HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում ավարտական վկայականներ է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին։ Այս մասին հաղորդում է ՀՀկ մամուլի ծառայությունը։

Շուրջ 60 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում ունկնդրել են 40-ից ավելի բանախոսություններ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաեւ հմտությունների զարգացման թեմաներով։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, վկայականները հանձնելուց հետո Սերժ Սարգսյանը  շնորհավորել է շրջանավարտներին՝ քաղաքական դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ. «Վստահ եմ, որ դուք այստեղ ձեռք բերած ձեր գիտելիքները տարբեր կուսակցություններում, ինչո՞ւ ոչ՝ նաև հասարակական կազմակերպություններում կօգտագործեք  ի բարօրություն մեր երկրի:

Հայաստանը միշտ էլ, հիմա առավել ևս, կարիք ունի խելացի, մասնագիտական լավ ունակություններ ունեցող, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնող և որ ամենակարևորն է՝ իր հայրենիքն անսահման սիրող մարդկանց: Մեր հայրենիքի առջև այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել, և ես վստահ եմ, որ դուք անկեղծորեն կլծվեք այդ խնդիրների լուծման գործին: Հավատացեք, որ այդ խնդիրների լուծումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուրն իր ոլորտում, իրեն վստահված բնագավառում կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Սա է կարևորը»,- միջոցառման բացման խոսքում ասել է Սերժ Սարգսյանը։

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հինգերորդ հոսքի ընունելության մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Միջոցառման ավարտին շրջանավարտներից մեկի հարցին, թե չի՞ վախենում որ մի օր էլ իրեն կձերբակալեն Սերժ Սարգսյանը պատասխանել է․

«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ `վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը,  ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝  մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:  

Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում.  վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան  չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական  հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է»,- ասել է  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter