Վարչապետն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԳԿ) նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը Հայաստան ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը:
«Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի սկզբունքները լիովին համահունչ են մեր կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Հետաքրքրված ենք շարունակելու մեր արդյունավետ գործընկերությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հաղորդագրության համաձայնՍանջեյ Փրադանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ԲԿԳ-ում և նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպման արդյունքներից և ընդգծել, որ Հայաստանն օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչը լավ հիմք է գործողությունների հաջորդ ծրագրում հանձնառությունների շրջանակի ընդլայնման համար: Անդրադառնալով հետագա համատեղ անելիքներին՝ Սանջեյ Փրադանն առաջարկություններ է ներկայացրել կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը միտված բարեփոխումների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դատական, հակակոռուպցիոն, տնտեսական բարեփոխումների, գնումների թափանցիկության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խթանելու գործընթացում:
Հանդիպմանը մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում քննարկումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կատարել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի շրջանակում ստանձնած հանձնառությունները, և ձևավորվել է ԲԿԳ-Հայաստան արդյունավետ համագործակցություն, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրում իրականացվող բարեփոխումների համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԿԳ-Հայաստան գործողությունների հաջորդ ծրագրի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել