HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջուկային Թուրքիայի հեռանկարը

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

Ամփոփ կետեր

  • Միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մասին Էրդողանի հայտարարության օրը պատահաբար չէր ընտրված։ 
  • Միջուկային զենքն Էրդողանին անհրաժեշտ է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին գերազանցելու, «Հին Թուրքիայից» «Նոր Թուրքիայի» տարբերվելու համատեքստում։
  • Էրդողանն ու Պուտինը, ըստ ամենայնի, փորձելու են իրականացնել «միջուկային զենք-ՆԱՏՕ-ից դուրս գալու դիմաց» գործարքը։
  • Անհրաժեշտ է Թուրքիա-ՌԴ հարաբերությունները զանազանել Էրդողան-Պուտին հարաբերություններից, քանի որ երբեմն չեն համընկնում Էրդողանի ու Թուրքիայի, ինչպես նաև Պուտինի ու ՌԴ-ի շահերը։ 
  • Հայաստանը պետք է մշտապես իր ուշադրության կենտրոնում պահի Թուրքիայի միջուկային նկրտումները և չնստի ձեռքերը ծալած վիճակում։

Ներածություն

Դեռևս 2014թ աշնանը հրապարակած «2023թ միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հավակնության շուրջ» հոդվածում նշել էինք, որ Թուրքիան գնում է միջուկային զենք ունենալու ճանապարհով։ Դրա համար հիմք էին հանդիսացել ոչ միայն գերմանական Die Welt թերթի լրագրող Հանս Ռյուhլեի (1982-1988թթ. աշխատել է Գերմանիայի ՊՆ պլանավորման դեպարտամենտում) համապատասխան հոդվածը, այլև մեր անձնական դիտարկումները։ Մասնավորապես, Ռյուհլեն նշել էր, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) բազում տարիներ լրտեսել է Թուրքիային, և որ վերջին շրջանում աճել են անուղղակի վկայություններն այն մասին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է իր երկիրը զինել միջուկային զենքով։ Ռյուհլեն ընդգծել էր, որ թուրքերի ռազմավարության համար օրինակ է ծառայել Իրանը, որը գաղտնի զբաղվել է միջուկային զենքի մշակմամբ՝ դա անելով ատոմային խաղաղ ծրագրի շղարշի ներքո: Ռյուհլեն Թուրքիայի միջուկային նկրտումների համատեքստում ընդգծել էր ռուսական «Ռոսատոմի» և ֆրանս-ճապոնական Areva-Mitsubishi կոնսորցիումի հետ թուրքական կողմի կնքած պայմանագրերը (նախատեսում են ատոմային ծրագրի կարևոր տարրերը՝ ռադիոակտիվ թափոնները, վառելիքային կաղապարաձողերը պահել Թուրքիայում)։ Ռյուհլեն նաև նշել էր, որ միջուկային զենք ստեղծելու Թուրքիայի նպատակի ևս մեկ կարևոր ապացույց է նրա հրթիռային (2500 կմ հեռահարությամբ հրթիռների ստեղծման) ծրագիրը, ինչում նույնպես կարևոր դեր է խաղացել Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը։ 

Մեր կողմից ուշադրություն էինք հրավիրել նրա վրա, որ Թուրքիայում մտադիր էր կառուցել արբանյակների արձակման կենտրոն: Դրա հետ կապված՝ թուրք սյունակագիր Էմրե Սոնջանը գրել էր, որ արբանյակների արձակման կենտրոնի հիմնումը Թուրքիային հնարավորություն կտա հրթիռ ուղարկել տիեզերքից դուրս, ինչը կարևոր է այն համատեքստում, որ ի տարբերություն մյուս հրթիռների, բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի ժամանակ դուրս են գալիս մթնոլորտից, դեպի թիրախ ընթանալիս որոշ ժամանակ թռչում են տիեզերքով, իսկ թիրախին մոտենալիս վերստին մտնում են մթնոլորտ «Համարվում է, որ Թուրքիան արբանյակների արձակման կենտրոնի նախագիծն օգտագործելու է սեփական արտադրության արբանյակներն արձակելու համար, սակայն հիմնական նպատակն այլ է. տիեզերք արբանյակ արձակելը նշանակում է ավարտին հասցնել բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի մեծ մասի յուրացումը»։ 

Ստացվում է, որ Թուրքիան արբանյակների արձակման կենտրոնը կարող է ծառայեցնել որպես մեկնարկային հարթակ իր 2500 կմ-անոց հրթիռների համար։ Ընդգծել էինք, որ 2014թ. ապրիլին ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել էր Ուկրաինայի նոր իշխանություններին՝ կապված «Սատանա» տիպի հրթիռի գծագրերը (տեխնիկական փաստաթղթերը) վաճառելու շուրջ Թուրքիայի հետ բանակցելու հետ (դնեպրոպետրովսկյան «Յուժմաշ» ձեռնարկությունը 2014թ. ապրիլի 5-ին Թուրքիայում գաղտնի բանակցություններ է վարել Р-36М2 Воевода (ՆԱՏՕ դասակարգմամբ՝ «Սատանա») միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրման տեխնոլոգիաների վաճառքի շուրջ)։

Բացի այդ, ուշադրություն էինք հրավիրել նրա վրա, որ Թուրքիան փորձում էր Գերմանիայից գնել նոր սուզանավեր, որոնք ունակ կլինեին կրել միջուկային մարտագլխիկներ։ Խոսքն օդից անկախ շարժիչներով (Air Independent Propulsion, AIP) U-214 սուզանավերի մասին է, որոնք ունակ են սուզվել մինչև 400 մետր խորությամբ և ջրի տակ ինքնուրույն գործել մինչև 50 օր (ընթացքի պաշարը կազմում է 19.000 կմ): Սուզանավերի այս գործարքը գնահատվեց 2.5 մլրդ եվրո ($3.4 մլրդ), ինչը ֆինանսական առումով դարձավ Թուրքիայի ռազմածովային ուժերի համար խոշորագույն գործարք և Թուրքիայի պաշտպանունակության ընդլայնման ոլորտի 2-րդ խոշոր նախագիծը՝ զիջելով միայն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ գործարքին՝ կապված $13-16 մլրդ-ով հինգերորդ սերնդի F-35 տիպի բազմանշանակ 100 կործանիչ գնելու հետ։ Սակայն Գերմանիան, ով նման սուզանավեր վաճառել էր Իսրայելին և մտահոգված է Իսրայելի անվտանգության երաշխավորմամբ, հրաժարվեց Թուրքիային վաճառել այդօրինակ սուզանավեր («սուզանավային ճգնաժամ»)։ 

 Հիշատակել էինք նաև Թուրքիայի համառ փորձերը՝ ուղղված ԱՄՆ-ից F-35-ների ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը ստանալուն, որոնք անհրաժեշտ են միջուկային մարտագլխիկներ կրելուն ունակ այդ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական (թուրքական) արտադրության սպառազինություն տեղակայելու համար): 

Ռյուհլեի խոսքերով՝ Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ քայլերի համատեքստում են տեղավորվում թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները. «2011թ. օգոստոսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք: Իսկ 2013թ. սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Foreign Affairs պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Թուրքիան թույլ չի տա, որ հարևան երկիրն ունենա այնպիսի զենք, որից չունի Թուրքիան»: Մեր կողմից հավելել էինք 2010թ. մայիսին Ռիո դե Ժանեյրոյում Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը. «Իրանի միջուկային ծրագրի դեմ հանդես եկող երկրներն իրենք ունեն միջուկային զենք: Այս թեմայով խոսողները նախևառաջ թող վերացնեն իրենց միջուկային զենքերը և մարդկությանը հղեն խաղաղության ուղերձ»: Սա առաջին հերթին ԱՄՆ-ին հասցեագրված կոչ էր: 

Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիան առնվազն լրջորեն հետաքրքրված է եղել հարևան երկրների կողմից միջուկային զենքի մշակման աշխատանքներով և փորձել է շատ հետ չմնալ նրանցից՝ տվյալ ուղղությամբ ձեռնարկելով կոնկրետ քայլեր։ Եվ ահա 2019թ Էրդողանը նոր հայտարարություններ արեց միջուկային զենքի վերաբերյալ, որով վերստին օրակարգ բերեց «Միջուկային Թուրքիայի» թեման։ 

 

2019թ միջուկային զենքի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները և դրանց դրդապատճառները

2019թ սեպտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) կայացած Կենտրոնական Անատոլիայի տնտեսական համաժողովում հայտարարեց, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առթիվ իր երկրի վրա դրված արգելքը՝ անտրամաբանական համարելով այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ. «Որոշների ձեռքում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան: Ընդ որում՝ դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն: Սակայն իմ ձեռքում չպետք է միջուկային մարտագլխիկով հրթիռներ լինեն։ Ես դա չեմ ընդունում: Այս պահին աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներն ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ: Բոլորն ունեն: Նույնիսկ մի նախագահ կար, որի անունը հիմա չեմ նշի, այցելությանս ժամանակ ինձ ասում էր, թե 7500 հատ միջուկային մարտագլխիկով հրթիռ ունի, բայց էլի է արտադրելու, քանի որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռքում կա 12500, 15000 հրթիռ: Տեսեք, թե նրանք ինչ մրցակցության մեջ են, բայց մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է, մյուս պետություններին ահաբեկում է իր միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող»

Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք Անկարան ցանկանում է քայլեր ձեռնարկել միջուկային զենքի ձեռքբերման ուղղությամբ, թե ոչ: Չնայած դրան՝ անկասկած ենք համարում, որ Էրդողանն ունի նման ձգտում, որի հիմքում ընկած են թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական (ռազմաքաղաքական) դրդապատճառները։

Ներքաղաքական – Նախևառաջ անհրաժեշտ է կանգ առնել Էրդողանի ելույթի ժամկետի վրա՝ սեպտեմբերի 4։ 1919թ սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ 100 տարի առաջ, Սեբաստիայում կայացել է Մուսթաֆա Քեմալի ու նրա համախոհների համագումարը, որը համարվում է քեմալական շարժման (թուրքական կողմի բնորոշմամբ՝ ազգային-ազատագրական պայքարի) առանցքային պահերից մեկը։ Սեբաստիայի կոնգրեսի արդյունքներով որոշվել է ստեղծել նոր թուրքական պետություն, քննարկվել, հստակեցվել են նաև նրա ապագա սահմանները։ Արդյունքում այդ համագումարը, որը հաստատեց ավելի վաղ անցկացված Էրզրումի (Կարին) համագումարում ընդունված որոշումները, դարձավ դեպի Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնում տանող ճանապարհի կարևոր շրջափուլերից մեկը։  

Էրդողանը, փաստորեն, միջուկային զենքի թեման օրակարգ բերեց հենց այդ օրը՝ այդպիսով որոշակի շեղելով հանրության ուշադրությունը 100-ամյա վաղեմություն ունեցող տվյալ իրադարձությունից (Աթաթուրքի ձեռքբերում)։ Ավելի վաղ մեր հոդվածներում նշել ենք, որ մեր կարծիքով՝ Էրդողանը երեք առանցքային կետերի շուրջ հեռակա կարգով մրցակցության մեջ է Աթաթուրքի հետ՝ ցանկանալով պատմության մեջ թողնել ավելի խորը հետք։ Իր հաշվարկներով՝ Էրդողանը դրանցից առաջինում արդեն «հավասարվել» է Աթաթուրքին, երբ 2016թ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) տապալմամբ «երկիրը փրկել է օկուպացումից» (համարվում է, որ մոտ 1 դար առաջ էլ Աթաթուրքն է «երկիրը փրկել օկուպացումից»)։ Էրդողանին մնացել է լուծել «Նոր Թուրքիայի» (ըստ ամենայնի՝ Թուրքիայի Իսլամական Հանրապետության) հռչակման (քեմալական շարժման հաղթանակից հետո Աթաթուրքը 1923թ հռչակեց ԹՀ-ը) և ԹՀ տարածքային ամբողջականության ընդլայնման (Աթաթուրքի ջանքերով մոտ 80 տարի առաջ ԹՀ տարածքային ամբողջականությունն ընդլայնվեց ի հաշիվ Սիրիայի Ալեքսանդրետի սանջակի, որը վերափոխվեց Հաթայ նահանգի) հարցերը։ Ստացվում է, որ Էրդողանը քայլեր է ձեռնարկում այդ ուղղություններով՝ «Նոր Թուրքիայի» հռչակում և ԹՀ տարածքային ամբողջականության ընդլայնում՝ վերստին ի հաշիվ Սիրիայի տարածքների (առաջին հերթին Եփրատ գետից արևմուտք ընկած տարածքներ)։ 

Մեր կարծիքով՝ Էրդողանի «Նոր Թուրքիան» Աթաթուրքի «Հին Թուրքիայից» կարող է տարբերվել առաջին հերթին միջուկային զենքի առկայությամբ (միգուցե նաև մայրաքաղաքով, որը կարող է տեղափոխվել Ստամբուլ կամ Բուրսա)։ Սա նշանակում է, որ միջուկային զենքը կարող է իսկապես դառնալ Էրդողանի կողմից Աթաթուրքին արդեն գերազանցելու (և ոչ թե հավասարվելու) ծանրակշիռ փաստարկ։ Բնականաբար, միջուկային զենքի առկայությունը կօգնի բարձրացնել Էրդողանի հեղինակությունը Թուրքիայի ներսում, հավելյալ դիվիդենդներ ապահովել հետագայում (միգուցե 2023թ նշանակված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ)։  

Հիշատակության արժանի է 1993թ. քեմալիզմի մասին Էրդողանի արած հայտարարությունը. «1923թ. Թուրքիան հռչակեց հանրապետություն և որպես կրոն ընտրեց քեմալիզմը՝ չճանաչելով այլ կրոններ, այդ թվում նաև՝ իսլամը։ Քեմալիզմն ու նման ռեժիմները տեղ չունեն վաղվա Թուրքիայում։ Չի կարող խոսք լինել այն մասին, որ ապագայում քեմալիզմն իրեն վերստին գեներացնի երկրում։ Թուրքիան 1923-ից մինչև մեր օրերը գտնվել է անկման ժամանակաշրջանում։ Թուրքիայի 70-ամյա պատմությունը (1923-1993թթ.) զուր տեղը ծախսած ժամանակաշրջան է»։ Ընդգծենք, որ Էրդողանն այդ ժամանակ Թուրքիայի նախագահը չէր և ոչ էլ վարչապետը և անգամ Ստամբուլի քաղաքապետը չէր։ 1993թ. Էրդողանը Ստամբուլի նահանգում Refah («Բարօրություն») կուսակցության մասնաճյուղի ղեկավարն էր և կուսակցության կենտրոնական վարչական կոմիտեի (MKYK) անդամը։ 

Արտաքին քաղաքական (ռազմաքաղաքական) – Ակնհայտ է, որ միջուկային զենքի առկայությունը կավելացնի Թուրքիայի կշիռն աշխարհում, Թուրքիան կհամալրի միջուկային երկրների շարքը, արտաքին քաղաքական ոլորտում կունենա շատ ավելի մեծ ինքնուրույնություն (ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու դեպքում), կփորձի էլ ավելի շատ մասնակցել գլոբալ խնդիրների կարգավորմանը (ՄԱԿ ԱԽ մշտական անդամների թվում ընդգրկվելով՝ դրանց թվաքանակի մեծացման դեպքում)։ Միջուկային զենքի առկայությունը կնպաստի Թուրքիան իսլամական աշխարհի առաջնորդի դերում ընկալման մեծացմանը (ներկայումս իսլամական երկրներից միջուկային զենք ունի Պակիստանը)։ Բնականաբար, Թուրքիայի համար անընդունելի կլինի, որ հարևան Իրանն ունենա միջուկային զենք, իսկ ինքը՝ ոչ։ Մյուս կողմից էլ այդ ամենը կարող է հանգեցնել տարածաշրջանում միջուկային մրցավազքի, երբ միջուկային զենքի մշակմամբ կարող են զբաղվել տարածաշրջանի այլ երկրներ ևս՝ օրինակ, Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը։ 

2019թ սեպտեմբերի 24-ին էլ Էրդողանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս հայտարարեց, որ անհրաժեշտ է կա՛մ արգելել միջուկային զենքը, կա՛մ այն հասանելի դարձնել բոլոր երկրների համար «Այսօր մեր առաջ ծառացած են անարդարության խնդիրները… Նրանք, ովքեր միջուկային զենք ունեն, այն օգտագործում են որպես ճնշում, սպառնում են նրանց, ովքեր այն չունեն: Այն պետք է կա՛մ ընդհանրապես արգելել, կա՛մ թույլ տալ բոլորին»

Այս հայտարարությունն անելիս Էրդողանը, բնականաբար, հիանալի հասկանում է, որ այս պահին հնարավոր չէ իր մատնանշած երկու տարբերակներից և ոչ մեկը՝ միջուկային զենքի ամբողջական արգելքը կամ դրա հասանելիությունը բոլորին։ Փաստորեն սրանով նա պարարտ հող է նախապատրաստում ապագայում Թուրքիայի կողմից միջուկային զենք ունենալու համար։ Այստեղ չպետք է թերագնահատել Էրդողանի հմտությունները՝ կապված աշխարհաքաղաքական տարբեր հարցերում երկակի մոտեցումներ հայտնաբերելու և դրանք ի շահ իր երկրի ծառայեցնելու հետ։ Այս համատեքստում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում Էրդողանի ելույթից բացի ներկայացնենք ևս երկու թարմ օրինակ։ ա) 2019թ սեպտեմբերի 26-ին Էրդողանը ՌԴ-ից S-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու կապակցությամբ նկատեց, որ այդ համակարգերից առկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Հունաստանում, Բուլղարիայում ու Սլովակիայում, և հետևաբար ինչո՞ւ դրանք պետք է արգելված լինեն Թուրքիայի համար։ բ) 2019թ հոկտեմբերի 9-ին Սիրիայում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում, «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո Էրդողանը հայտարարեց, որ Սիրիայի երկինքը չի պատկանում ԱՄՆ-ին, և որ ԱՄՆ-ի ռազմական ներկայության հաստատումը չի եղել սիրիական իշխանությունների հրավերով։ 

Այս ամենը վկայում է, որ Էրդողանը կարողանում է Թուրքիայի տարբեր գործողությունների իրավական կողմի համար ապահովել որոշակի դրական խորապատկեր՝ դրանց լեգիտիմություն հաղորդելու համար։ Նույն պատկերն է միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման հարցում։ Եվ, թեև Թուրքիան 1980թ միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրին, իսկ 1996թ իր ստորագրությունն է դրել նաև «Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին» համաձայնագրի տակ, սակայն անհրաժեշտ պահին Թուրքիան կարող է դուրս գալ դրանցից։ Հիմա դիտարկենք, թե միջուկային զենքը որքանով կարող է հասանելի լինել Թուրքիայի համար։

Միջուկային զենքի հասանելիությունը

Թուրքիայի համար միջուկային զենքի հասանելիությանն անդրադառնալուց առաջ հարկ ենք համարում շեշտել միջուկային զենքի մասին Էրդողանի սեպտեմբերյան հայտարարությունների կարևորությունը։ Կարծում ենք, որ դրանք ոչ թե պարզապես դատարկախոսության շարքից են, այլ վկայում են, որ Թուրքիայի նախագահը ներքուստ վստահ է, պատկերացնում է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես է հնարավոր հասնել միջուկային զենք ունենալուն, որ արդեն հող է նախապատրաստում «Միջուկային Թուրքիայի» համար, ստուգում է միջազգային արձագանքները։ Իսկ ինչպե՞ս Թուրքիան կարող է հասնել (սեփական) միջուկային զենք ունենալուն, արդյո՞ք այն հասանելի կլինի Թուրքիայի համար։ Կարծում ենք, որ ներկա դրությամբ Թուրքիան ունի դա անելու միայն մեկ տարբերակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործուն աջակցության դեպքում։ Արդեն նշվել է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցում է ՌԴ-ը, և կան մտավախություններ, որ Թուրքիան արդյունքում կստանա նաև միջուկային զենքի արտադրման տեխնոլոգիաներ։ 

Արդյո՞ ք Վ Պուտինը կգնա նման քայլի։ Մենք դա հնարավոր ենք համարում և ակնկալում ենք նման գործարք՝ «միջուկային զենք՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու դիմաց»։ Այսինքն Էրդողանը միջուկային զենք կստանա, եթե համաձայնվի Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից (ամերիկյան միջուկային ռումբերը նույնպես պետք է դուրս բերվեն Թուրքիայից)։ Հայտնի է, որ Պուտինը շատ է ափսոսում ԽՍՀՄ փլուզման համար, 2005թ անգամ դա որակել է «20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ»՝ չնայած նրան, որ նախորդ դարում գրանցվել է երկու համաշխարհային պատերազմ։ Գաղտնիք չէ, որ Պուտինը խստապես ձգտում է հասցնել պատասխան հարված, սկսել ՆԱՏՕ-ի փլուզման գործընթաց (դա դարձել է «իդեա ֆիքս»), և այդ համատեքստում ամենահարմար թեկնածուն Թուրքիան է։ Մեր նախկին հոդվածներից մեկում նշել ենք, որ վերջին տարիներին Թուրքիան վերածվել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամի, և դա զգալիորեն հեշտացնում է Պուտինի գործը։ Բացի այդ այստեղ չափազանց կարևոր են Էրդողան-Պուտին անձնական հարաբերությունները։ 

Ինչպես 2018թ նոյեմբերին դիպուկ արտահայտվել է թուրք հոդվածագիր Հաքան Աքսայը, «ներկայումս գոյություն չունեն Թուրքիա-ՌԴ հարաբերություններ, փոխարենը գոյություն ունեն Էրդողան-Պուտին հարաբերություններ»։ Փորձագիտական աշխարհում և ընդհանրապես շատերը «Թուրքիա» բառի փոխարեն սկսել են ավելի շատ օգտագործել «Էրդողան» բառը (ասենք, «Թուրքիան ցանկանում է ․․․»-ի փոխարեն «Էրդողանը ցանկանում է ․․․»)։ Նույնը կարելի է ասել Պուտինի և ՌԴ-ի մասով։ Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը։ Առաջին հերթին այն, որ կան իրավիճակներ, երբ չեն համընկնում Թուրքիայի (պետական) և Էրդողանի (անձնական) շահերը։ Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շահերից բխում էր զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնել հենց ԱՄՆ-ից (Patriot), ինչը բացասական հետևանքներ չէր առաջացնի նրա համար։ Մինչդեռ Էրդողանը (ոչ թե Թուրքիան) նախընտրեց գնել ռուսական ԶՀՀ-ներ (Պուտինից), ինչը հանգեցրեց Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ռազմական պատժամիջոցներ (Թուրքիային հեռացրին ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանչի ծրագրից) կիրառելուն, որոնց կարող են հավելվել նաև ամերիկյան տնտեսական պատժամիջոցները։ Իսկ վերջիններիս բացասական հետևանքները Թուրքիայում իրենց վրա կզգան միլիոնավոր, եթե չասենք տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Մեր նախկին հոդվածներում արդեն նշել ենք, որ Էրդողանը S-400 համակարգերը նախընտրեց առաջին հերթին անձնական նկատառումներից ելնելով (հնարավոր նոր ՌՀՓ-ի ժամանակ սեփական իշխանությունը պահպանելու համար)։ 

Ի դեպ, հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ Թուրքիան F-35-ի փոխարեն կարող է ՌԴ-ից գնել Су-57 և/կամ Су-35 կործանիչներ։ Չենք կարծում, թե S-400 համակարգերը գնելուց հետո Էրդողանի համար անակնկալ է եղել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելուց հրաժարվելը և Թուրքիային F-35-ի ծրագրից հեռացնելը։ Ընդհակառակը, չենք բացառում, որ շեշտը դրվել է հենց դրա վրա, որպեսզի արդյունքում ամերիկյան F-35 կործանիչները փոխարինվեն ռուսական Су-57 և/կամ Су-35 կործանիչներով։ Արդեն նշվել է, որ նախկինում ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային տրամադրել F-35-ների ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը։ Կարծում ենք, որ ԱՄՆ-ի այդ քայլն Էրդողանի աչքում բավական արժեզրկել է ամերիկյան այդ ինքնաթիռները, նվազեցրել է դրանց պահանջարկը։ Մինչդեռ կան մտավախություններ, որ ռուսական Су-57 բազմանշանակ կործանիչը հետագայում (ամերիկացի զինվորականների կարծիքով) կարող է վերածվել միջուկային ռմբակոծչի։ Իսկ դա կարող է բավական պետքական լինել Էրդողանի համար։  

Նույն S-400-ների գործարքին կարող ենք մոտենալ նաև հակառակ տեսանկյունից։ Արդյո՞ք իր տարածաշրջանային գլխավոր մրցակիցներից մեկին նման սպառազինությամբ զինելը, ավելին՝ այդ սպառազինության արտադրման տեխնոլոգիաներով կիսվելու պատրաստակամություն հայտնելը բխում է ՌԴ-ի շահերից (համարվում է, որ ռուսներն ու թուրքերը նախկինում 12 անգամ պատերազմել են միմյանց դեմ)։ Մեր կարծիքով՝ ո՛չ, միանշանակ չի բխում նախորդ տարիներին թուրքական կողմը քանիցս օդ է բարձրացրել իր կործանիչները՝ հետևելու Սև ծովում ռուսական հետախուզական ինքնաթիռների թռիչքներին (ի դեպ, Թուրքիան Սև ծովում ամենաերկար ափագիծն ունեցող երկիրն է)։ Չմոռանանք նաև 2015թ նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական SU-24M ռմբակոծչի ոչնչացման դեպքը։ Մինչդեռ S-400-ների գործարքը բխում է Պուտինի շահերից, որն այդպիսով շարունակում է անմիջապես լցնել թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած տարատեսակ վակուումները («վակուումային քաղաքականություն»)՝ այդպիսով նաև սեպ խրելով Թուրքիայի ու ԱՄՆ-ի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի փոխհարաբերություններում։ Բնականաբար, ՌԴ-ի շահերից նաև չի բխում Թուրքիան «տիեզերական ուժի» վերածելը (2018թ ամռանը հաղորդվեց, որ ՌԴ-ը պատրաստ է թուրք տիեզերագնացների նախապատրաստմանը)՝ էլ չխոսած «միջուկային ուժի» վերածելու մասին։ Եվ վերստին այս ամենը բխում է Պուտինի շահերից, ով նման քայլերով ձգտում է Թուրքիան աստիճանաբար հեռացնել Արևմուտքից և արդյունքում հասնել ՆԱՏՕ-ն մասնատելու բաղձալի գործընթացի մեկնարկին։ Հենց դրանով է պայմանավորված՝ ա) Պուտինի ներողամտությունը 2016թ ամռանն Էրդողանի՝ անհասցե/մասնակի ներողության մասին նամակի նկատմամբ («ինքնաթիռային միջադեպ»)։ բ) Պուտինի ներողամտությունը, աչք փակելը և անգամ նպաստելն Էրդողանի տարաբնույթ գործողությունների նկատմամբ (Սիրիայում թուրքական ներխուժումներ, Անկարայում ՌԴ դեսպանի սպանություն՝ դրանց հաջորդած զարգացումներով)։ Ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում Էրդողանը չի խորշում հանդես գալ մաև ՌԴ-ի շահերին հակասող նախաձեռնություններով («Անդրանատոլիական», «Անդրկասպյան» գազատարներ, Իդլիբ և այլն)։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ Պուտինը որոշակիորեն չի մտածում ՌԴ-ի ապագայի մասին։ Չէ՞ որ ժամանակի ընթացքում նա և Էրդողանը հեռանալու են երկու երկրների նախագահների պաշտոններից, մինչդեռ ՌԴ-ն ու Թուրքիան շարունակելու են մնալ որպես տարածաշրջանային մրցակիցներ (նրանք այդպիսին են նաև այսօր), և այդ ժամանակ ՌԴ-ը հարկադրված կլինի գործ ունենալ (միգուցե) արդեն ոչ թե «Հին Թուրքիայի», այլ «Նոր Թուրքիայի» հետ։ Իսկ «Նոր Թուրքիա» ասելով առաջին հերթին նկատի ունենք «Տիեզերական» և «Միջուկային» Թուրքիա։  

