Արտգործնախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին
Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Նախարար Մնացականյանը նշեց, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի և համաժողովի թեմայի՝ «Հաշտեցնել մարդկությանը և մոլորակին. հեռանկարներ ֆրանկոֆոն տարածքում ՖՄԿ 50-ամյակի նախօրեին» խորհրդին՝ ընդգծելով վերջինիս արդիականությունը ֆրանկոֆոն ընտանիքի համար:
Երկուստեք կարևորվեց ՖՄԿ-ի՝ որպես կառույցի դերի և կշռի ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը «Ապրել միասին»-ի հիմքում ընկած խաղաղության, համերաշխության, երկխոսության մշակույթի, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին և պատրաստակամությունը՝ հետևողականորեն շարունակելու իր ավանդն ունենալ Կազմակերպության արդիականացմանն ու դրա միջազգային դերի առավել ամրապնդմանն ուղղված գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների կողմից գործադրվող ջանքերին:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր փոխանակեցին նաև ՖՄԿ-ի հիսունամյա հոբելյանի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, ինչպես նաև քննարկեցին միջազգային հարթակներում իրականացվելիք գործողություններն՝ ուղղված բիզնեսի, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցությանը։
Որպես կազմակերպության առաջնահերթություն ընդգծվեց նաև երիտասարդության առավել լայն ներգրավվածությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների խթանումը, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել