
Երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ
«Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ մամուլի հրապարակման կապակցությամբ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:
Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ախտորոշումը հաստատվել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:
Ինչպես ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրությունում, այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:
Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, ապա դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:
Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Մեկնաբանել