Այժմ հարցը քննենք Էրդողանի տեսանկյունից, թե ինչու միջուկային զենք ունենալու պարագայում նա կարող է Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից։ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը բխեցնում է որոշակի սահմանափակումներ, որոնք վերջին շրջանում Էրդողանը սկսել է քայլ առ քայլ շրջանցել՝ գրանցելով նաև հակառեկորդներ, ՆԱՏՕ-ի պատմության մեջ աննախադեպ իրադարձություններ Չինաստանի հետ զորավարժություններ անցկացնելը, Ինջիրլիքի ավիաբազայի կարգավիճակը և այլն (այս ամենը մանրակրկիտ շարադրել ենք «Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ» մեր հոդվածում)։ Վերջին տարիներին Թուրքիան կարողացել է զգալիորեն զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը և հասել է այդ ոլորտում ինքնապահովման 70%-անոց մակարդակի (բնականաբար, դա իրականացվել է նաև Արևմուտքի աջակցությամբ)։ Մենք ականատեսն ենք, որ Էրդողանն այդ ամենին զուգահեռ գնալով սկսում է վարել ավելի կոշտ, ագրեսիվ և ակտիվ արտաքին քաղաքականություն, ինչին որոշակիորեն խոչընդոտում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամ հանդիսանալը (օրինակ՝ 2012թ Թուրքիան հարկարդված եղավ իր տարածքում (Քյուրեջիք) ՆԱՏՕ-ի AN-TPY-2 ռադիոտեղորոշիչ կայանի ստեղծմանը, ինչին դեմ էր հարևան Իրանը, իսկ 2015թ էլ հարկադրված եղավ համաձայնվել ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի տրամադրության տակ դնել Ինջիրլիքի ավիաբազան, ինչից հետո մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալու նկրտումներով Թուրքիան մեղադրեց մուսուլմաններին ռմբակոծելու նպատակով իր տարածքը տրամադրելու մեջ)։ Եվ բնական է, որ Էրդողանը գնալով ձգտում է տարածաշրջանային խնդիրների կարգավորման և ընդհանրապես գլոբալ զարգացումների հարցում գործել ավելի անկախ և համարում է, որ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը կնպաստի դրան։ 

Բայց մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար սպառնալիքների դեպքում «հովանոց» է, որի տակ նա թաքնվում է՝ շահարկելով նրա Կանոնադրության 5-րդ (հավաքական պաշտպանության) հոդվածը (սրա վառ օրինակը ռուս-թուրքական «ինքնաթիռային» միջադեպն է)։ Կարծում ենք, որ եթե Էրդողանին հաջողվի Պուտինի օգնությամբ ձեռք բերել միջուկային զենք, ապա տվյալ դեպքում նա կհամաձայնվի Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցը» փոխարինել սեփական «միջուկային հովանոցով»։ Երբ որ Թուրքիան ունենա միջուկային զենք, ապա նա, ըստ էության, այլևս չի զգա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կարիքը և շատ ավելի վստահ կզգա արտաքին քաղաքական հարցերում։ Ինչպես արդեն նշվել է, միջուկային զենքը շատ կարևոր է նաև Էրդողանի ներքաղաքական հաշվարկներում, որոնք միտված են պատմության մեջ իր նախորդներից շատ ավելի մեծ հետք թողնելուն։ Վերջին շրջանում Էրդողան-Պուտին մերձեցումը շատ են համեմատում մեկ դար առաջ Մուսթաֆա Քեմալ – Վլադիմիր Լենին մերձեցման հետ, որից թուրքական կողմը դուրս եկավ բավական ուժեղացած (ըստ էության, առանց Լենինի օգնության Մ Քեմալը չէր էլ դառնա Աթաթուրք՝ «թուրքերի հայր»), իսկ ռուսական կողմը հայտնվեց ձեռնունայն վիճակում (մեր կարծիքով՝ Լենինի անձնական ու Ռուսաստանի պետական շահերը նույնպես շատ հարցերում չէին համընկնում)։ Այս անգամ էլ պատմությունը կարող է կրկնվել, երբ Էրդողանն ու Պուտինն իրենց հետևից կարող են թողնել «տիեզերական ու միջուկային Թուրքիա», որը ձեռնտու է բացառապես թուրքական կողմին (և ոչ թե ռուսական կողմին)։  

Ամփոփում և Հայաստանի անելիքները

Ամփոփելով վերոհիշյալը՝ վերստին նշենք, որ չենք կարծում, թե միջուկային զենքի մասին Էրդողանի սեպտեմբերյան հայտարությունները լոկ դատարկ կամ ներքին լսարանի համար արված հայտարարություններ են, և որ իրականում Էրդողանը չունի միջուկային զենքի հետ կապված պլաններ։ Վերոնշյալը ցույց է տալիս, որ միջուկային զենքն Էրդողանի համար չափազանց կարևոր է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտներում նրա դիրքերն ամրապնդելու ու շահերն առաջ տանելու տեսանկյունից։ Էրդողանի «Նոր Թուրքիան» Աթաթուրքի «Հին Թուրքիայից» պետք է առաջին հերթին տարբերվի հենց միջուկային զենքի առկայությամբ, և միջուկային զենքն այն ոլորտն է, որտեղ Էրդողանը (ըստ իր հաշվարկների) կկարողանա արդեն գերազանցել Աթաթուրքին։ Բացի այդ Էրդողանը դեռ հակված է կարծել, որ «2016թ ՌՀՓ-ը նախապատրաստել է ԱՄՆ-ը, որ այդ ամենը ծրագրվել է Ինջիրլիքի ավիաբազայում», և հետևաբար Ինջիրլիքից ամերիկացի զինվորականների հեռանալը նույնպես բխում է Էրդողանի անձնական շահերից։ 

Սա նաև ցույց է տալիս, որ բավական իրատեսական ենք համարում «Միջուկային (զենքով) Թուրքիայի» հեռանկարը, քանի որ կարծում ենք, որ Պուտինն Էրդողանին չի մերժի նաև այդ հարցում՝ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու դիմաց։ Կունենա՞ Թուրքիան միջուկային զենք, թե՞ ոչ։ Այս հարցը, ինչպես նաև ընդհանրապես ռուս-թուրքական ռազմական համագործակցության հետագա խորացումը, առաջին հերթին կախված է (լինելու) ԱՄՆ-ի (Արևմուտք) հակազդեցության աստիճանից։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն էլ որոշ դեպքերում հարկադրված է լինում աչք փակել Թուրքիայի մի շարք գործողությունների (օրինակ՝ Թուրքիայի ներխուժումները Սիրիա) վրա, որպեսզի իր հակաքայլերով այդ երկրին է՛լ ավելի չվանի իրենից և չմղի դեպի ռուսական տիրույթ։ Թուրքիան էլ հմտորեն օգտագործում է այս ամենը՝ իր շահերին ծառայեցնելով ԱՄՆ-ՌԴ հակասությունները։ Թուրքիան հասկանում է, որ եթե թիկունքով շրջվի դեպի Արևմուտք և դեմքով թեքվի դեպի ՌԴ, ապա այդ դեպքում կհայտնվի արդեն նրա ազդեցության գոտում, ինչը ձեռնտու չէ նրան։ Եվ բնական է, որ Թուրքիան չի ցանկանում ԱՄՆ-ի «հովանավորչությունը» փոխարինել ՌԴ-ի «հովանավորչությամբ»։ Էրդողանի (Թուրքիայի) համար ցանկալի տարբերակը միջուկային զենք ունենալն է և երկրի ինքնիշխանությունն առավելագույն մակարդակի հասցնելը։ 

Բնականաբար, «Միջուկային զենքով Թուրքիայի» հեռանկարը մեծապես կախված է նաև Թուրքիայում Էրդողանի կառավարման երկարակեցությունից։ Ավելի վաղ նշել էինք, որ ֆորս-մաժորների բացակայության դեպքում Էրդողանը կարող է երկրի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2033թ, այլ կերպ ասած՝ ցմահ։ Իշխանությունից նրա հեռանալը կարող է լրջորեն ազդել Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա։ Նույնը կարող ենք ասել ՌԴ-ում Պուտինի կառավարման երկարակեցության մասով։

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, ապա կարծում ենք, որ Հայաստանը չպետք է նստի ձեռքերը ծալած վիճակում և գործի անցնի միայն այն բանից հետո, ինչ Թուրքիան ձեռք կբերի միջուկային զենք (թեև գործը, բնականաբար, կարող է և չհասնել նրան, որ Թուրքիան ունենա այդպիսի զենք)։ Թուրքիայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու նկրտումները թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն են Հայաստանի համար։ Բնականաբար, եթե Թուրքիան ունենա միջուկային զենք, դա ամենևին չի նշանակի, թե օրերից մի օր այն նետելու է Հայաստանի վրա (թեպետ դա էլ իսպառ բացառել հնարավոր չէ)։ Այստեղ հաշվի ենք առնում այն, որ ցայժմ այդ զենքը կիրառվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հաշվի ենք առնում միջազգային իրադրությունը, արձագանքները, նման քայլի հակամարդկային լինելը, Հայաստանին Թուրքիայի, ինչպես նաև հարևան երկրների աշխարհագրական մոտիկությունը  և այլ բազում գործոններ։ 

Մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշել ենք, միջուկային զենքի առկայությունը զգալիորեն կկոշտացնի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, Թուրքիան արդեն բավական ինքնավստահ կզգա նման հարցերում, ինչը կարող է արտացոլվել նաև Հայաստանի վրա։ Բացի այդ Թուրքիան տեսականորեն կարող է տեխնոլոգիական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որին ՌԴ-ն արդեն առաջարկել է ատոմակայան կառուցել նրա տարածքում։ Այս առումներով Թուրքիայի կողմից միջուկային զենք ունենալը մարտահրավեր է Հայաստանի համար և դրա համարժեքը կլինի միայն Հայաստանի կողմից միջուկային զենք ունենալը (թեև դա առավել քիչ իրատեսական է)։ Մեր առաջնահերթությունների թվում պետք է լինեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ուղեղների արտահոսքի կանխարգելումը, ուղեղային նոր կենտրոնների հիմնումը և առկա կենտրոնների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելը։   

Բայց Հայաստանը պետք է չսպասի նրան, թե երբ Թուրքիայի ձեռքում կհայտնվի նման զենք։ ՀՀ-ը՝ Սփյուռքի հետ համատեղ, պետք է լուրջ աշխատանքներ տանի միջազգային հանրության, գերտերությունների հետ, փորձի համոզել, որ նրանք է՛լ ավելի լրջորեն մոտենան Թուրքիայի միջուկային նկրտումներին, է՛լ ավելի ակնդետ վերահսկեն գործընթացը, թույլ չտան, որ գործը հասնի նրան, որ ցեղասպան անցյալով այդ երկրի ձեռքում հայտնվի նմանօրինակ զենք (Վիկիլիքսյան հրապարակումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն էլ հետևում է միջուկային ոլորտում Թուրքիայի քայլերին)։ Բնականաբար, հայկական կողմը մեծ անելիքներ ունի ԱՄՆ-ի, ինչու ոչ՝ Պուտինյան ՌԴ-ի հետ (թեև այստեղ հաջողության հնարավորությունները քիչ հավանական են)։ Եվ, այնուամենայնիվ, մեր կարծիքով՝ այս հարցում Հայաստանի առաջնային «թիրախը» պետք է լինի Գերմանիան, որի խորհրդարանը 2016թ ամռանն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Բանաձևում հստակ ամրագրված էր Օսմանյան պետության թիվ մեկ դաշնակից Գերմանիայի մեղսակցությունը, պատասխանատվությունը կատարվածում։ Կարծում ենք, որ այս տեսանկյունից սա մեզ համար Ցեղասպանության ամենակարևոր ճանաչումն էր (մինչ այս եղածներից և ընդհանրապես երկրորդը՝ Թուրքիայի հնարավոր ճանաչումից հետո), որն անհրաժեշտ է օգտագործել։ Բանաձևի ընդունումից հետո ՀՀ իշխանություններին կոչ էինք արել քննարկումներ սկսել գերմանական կողմի հետ, որպեսզի Գերմանիան սկսի զբաղվել Հայաստանի անվտանգության ապահովմամբ։ Պետք է հստակ ուղերձ հղենք, որ նաև Կայսերական Գերմանիայի քայլերի պատճառով է, որ հայտնվել ենք այսօրինակ իրավիճակում, և Գերմանիան պետք է փոխհատուցում վճարի, քայլեր ձեռնարկի ՀՀ-ի անվտանգության ապահովման ուղղությամբ (օրինակ, վերջին շրջանում Գերմանիայից փոխհատուցում պահանջելը հայտնվել է Հունաստանի ու Լեհաստանի օրակարգում՝ կապված Ֆաշիստական Գերմանիայի օկուպացիայի հետ)։ 

Մենք տեսել ենք, որ Հոլոքոստի ճանաչումից հետո Գերմանիան մեծապես զբաղվել է Իսրայելի անվտանգության, ինչու ոչ՝ նաև գոյության ապահովմամբ: Ընդ որում՝ դա դրսևորվել է տարբեր կերպ՝ զենքեր մատակարարելով (այդ թվում նաև՝ գաղտնի), Իսրայելում Patriot ԶՀՀ-ների տեղակայմամբ (Պարսից Ծոցի առաջին պատերազմի ժամանակ Իրաքից հրթիռային հարվածներից պաշտպանելու համար), որոշակի տվյալներով` նաև Իսրայելի միջուկային ծրագիրը մեծապես ֆինանսավորելու համար (թերևս քչերն են կասկածում, որ Իսրայելն ունի միջուկային զենք): Ընդ որում՝ Գերմանիայի այս քաղաքականության շարունակմանը մենք ականատես ենք լինում նաև մեր օրերին, երբ Գերմանիան Իսրայելին վաճառեց «Դելֆին» դասի սուզանավերը, որոնք ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ (գումարի 1/3-ը վճարում է Գերմանիայի կառավարությունը): Դա Իսրայելին հնարավորություն է տալիս կիրառել միջուկային զենք, եթե ոչնչացվի երկրի ավիացիոն ու հրթիռային բազան «երկրորդ հարվածի» այդ զենքը հակառակորդին զրկում է հանկարծակի կործանարար ռմբակոծությունների շնորհիվ Իսրայելի դեմ պատերազմը շահելու հնարավորությունից:

Ելնելով այս նախադեպից՝ Գերմանիան (Բունդեսթագի բանաձևի ընդունումից հետո) պետք է զբաղվի նաև Հայաստանի անվտանգության ապահովմամբ, պաշտպանունակության մեծացմամբ, թեև, բնականաբար, ոչ այնչափ, որչափ Իսրայելի պարագայում է, քանի որ այս դեպքում ցեղասպան երկիրը նա չէ, բայցևայնպես: Գերմանիայի կողմից ՀՀ-ի պարագայում տվյալ հարցերով զբաղվելը կարող է դրսևորվել նույն տեսքով՝ զենքերի մատակարարմամբ, ֆինանսավորման հատկացմամբ: Նման պահանջներով սկզբնական փուլում կարող է հանդես գալ Հայկական սփյուռքը՝ համապատասխան հիմք ստեղծելու ու կարծիքները շոշափելու համար, ապա «խաղի» մեջ կմտնի ՀՀ-ը: Այստեղ ուշագրավ է մեկ դրվագ: Մենք գիտենք, որ Գերմանիան խուսափել և խուսափում է հակամարտությունների գոտի զենք ուղարկելուց, և դա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ ՀՀ-ին զենքով օգնելու համար: Հարցի լուծումը վերստին առկա է Իսրայելի նախադեպում. երբ 1960-ականներին գերմանական մամուլում լուրեր սպրդեցին, որ Գերմանիան սպառազինություն է մատակարարում Իսրայելին և մեծ աղմուկ բարձրացավ, Գերմանիայում որոշեցին խզել պայմանագիրն այն հիմնավորմամբ, որ Գերմանիան չպետք է զենք մատակարարի տարածաշրջանային հակամարտությունների գոտի: Հարցը լուծվեց այն բանից հետո, երբ Իսրայելը (Պաշտպանության փոխնախարար Շիմոն Պերես) դրան առարկեց նրանով, որ «գերմանացիները պետք է վերականգնեն պատմական անարդարությունը, որը նրանք գործել են հրեա ժողովրդի հանդեպ, և ոչ թե փորձեն սեփական միջազգային դիրքն ամրապնդել իրենց հաշվին, որ տանկերի, ինքնագնաց հրետանու ու սուզանավերի մատակարարման մասին համաձայնագիրը կենսական կարևորություն ունի Իսրայելի համար, և որ Գերմանիան Իսրայելին չպետք է դիտարկի միայն որպես տարածաշրջանային հակամարտության մասնակից, քանի որ երկրին մշտական ոչնչացման վտանգ է սպառնում եգիպտական բռնապետական ռեժիմի կողմից»: 

Այս ամենը վկայում է, որ մենք էլ կարող ենք Գերմանիայի առջև հարցը բարձրացնել նման տեսանկյունից` հիշեցնելով Ադրբեջանի նախագահի կողմից ոչ միայն Արցախի Հանրապետությանը (ԱՀ), այլև ՀՀ-ին ուղղված սպառնալիքների (այդ թվում նաև Երևանի մասով), Թուրքիայի իշխանությունների կողմից այդ հայտարարություններին աջակցություն հայտնելու, Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայության մեծացման մասին (Թուրքիայի զինված ուժերի 26-րդ (2008-2010թթ.) Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը վերջերս խոստովանեց, որ իր ամենամեծ երազանքը եղել է Թուրքիայի ու Ադրբեջանի միավորումը, և, հազիվ թե, նա նկատի ուներ դա Իրանի կամ Վրաստանի տարածքներով անելը): Թուրք-ադրբեջանական տանդեմի այդ հայտարարություններն ու գործողություններն ի ցույց են դնում, որ իրականում ՀՀ-ն ու ԱՀ-ն գոյապայքարի մեջ են, և որ Գերմանիան հարցին պետք է նայի հենց այդ տեսանկյունից։ Թուրքիայի միջուկային նկրտումներն այդ առումով կարող են հնարավորություն լինել ՀՀ-ի համար, որպեսզի նա կարողանա Արևմուտքում (ԱՄՆ, Գերմանիա) առաջ տանել իր անվտանգության ապահովման մեծացման հարցը։ Եվ, վերջապես, Թուրքիայի միջուկային հավակնությունները պետք է նոր խթան ծառայեն «ՀՀ-ԱՀ-Սփյուռք» եռանկյան առավել համախմբման և ջանքերն ընդհանուր մեկ՝ առանցքային նպատակի ուղղելու համար։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter