
Կ. Փոլադյան․ «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ունենք դատավոր, որի վարույթում կա 134 քրեական գործ»
2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձ եղավ նաև դատավորների թվի ոչ բավարար լինելուն և դատարանների ծանրաբեռնվածությանը: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ տասը դատավոր ավելացնելու բյուջետային հայտը մերժել է Ֆինանսների նախարարությունը:
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ունենք դատավոր, որի վարույթում կա 134 քրեական գործ, այն դեպքում, երբ մի դատարան ամբողջ տարվա ընթացքում այդքան գործ չի ստանում. սա խայտառակ իրավիճակ է»,- ասաց Փոլադյանը:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե որն է մերժման պատճառը: Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրների շարքում ամենաքիչ դատավորներ ունեցող պետությունն է:
«Բոլորը բողոքում են, որ դատական գործերը երկար են քննվում, հաստիքների խնդիր կա, արդեն Վարչական դատարանում 2021 թվականին են նիստեր նշանակվում, որն է մերժման տրամաբանությունը»,-ասաց Վարդանյանը` դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Ֆինանսների նախարարն արձագանքեց, որ օրենքով նախատեսված թվի մասին է խոսքը, և ենթադրվում է, որ օրենքով էլ պետք է վերանայվի հաստիքացուցակը, ապա նոր բյուջեում ներկայացվի: Ջանջուղազյանի խոսքով` այժմ բյուջեում արտացոլված է 244 դատավորի հաստիքացուցակ, եթե այն ավելացվի, փոփոխություններն էլ արտացոլված կլինեն բյուջեի նախագծում:
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց, որ պատրաստ է համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, եթե դրա կարիքը կա:
Կարեն Փոլադյանն ասաց, որ Դատական օրենսգիրքը սահմանում է դատավորների քանակը, Բարձրագույն դատական խորհուրդն ունի լիազորություն՝ քանակի ավելացման վերաբերյալ առաջարկով հանդես գալու։
Մեկնաբանել