա-բուժիչ յուղեր և կոսմետիկա»-ի ֆեյսբուքյան էջում (գրառումները մեջբերված են՝ առանց խմբագրման

Ըստ հայտարարության՝ նիհարեցնող միջոցները «մաքրում և կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարելավում  են նյութափոխանակությունը, ամրացնում՝ մազերը, լավացնում՝ մաշկի, մազերի և եղունգների որակը», բացի այդ, ալոեի «հայկական» պատիճներին վերագրված են մի շարք այլ, բուժիչ հատկություններ, ինչպես օրինակ՝ «կրճատում է խոլեստերինի և շաքարի մակարդակը, կարգավորում է հորմոնալ մակարդակները, այրում է ճարպը»: Ավելին, հայտարարություններից մեկում նշված է՝ «հիանալի դեղամիջոց են փորկապության, շաքարի, խոլետերինի և ավելորդ քաշի դեմ»։

Ապրանքի նմանատիպ բուժիչ հատկությունների մասին նկարագրության մեջ իրավունք ունի գրել միայն համապատասխան լիցենզիա ունեցող դեղարտադրողը. նույնիսկ հավելումների դեպքում այսպիսի գրառումն արգելվում է:

Նիհարեցնող միջոցները վաճառվում են պատիճավորված՝ մեկ տուփը 4000 դրամով, տուփի մեջ կա 60 հաբ և «խորհուրդ է տրվում կիրառել օրական 1-2 հաբ, 2-3 անգամ», իսկ կնիհարեք դուք, ըստ ֆեյսբուքյան հայտարարության, «1-2 ամիս անդադար օգտագործելուց հետո»:

Արդեն որպես ուղղակի բուժիչ միջոց՝ «լյարդի, լեղապարկի, երիկամների և սրտի բուժման», ընկերությունն առաջարկում է կաթնափշի պատիճներ՝ հետևյալ «խոստումներով»՝ «լյարդի, լեղապարկի և ստամոքսաղիքային համակարգի դետոքսիկացիա, խթանում են ճարպերի այրումը, ուժեղացնում իմունային համակարգը, մաքրում արյունը: Ցուցված է, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, նեիրոդերմիտի, էկզեմայի, փսորիազի, վարիկոզի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում»:

Այս միջոցը, ըստ հայտարարության, նաև «ուժեղացնում է լյարդի դիմադրությունը, աջակցում լյարդի աշխատանքին: Ուժեղացնում է լյարդի բջիջների պատերը՝ պաշտպանելով ալկոհոլի և թունավոր նյութերի վնասակար հետևանքներից»

Կամ մեկ այլ՝ «հայկական սխտորի պատիճներ», որոնք իջեցնում են արյան մակարդելիությունը, լավացնում են սրտի և գլխուղեղի սնուցումը թթվածնով, կարգավորում են խոլեստերինի փոխանակությունը, կանխարգելում թրոմբների առաջացումը։

Հաշվի առնելով այն, որ ընկերությունն իր ապրանքները ներկայացնում է ոչ որպես սովորական սնունդ, այլ դրանց տալիս է հատուկ նշանակություն՝ նիհարեցնող կամ բուժիչ, դրանք, առնվազն պետք է ունենան պարտադիր պետական գրանցում և համապատասխանեն ԵԱՏՄ ՄՄ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին:

Իսկ պարտադիր պետական գրանցում այս ապրանքները չունեն, այսինքն՝ դրանք չեն անցել այն փորձաքննությունների շարքը և այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են գրանցում ստանալու համար:

Նույնիսկ հավելումների դեպքում արտադրողն իրավունք չունի նշել ապրանքի բուժիչ ազդեցության մասին՝ «արագացնում է, մաքրում է, կարգավորում է, այրում է, կրճատում է» և այլն՝ պետք է անպայման նշի, որ դրանք «նպաստում են»։ Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել՝ այս երկու միջոցներն ունեն արդյոք պետական գրանցում և ի վերջո ինչ արտադրանք են:

«Ֆիդորա» ընկերության աշխատակիցներից Հայկն ասաց, որ իրենց ալոեն իսկապես օգնում է նիհարել, և այն կարելի է ձեռք բերել արտադրամասից.  «Ալոեի պատիճները ստամոքսաղիքային համակարգն են մաքրում, որից հետո ներթափանցում են արյունը, որից հետո արդեն սկսում եք նիհարել, այսինքն՝ օրգանիզմը մաքրվում է բնականոն կերպով, որի արդյունքում մարդը նիհարում է»:

Հայկի հետ զրույցից.
_______________________

-Դեղ չի՞
-Չէ՛, դեղ չի, ինքը ալոեի փոշի է
-Հավելու՞մ է համարվում:
-Այո՛, այո՛:
-Դուք արե՞լ եք պետական գրանցում, ունե՞ք:
- Այո՛, իհարկե ունենք:

Հայկը նաև հայտնեց, որ լյարդի ու լեղապարկի համար նախատեսված պատիճները ևս «կարող են նիհարեցնել», քանի որ մաքրում են օրգանիզմը: Այն հարցին, որ նշված երկու ապրանքներն էլ չունեն պարտադիր պետական գրանցում, աշխատակիցն ասաց, որ «իրենց էջում փաստաթղթերը կան»:

Սակայն ընկերության ֆեյսբուքյան էջում կարելի է գտնել ընդամնենը մի քանի փաստաթուղթ, որոնք վերաբերում են յուղերին և էթիլ սպիրտին՝ Եվրասիական Միության համապատասխանության փաստաթղթերն են:

 Պարտադիր պետական գրանցման ժամանակ ստուգվում է ապրանքի վերաբերյալ արտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթը, ինչի հիման վրա և տրվում է շրջանառության ու վաճառքի թույլտվություն։ Ընդ որում՝ ԵԱՏՄ մի երկրում տրված պետական գրանցման վկայականը փոխադարձ ընդունելի է Միության անդամ բոլոր երկրներում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս ամբողջ գործընթացում ունի ընդամենը մեկ գործառույթ՝ ռեեստրում մուտքագրել այդ ապրանքի պետական գրանցման վկայականի համարը։

«Այսինքն, ոնց կարա ինքը պետական գրանցում չունենա, բայց Եվրասիական ստանդարտները ունենա, ըտենց ոնց կարա լինի»,- դարձյալ նշեց ընկերության աշխատակիցն ու ի վերջո առաջարկեց «Ֆեյսբուք»-ով գրել, և իրենք կփոխանցեն անհրաժեշտ փասթաթղթերը: Գրեցինք, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել:

Հատված «Ֆիդորա»-ի նիհարելու միջոցի վերաբերյալ մարդկանց մեկնաբանություններից.
________________________________________________________________________
-Օգտագործել եմ մեկ ամիս և ոչ մի արդյունք չեմ ստացել, ինչ խորհուրդ կտաք, շարունակել, թե իմաստ չունի:

-Քանի՞ տուփ եք օգտագործել, և ինչպե՞ս եք խմել:

-3 տուփ օրական 3 անգամ 2-ական կապսուլա ուտելուց առաջ

-Նախ պետք է պարզել, թե ինչն է ավելորդ քաշի պատճառը, հորմոնալը, լյարդ-լեղապարկը, արյան շաքարը, խոլեստերինը, թե ստամոքսաղիքայինը:

Ալոեն ավելի շատ ստամոսքաղիքային խնդիրներն է լուծում, մաքրում համակարգը, սակայն ավելորդ քաշի պատճառ լյարդն է, լեղապարկը, որի համար անհրաժեշտ է կաթնափուշը, հատկապես եթե, օրինակ, լեղապարկը հեռացված է:

-Դա պետք ա ասեիք նախնական բժշկական խորհրդատվության ժամանակ:

«Ֆիդորա» ընկերության արտադրանքների առաքման կարգի 10-րդ կետը սահմանում է երաշխիք՝ Ֆիդորա ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքների որակը և համապատասխանությունը սերիֆիկատներին ու ստանդարտներին, սակայն չի տրամադրում բժշկական խորհրդատվություն և չի վարում հիվանդությունների բուժման ընթացք:

-Իսկ դուք խաբում եք մարդկանց:

-Մենք վաճառում ենք ալոեի 100 տոկոսանոց պատիճներ, որի որակը երաշխավորում ենք, իսկ թե ում որքանով և ինչքան ժամանակում կօգնի՝ դա անհատական է:
Մենք երբեք չենք երաշխավորում արդյունք, մենք երաշխավորում ենք միայն մեր արտադրանքի որակը և իսկությունը, համապատասխանելիությունը միջազգային ստանդարտներին:

-Իսկ վաճառելու պահին ձեզ այլ կերպ եք պահում:

-Դուք ի՞նչպես եք խոսել մեր մասնագետի հետ, Ի՞նչ մասնագետի մասին է խոսքը:

-Լավ մնացեք, ճիշտ աշխատեք:

«Ֆիդորա» ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանը «Հետք»-ին հայտնեց, որ ինքը 40 տարվա դեղագետ է, շատ լավ տարբերում է հավելումը դեղից, սակայն իր վաճառածը սնունդ է, ուտելիք, և որպեսզի մարդիկ ալոեի տերևները «չտանջվեն ուտեն», իրենք չորացնում և պատիճավորում են. «Դա հավելում չի, դրա վրա հավելում չկա գրած: Հավելում խի՞ պետք ա գրեմ, թե մաքուր ալոեն չորացրել եմ, փոշին լցրել եմ»,- ասաց տնօրենը, ապա հետաքրքվեց, թե ինչու ենք որոշել ուսումնասիրել հենց իրենց ընկերությունը:

«Ինքը հավելում չի: Ինքը պատիճների տեսքով կա, դրանց յուղերն են, հիմա դրանց փոշիները նորություն ա, որ դրանք էլ ենք անում: Ու նիհարեցնող պատիճ չէ, ինքը ալոեի փոշու կապսուլա ա, կաթնափուշի փոշու կապսուլա ա»,- ասաց Ա Վարդանյանը: Այն հարցին, որ ներկայացնում և գովազդում են իբրև նիհարեցնող միջոց, տնօրենը դարձյալ պնդեց, որ «ալոե»-ն ուղղակի լավ է «քաշ գցելու» համար, իրենք էլ հեշտացրել են մարդկանց գործը՝ չընդունելով, որ այն առնվազն հատուկ նշանակություն ունեցող (նիհարեցնող, բուժիչ, հեղ.) սնունդ է և, հետևաբար, պետք է գրանցվի։

Հատված Աշոտ Վարդանյանի հետ հարցազրույցից.
__________________________________________________________

- Հատուկ սնունդ չի, պետական գրանցում պետք չի: Եթե հարցը վերաբերում ա էդ սերտիֆիկատին, մի 40 000 դրամ տալիս եք, մի ժամից բերում են սերտիֆիկատը: Եթե էդքան էդ ձեզ անհրաժեշտ ա, կարող ենք հենց մի ժամից էդի հանել: 

- Մեզ հետաքրքում է պետական գրանցման վկայականը:

- Ի՞նչ պետական, պետական գրանցման վկայականը ԵԱՏՄ սերտիֆիկատն ա, ուղարկեմ դա:

- Ի՞նչ է նշանակում, որ մի ժամից կարող եք սերտիֆիկատ ստանալ:

- Մեզ մոտ կա ԵԱՏՄ-ի սերտիֆիկատը, ԵԱՏՄ-ի սերտիֆիկատը դա չի նշանակում պետական գրանցում: Էդ ապրանքը չի գրանցվում, եղա՞վ:

- Ինչի՞ց եք ենթադրում

- Իմ արտադրանքն է, ենթադրելով չի, իմ արտադրանքն ա, դուք ի՞նչ գիտեք:

-Բայց գովազդում ու ներկայացնում եք մարդկանց որպես նիհարելու կամ բուժիչ միջոց, մոլորեցնում եք մարդկանց:

- Մարդկանց չեմ մոլորեցնում, կաղամբն էլ, որ ուտում են, նիհարում են, չէ՞: Եթե պետք լինի վաղը կաղամբ էլ կվաճառեմ՝ հատուկ, նիհարեցնող:

Ապա Աշոտ Վարդանյանը մեղադրեց, որ չգիտենք արտադրությունն ինչ է, և «կողքից մեկը չի կարող զանգել ու անիմաստ թուղթ պահանջել»:

Հատված Աշոտ Վարդանյանի հետ հարցազրույցից.
_________________________________________________________________________________________
-Սրանք ոչ դեղ են, ոչ էլ՝ հավելու՞մ։

-Ո՛չ դեղ է, ո՛չ հավելում է, ինքը սնունդ է, կարող եք ուտել, կարող եք՝ խմել ցանկացած պահի, ինչքան ուզում եք: Եթե դուք, ասենք, կասկածում եք, բերեք, ես առանց դոզավորման, առանց չափաքանակի ես կարող եմ դա խմել:

-Գրել եք՝ շաքարի դեմ, խոլեստերինի դեմ:

-Էդի գրած ա ինտերնետում: Եթե կաթնափուշը նիհարացնում ա, էդի արդեն մարդիկ մի 4-5000 տարի ասում են, հայտնի ճշմարտություն ա, դուք ի՞նչ եք ուզում, դրանից ինչ-որ բան եք ուզում գտնել: Ինքը ոչ մի տեսակի խախտում չի, ոչ մի տեսակի ինչ-որ խաբելու միջոց չի, միակ միջոցը մեր ֆիրման ա, որ մադկանց դեռ նորմալ օգնում ա, հիմա ի՞նչ եք ուզում, էդ էլ եք ուզում խառնել իրար:

-Դուք  չե՞ք ուզում ընդունել, որ հավելում եք վաճառում։

-Ես ընդունում եմ, որ ես շատ լավ գործ եմ անում մարդկանց համար, ժողովրդի, երկրի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter