HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Անկարգ» պատգամավորները մնացին անպատիժ

Այսօր Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև ԱԺ նախագահին ՀՔԾ-ի ուղարկած գրությունը: Քննարկման արդյունքում Սամվել Նիկոյանը որոշել է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով աշխատանք կատարել հետայսու պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու երևույթները բացառելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ի նիստում՝ մի շարք օրենքների ընդունման ժամանակ, պատգամավորներ Արա Բաբլոյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հերմինե Նաղդալյանը, Արեգ Ղուկասյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը քվեարկել էին այլ պատգամավորների փոխարեն՝ ապահովելով քվորումը:

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» կազմակերպությունը դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը՝ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ՀՔԾ-ից դիմումը վերահասցեագրվել էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին:

Սամվել Նիկոյանն էլ այսօր՝ քննարկման ժամանակ, արձանագրել է, որ հիշատակված նիստում՝ քվեարկության ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վարման կարգով ելույթ է ունեցել և նշել է մեկ պատգամավորի անուն՝ ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները և այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել:

«Ինչ վերաբերում է նիստի ընթացքում պատգամավորների կողմից թույլ տրված կանոնակարգային խախտումների մասին հիշատակումներին, փաստ է, որ բացի վերոհիշյալ դեպքից՝ կոնկրետ այլ պատգամավորների անուններ որևէ պատգամավորի կողմից չեն հնչեցվել: Ուստի, նիստը վարողը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել՝ հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել»,- եզրահանգել են խորդակցության մասնակիցները:

Միամիտ է հավատալ, թե Սամվել Նիկոյանն իր «բարձր» դիրքից չի տեսնում, թե ինչպես են իր խմբակցության պատգամավորները, իրար հերթ չտալով, քվեարկում բացակա պատգամավորների փոխարեն: Ավելին, այս արատավոր երևույթը եթե չասենք խթանում, ապա աջակցում է հենց ՀՀԿ խմբակցությունը, քանի որ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նույնպես առիթը բաց չի թողնում այլ պատգամավորի փոխարեն քվեարկելու համար:

Թեև Սամվել Նիկոյանն այսօր դիմել է խմբակցություններին, այլ կերպ ասած՝ «անկարգ» պատգամավորներին կարգի բերելու համար, սակայն դժվար է հավատալ, որ պատգամավորներն այսուհետև զերծ կմնան ուրիշի փոխարեն «կոճակ սեղմելու» արմատացած սովորությունից:

Ավելին, շատերը նույնիսկ չեն էլ զղջում իրենց արարքի համար և բացահայտ ասում են, թե նման բան չի եղել: Օրինակ՝ տեսախցիկները հստակ արձանագրել են, թե ինչպես է Գագիկ Մելիքյանը մի քանի անգամ քվեարկում իր կողքին նստող Մկրտիչ Մինասյանի փոխարեն, սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղարը շարունակում է պնդել, թե նման բան չի եղել:

Այսքանից հետո արժե՞ հավատալ Սամվել Նիկոյանի քննարկմանն ու խմբակցություններին ուղղված հորդորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter